Հայաստանի փոխվարչապետն այցելել է Արագածոտնի մարզ<br />


Հայաստանի փոխվարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

  • 19-10-2010 17:52:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԱՇՏԱՐԱԿ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Արագածոտնի մարզ: Մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզի ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետին ներկայացվել է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը. մասնավորապես նշվել է, որ բնականոն են ընթանում խաղողի մթերման, աշնանացանի կազմակերպման աշխատանքները: Մարզում այս տարի խաղողի ընդհանուր բերքը կազմել է 2980 տոննա` նախորդ տարվա 2300 տոննայի համեմատ: Մթերման ենթակա բերքից արդեն մթերվել է 1030 տոննան: Ներկայացվել են նաեւ տվյալներ մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալների վերաբերյալ: Նշվել է, որ 2009թ. համեմատ այս տարի 0,7 տոկոս անկում է արձանագրվել անասնաբուծության, 5,6 տոկոս` բուսաբուծության ոլորտում, որի պատճառը հիմնականում բնակլիմայական անբարենպաստ պայմաններն էին: Ընթացիկ տարվա ինն ամիսների կտրվածքով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների համաձայն մարզում արձանագրվել է հողի հարկի հավաքագրման տեմպերի նվազում: Նույնպիսի միտումներ են գրանցվել նաեւ պետական եւ տեղական տուրքերի հավաքագրման մասով: Փոխվարչապետը հանձնարարել է մարզպետին միջոցներ ձեռնարկել ցուցանիշները բարելավելու, հավաքագրման պատշաճ մակարդակ ապահովելու, ինչպես նաեւ նվազման պատճառները բացահայտելու ուղղությամբ: Ա.Գեւորգյանը մարզպետին հանձնարարել է նաեւ համապատասխան աշխատանքներ իրականացնել համայնքների ղեկավարների հետ` մինչեւ տարեվերջ 2011թ.-ի բյուջեների նախագծերը ձեւավորելու ուղղությամբ եւ պահանջել, որպեսզի կազմվեն իրատեսական բյուջեներ: Փոխվարչապետը կարեւորել է ոռոգման վարձավճարների հավաքագրման գործընթացին տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը: Անդրադարձ է եղել նաեւ համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների վերապատրաստման գործընթացին: Ա.Գեւորգյանը հանձնարարել է տեղերում աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի բոլոր հայտ ներկայացրածները պարտադիր մասնակցեն դասընթացներին, եւ բացակայությունները բացառվեն: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրության, քննարկվել են նաեւ մարզում կապիտալ շինարարության, «ՀՄՀ- Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրով մի քանի համայնքներում իրականացվող երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքների ընթացքը, մի շարք այլ հարցեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play