Համո Սահյանի ծննդավայր են այցելել մի խումբ մտավորականներ


Համո Սահյանի ծննդավայր են այցելել մի խումբ մտավորականներ

  • 14-04-2016 17:00:54   | Սյունիքի մարզ  |  Մշակույթ

 Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Լոր գյուղում:
     Յուրօրինակ ավանդույթ է դարձել՝ Համո Սահյանի ծննդյան տարեդարձը նշել իր ծննդավայրում: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ բանաստեղծի ծննդյան 102-րդ տարեդարձի առիթով, մի խումբ մտավորականներ այցելել են նրա ծննդավայր, որտեղ գտնվում է Հ. Սահյանի տուն-թանգարանը:
 
     Սյունիքի մարզի Լոր գյուղ են ժամանել արվեստի և մշակույթի մի շարք գործիչներ, բանաստեղծի ընկերներն ու հարազատները, որոնց թվում են՝ Ռազմիկ Դավոյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Գուժ Մանուկյանը, Սասուն Պասկևիչյանը, Դավիթ Գասպարյանը, Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Պապիկյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներ և այլք: Միջոցառմանը մասնակցել են բանաստեղծի համագյուղացիները: Հյուրերին ողջունել է համայնքի ղեկավարը, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, իսկ Համո Սահյանի ծննդավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու «Միրհավ» գրական ակումբի սաներն ընթերցել են պոետի երկերը:
     Նշենք նաև, որ դեռևս 2014 թվականին, ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Հ. Սահյանի տուն-թանգարանը, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունն իրա¬կանացրել է ցուցանմուշների մանրակրկիտ հավաքագրման, ցուցադրության ձևավորման գիտական հայեցակարգի կազմման և ցուցադրության կազմակերպման աշխատանքներ: Տուն-թանգարանի ցուցադրության ձևավորման համար թանգարանային առարկաներն ընտրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից: Ցուցադրությունն համալրվել է նաև Հ. Սահյանին պատկանող անձնական իրերով և փաստաթղթերով, որոնք թանգարանին է նվիրաբերել բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը:
     Պատրաստ է նաև պոետի կիսանդրին, որի հեղինակն է Գետիկ Բաղդասարյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play