Եղեգնաձորի երիտասարդ հեղինակ-կատարողներն ամենամսյա համերգներով հանդես կգան մայրաքաղաքում (տեսանյութ)
16-03-2016 15:16:06 | Հայաստան | Մշակույթ
Երևանի և մարզերի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով Եղեգնաձոր քաղաքի երիտասարդ հեղինակ-կատարողները ձեռնամուխ են եղել մայրաքաղաքում ամենամսյա հեղինակային երգերի երեկոների կազմակերպմանը: Ինչպես մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հեղինակ կատարող Արման Վարդանյանը, իրենց առաջին համերգը տեղի է ունենալու մարտի 17-ին Մամուլի շենքում, որի ընթացքում հնչելու են հեղինակային երգեր` ֆլեյտայի, ջութակի, կիթառի նկագակցությամբ:
Ըստ նրա, երիտասարդները նպատակ ունեն վերականգնել Վայոց Ձորի հին ավանդույթներից մեկը, երբ 1980-1990-ական թվականներին Եղեգնաձորում պարբերաբար կազմակերպվում էին հեղինակային երգի համահայկական փառատոններ:
«2012 թվականից մենք փորձեցինք վերականգել այդ ավանդույթը. համախմբելով բոլոր հեղինակ կատարողներին` սկսեցինք համերգներ տալ Եղեգնաձորում, այնուհետև Տավուշի, Սյունիքի մարզերում, Արցախում և այսօր արդեն որոշել ենք այս ամենը տեղափոխել Երևան` կամուրջ ստեղծելով մարզերի երիտասարդների և երևաբնակների միջև»,- ընդգծեց Ա. Վարդանյանը:
Նրա տեղեկացմամբ, նախկինում երիտասարդներն իրենց միջոցներով բարեգործական համերգներ են կազմակերպել մի շարք զորամասերում:
Կիթառահար, հեղինակ կատարող Արսեն Սարդարյանի փոխանցմամբ, ծրագրի միջոցով իրենք փորձում են հին ավանդույթը վերականգնելով հեղինակային երգերին նոր շունչ հաղորդել. «Մենք փորձում ենք հեղինակային երգերն ավելի մասսայականացնել և այս ամենում շատ երիտասարդների ներգրավել»:
Ասուլիսի վերջում հեղինակ կատարողներ Արթուր Մարտիրոսյանը, Արման Վարդանյանը և Արսեն Սարդարյանը ներկայացրեցին իրենց երգերից մի քանիսը:
Տեղեկացնենք, որ հեղինակային երգերի երեկոյին մասնակցել ցանկացողներն հրավիրատոմս ստանալու համար կարող են զանգահարել 077-02-38-38 հեռախոսահամարով: