Ավարտվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Բրյուսել


Ավարտվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Բրյուսել

  • 13-11-2010 15:40:21   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեկ` ուշ երեկոյան, ավարտվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության մեկօրյա աշխատանքային այցը Բրյուսել: Կառավարության ղեկավարը անձնական հանդիպում ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխայի հետ: Վարչապետի հաջորդ հանդիպումը Եվրոպական Միության Հանձնաժողովում էր, որտեղ Տիգրան Սարգսյանը հանդիպեց Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ: Հանդիպման օրակարգում Հայաստան- ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին: Կառավարության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկա վիճակն ու համակողմանիորեն անդրադարձավ մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Նշվեց, որ առկա համագործակցությունը դրված է ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա եւ ներառում է բոլոր առաջնահերթ ոլորտները, որտեղ կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ: Այդ համատեքստում կարեւորվեց ԵՄ օժանդակությունը, որ հնարավորություններ է ստեղծում բարեփոխումների իրականացման ու մասնավորապես կարողությունների ամրապնդման համար: Զրուցակիցներն անդրադարձան ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կարեւորությանը եւ ներկայացրեցին բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումները: Երկուստեք շեշտվեց Հայաստանում ընթացող բարեփոխումներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին վարչապետը Կարել դե Գուխտին փոխանցեց Հայաստան այցելելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Ըստ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, այնուհետեւ Տիգրան Սարգսյանն իր կեցավայրում ընդունեց Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման օրակարգում մեր երկրում առկա ներդրումային հնարավորություններն էին ու ՀՀ կառավարության ոլորտին ուղղված աջակցության հարցը, որը վերաբերում է հումքային խնդիրների երկարաժամկետ ու կայուն կանոններով լուծմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հարաբերություններն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ: Վարչապետ Սարգսյանն աշխատանքային այցի ավարտին եղավ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գրասենյակում, ծանոթացավ կառույցի գործունեությանը, ինչպես նաեւ մասնակցեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված քննարկմանը, որին ներկա էին Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Բելգիայի Թագավորությունում հավատարմագրված մի շարք պետությունների եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play