Տեղեկատվական պատերազմը՝ օտար տեղեկատվական տարածքում


Տեղեկատվական պատերազմը՝ օտար տեղեկատվական տարածքում

  • 03-05-2016 05:28:27   |   |  Վերլուծություն

Ոչ թե պատահական, այլ համակարգային մուտքն օտար տեղեկատվական տարածք միշտ կոնկրետ կիրառական նպատակներ է ենթադրում։ Դրանք կարող են լինել քաղաքական, տնտեսական կամ ռազմական, բայց կլինեն միշտ, քանի որ «օտարի» մուտքը միշտ դիմադրության կհանդիպի։ Օրինակ, Ճապոնիայի փափուկ ուժն ուղղվում է այն երկրների դեմ, որոնցում ծրագրվում է զարգացնել ճապոնական բիզնեսը, ցանկացած պատերազմ պահանջում է թուլացնել հակառակորդի բարոյականությունը, մի երկրի քաղաքականությունը կարող է ուղղվել իրեն հարկավոր քաղաքական ուժերին աջակցությանը մյուս երկրում։

Տեղեկատվական պատերազմն իր առավելագույն դրսևորմամբ ներգործության օբյեկտին ճգնաժամի մեջ մտցնելու գործիքանի է նշանակում։ Համակարգն արհեստականորեն սկսում է խափանվել, օրինակ, ի հաշիվ մասնակիցների տեղեկատվական կշռի վերաբաշխման, երբ «դիսիդենտներն» են սկսում ստանալ լսարանի ավելի մեծ ուշադրությունը, քան «մեյնսթրիմը»։ Դրանով իսկ ավելի է կարևորվում նրանց կարգավիճակը տեղեկատվական, իսկ հետո՝ նաև վիրտուալ տարածքում, ինչը հետագայում բերում է իր առավելությունները նաև ֆիզիկական տարածքում։ Այսինքն՝ նշանակալիությունը տարածքներից մեկում փոխանցվում է մյուս տարածք։ Ընդ որում՝ նշանակալիությունն աճում է իշխանության կողմից ավելի պակաս վերահսկվող տարածքում և փոխանցվում է այն տարածքը, որն ավելի վերահսկելի է հանդիսանում։

Սովորաբար, իրականացվում է անցման հակառակ տեսակը. ֆիզիկական տարածքից տեղեկատվականի։ Թագավորը կամ նախագահը, որոնք նշանակալի են ֆիզիկական աշխարհում իրենց բարձր վիրտուալ արժեքի պատճառով, կարծես թե ավելի շատ են խոսում, քանի որ նրանց ավելի շատ են ներկայացնում և ավելի շատ են ցիտում։

Ջ.Շարփը կիրառում էր իշխանության ապալեգիտիմացման գաղափարը, որն ընկած է գունավոր հեղափոխության մեխանիզմների հիմքում։ Ապալեգիտիմացումն ունի շատ հստակ տեղեկատվական բաղադրիչներ։ Իշխանությունը քննադատվում է, առաջարկվում են այլընտրանքային լուծումներ, որոնք իշխանությունը չի ուզում ընդունել։ Տեղեկատվական առումով (լսարանի ուշադրության մակարդակում) իշխանությունը գլորվում է դեպի եզր։ Այն իրավացի չէ սոցիումի տեսակետից, իրավացի են նրանք, ովքեր գտնվում են նրա հանդեպ ընդդիմությունում։

Ընդ որում՝ հետաքրքիր է, որ Շարփն ընդգծում էր իր մոտեցման ռուսական արմատները. «Ասել, թե ոչ բռնի պայքարն ամերիկյան արտադրանք է, որը ներմուծվել է այլ երկրներ, Շարփի կարծիքով, պարզապես ճիշտ չէ։ «Իսկ ռուսների համար դա պարզապես հայրենասիրական չէ,- ասում է քաղաքագետը։- Ոչ բռնի դիմադրության մեծ պատմությունը Ռուսաստանում՝ ընդդեմ ցարիզմի և ստալինիզմի, շատ տպավորիչ է։ Ես շատ բան եմ սովորել ռուսներից»։ Օքսֆորդում Շարփն ուսումնասիրել է Փետրվարյան հեղափոխությունը, ինչպես նաև Գանդիի աշխատությունները, որոնցում նա հղում է կատարում «բռնապետության դեմ պայքարի ռուսական մեթոդներին»։ «Եթե ռուսները հրաժարվում են իրենց պատմությունից և ասում, թե [ոչ բռնի պայքարը] ամերիկյան մեթոդ է, դա շատ վատ է»,- ասում է պատմաբանը» [1]։

Տեղեկատվական ներխուժման դեմ հնարավոր պաշտպանական հակազդեցություն կարող է դառնալ նրա փակության այս կամ այն տարբերակը։ Տոտալիտար պետությունն իր զինանոցում ուներ պաշտպանության ոչ միայն տեղեկատվական, այլ նաև ֆիզիկական հնարավորություններ (գրաքննություն, լռեցում և այլն)։ Ոչ տոտալիտար պետությունները, բաց լինելով օտար տեղեկատվության առջև, իրենց պաշտպանությունում հենվում են աշխարհի՝ իրենց քաղաքացիների համար հրապուրիչ սեփական մոդելն ստեղծելու վրա։ Այս դեպքում աշխարհի իրենց մոդելին հակասող տեղեկությունները մերժվում են հենց քաղաքացիների կողմից։

Սա փափուկ ուժի կազմակերպման տարբերակ է՝ ուղղված ոչ այնքան դեպի դուրս, որքան դեպի սեփական երկրի ներսը։ Երկիրը ստեղծում է սեփական ռազմավարական կոնտենտ/նարատիվ, որը, մտցված լինելով զանգվածային գիտակցության մեջ, արդեն դժվար է տրվում փոխակերպման։ Ջ.Լակոֆն այս առիթով խոսում է ֆրեյմերի (շրջանակների) մասին, որոնք անհնար է քանդել, դրանց դեմ պայքարի միակ հնարավորությունը դառնում է հնի կողքին նոր ֆրեյմ կառուցելը [2, 3]։

Կարելի է արհեստականորեն ստեղծել բաց հասարակությունում փակության տարածքներ՝ տեղեկատվության բոլոր հնարավոր խողովակները «հանձնելով» բացառապես իշխանական տեսակետին։ Երբ չկան իրադարձությունների այլ մեկնաբանություններ, քանի որ դրանք հնարավոր են միայն տեղեկատվության մարգինալ աղբյուրներում, մենք ստանում ենք քվազի-փակության մոդել, որն իշխանության համար դյուրինացնում է սոցիումի կառավարումը։ Գերիշխող ալիքների մարդիկ, գաղափարները, մեկնաբանություններն սկսում են հաղթել՝ միշտ գտնվելով առաջատար դիրքերում։

Տեղեկատվական պատերազմը կարող է պարզապես մեկնաբանական պատերազմ չլինել, եթե ուղղված է աշխարհի մոդելի փոփոխությանը։ Հեղափոխությունները միշտ փոխում են աշխարհի մոդելը՝ կոչ անելով, օրինակ, վերաբաժանել սեփականությունը. «ֆաբրիկաները՝ բանվորներին, հողը՝ գյուղացիներին»։ Աշխարհի նոր մոդելը հենվում է այն բանի վրա, որպեսզի փոփոխվի այն, ինչն ստեղծել է վիրավորվածություն, վիշտ զանգվածային գիտակցության մեջ։

Գ.Բեյթսոնը, որը ժամանակին ներկայացրել է կիբեռնետիկայի հումանիտար արմատները, գրում էր, որ Վերսալը 20-րդ դարի գլխավոր իրադարձությունն է [4]։ Այն ժամանակ գերմանացիների վիրավորվածությունն Առաջին համաշխարհային պատերազմից հետո խաղաղության անարդարացի պայմաններից նախադրյալներ ստեղծեց Երկրորդ համաշխարհային պատերազմի համար։ Վերսալը, նրա կարծիքով, հանգեցրեց նաև գերմանական քաղաքականության բարոյազրկմանը, որտեղից էլ փոխանցվեց ամբողջ աշխարհին։ Նա, ըստ էության, համարում էր, որ ոչ միայն մարդիկ, այլև կաթնասուններն առհասարակ արձագանքում են ոչ թե կոնկրետ դրվագներին, այլ այն հարաբերությունների մոդելներին, որոնցում հատկապես հիվանդագին են ընկալվում փոփոխությունները, օրինակ՝ անցումը վստահությունից անվստահության և այլն։

Բեյթսոնը կարծում էր, որ պատմության մեջ պետք է որոնել նախկին վիրավորվածությունների նման կետերն այն նպատակով, որպեսզի տեսնենք, թե ինչպիսին կլինի ապագան։ Հասկանալի է, որ կոնկրետ սոցիալական համակարգի կործանման մոդելը հենվելու է զանգվածային գիտակցության մեջ ամրագրված «վիրավորվածությունների» արդեն գոյություն ունեցող տեսակների վրա, կամ էլ իրավիճակներն այնպես կվերամեկնաբանվեն, որպեսզի չգիտակցվող «վիրավորվածությունները» դառնան ավելի ակնհայտ։ Եվ հենց դա էլ բովանդակություն կհաղորդի տեղեկատվական գործողությանը։

Ի դեպ, տեղեկատվական գործողության մեջ մենք պետք է հստակ տեսնենք այն լսարանը, որի վրա ներգործությունը կհանգեցնի բնակչության էլ ավելի լայն ընդգրկման հասնելուն՝ եթե կա նման խնդիր, այն աղբյուրը, որը վստահություն կվայելի, այն բովանդակությունը, որն ուզում է լսել լսարանն այդ աղբյուրից։ Օրինակ, պտտվող լուրերն արտացոլում են այդպիսի մոդելը՝ «ինքնաստեղծ» հաղորդակցություններ հանդիսանալով։

Պտտվող լուրերն անցյալ աշխարհի (որ իր էությամբ լսողական էր) տարրեր են հանդիսանում։ Մ.Մաքլյուենը փաստում է, որ այսօր տեսողական աշխարհից վերադարձ է կատարվել լսողականի [5]։ Քանի որ լուրերն ավելի քիչ են ենթակա իշխանությանը, դրանք միշտ ակտիվորեն օգտագործվում են տեղեկատվական/հոգեբանական պատերազմում, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում։ Յու.Անդրոպովի մասին, օրինակ, ասում են, թե նա լուրերն օգտագործում էր ընդդեմ իր մրցակիցների (Ռոմանովի և Գրիշինի)՝ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու գործում [6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացիները և գերմանացիներն ակտիվորեն օգտագործում էին պտտվող լուրերը միմյանց դեմ։

Ինտերնետը ցայտուն ի ցույց է դնում այդ գործոնը, որը կարելի է նշել որպես զանգվածների խոսողություն, երբ ավելի դյուրին է ստացվում խոսողությունը ոչ թե եզակիների (միավորների) համար, ինչպես տպագիր տեղեկատվական հոսքերի պարագայում է, այլ շատերի համար։

Պ.Պեպերշտեյնը մոտավորապես այսպիսի մոդելով է տեսնում Ինտերնետի դերը [7]. «Ինտերնետն ընդհանուր առմամբ վատ է ազդում արվեստի վրա. այն սպանում է հայեցողական պահը, թաքցնում է ճշմարտությունը, որն արվեստի համար շատ կարևոր է. որ ոչինչ փոխել չի կարելի, որ կարելի է միայն դիտել։ Իսկ իբր ինտերակտիվության պահը շատ թունավոր է գիտակցության համար։ Հիմա այն պատրանքն է սերմանվում, թե մարդն իբր ամեն ինչին մասնակցում է, բայց դա պարզապես ստրկացման այդպիսի ձև է, ընդ որում՝ ամենաարմատական ձևը. քանի դեռ մարդիկ պարզապես հետևում են տեղի ունեցողին, նրանք ընդամենը մնում են թեկուզ ամենաանգութ պրոպագանդայի հասցեատերը, իսկ հիմա նրանք դառնում են նրա խոսափողը։ Հայեցողական պահը, որը պարտադիր կերպով բնորոշ է արվեստին, միշտ ազատություն է պարունակում»։ Ի դեպ, գունավոր հեղափոխությունները ժամանակի առումով համընկնում են Ինտերնետի զարգացմանը։

Այսօր Ինտերնետն ընկալվում է նաև որպես այնպիսի միջոց, որի օգնությամբ մարդկությունն էվոլյուցիա է ապրում կոլեկտիվ փեթակում [8]։ Սա արդեն կարող է դիտարկվել անգամ ոչ թե որպես երկկողմանի, այլ որպես բազմակողմանի գործընթաց։ Եթե հաջողվում է գործի դնել նման գործընթացը, ապա դրա արդյունավետությունը գերազանցում է մինչ այդ գոյություն ունեցող բոլոր պրոպագանդիստական քարոզչությունները։ Նման երևույթի վերջին մասշտաբային օրինակն «արաբական գարունն» էր՝ Թվիթերի ակտիվ օգտագործմամբ։

Տեղեկատվական գործողությունների շրջանակներում կարող են առանձնացվել ամենատարբեր նպատակներ, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կերպ։ Տեղեկատվական գործողությունները կարող են ուղղված լինել.

ա. զանգվածային կամ անհատական գիտակցությանը մարտավարական ասպեկտով, երբ լուծվում են մոտակա պլանի խնդիրները,

բ. զանգվածային գիտակցությանը ռազմավարական ասպեկտով, երբ լուծվում են հեռավոր պլանի նպատակներին հասնելու խնդիրները,

գ. կառավարման կառույցներին, որոշումների ընդունման ալգորիթմներին (հաճախ այս մոտեցումն անվանվում է կազմակերպչական զենք, տե՛ս, օրինակ, [9], իհարկե, այստեղ դրվում է պոպուլյացիայի արժեքավորության փոփոխության նպատակը, իսկ մենք շեշտադրում ենք այն մեթոդը, որի օգնությամբ դա արվում է, քանի որ միայն դա է թույլ տալիս այս ուղղությունն առանձնացնել առաջին երկուսից)։

Արժեքային մատրիցայի փոփոխությանը մենք բախվում ենք խորհրդային և հետխորհրդային պատմության ամբողջ ընթացքում։ Եվ դա արվում է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին տեղեկատվական գործողությունների օգնությամբ։ Ստալինը, իսկ հետո նաև Բրեժնևը վերակառուցում էին խորհրդային մարդու մատրիցան, ինչը պահանջում էր հերոսականության, պատմության և գաղափարախոսության լիակատար փոփոխում։ Վերջինի պարագայում խոսքը վերաբերում էր ուղղափառությունը մարքսիզմ-լենինիզմով փոխարինելուն, ինչի մասին շատ է գրել Ն.Բերդյաևը՝ մարքսիզմը մոտեցնելով կրոնին։

Մենթալ ոլորտի խորքային փոփոխություններն ընթանում են ինչպես բնական, այնպես էլ արհեստական ճանապարհով։ Վերջին հետազոտություններում նման փոխակերպումները՝ գիտական կամ քվազի-գիտական տեսությունների վրա հենվելու օգնությամբ, անվանել են կոգնիտիվ զենք [10]։ Ս.Սուլակշինն այս տեսակի ներգործությանը տալիս է հետևյալ սահմանումը. «կոգնիտիվ կամ գիտատեսական զենք, երբ հորինվում են սուտ, ոչ ճիշտ, անստույգ կոնցեպտներ, լայնորեն շրջանառության մեջ են դրվում համաշխարհային լրատվամիջոցներում, հրամցվում են անգամ որպես գիտական տեսություններ, ներդրվում են ուսումնական ծրագրերում» [11]։

Այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե մարքսիզմը ճանաչվել է որպես պետության կառուցման ոչ ադեկվատ տեսակ, ապա դրա ներդրումը Ռուսաստանում, որը հանգեցրեց հեղափոխության, նույնպես կարող է դիտարկվել որպես նման տեսակի տեղեկատվական զենքի օգտագործման տարբերակ։ Ա.Բաստրիկինն օգտագործել է տեղեկատվա-գաղափարախոսական զենք եզրը [12]։ Իր հոդվածի ենթավերնագրում Ս.Ֆոմովը գրել է. «Մենք չենք վախենում «կոգնիտիվ զենքից», մենք դրանից շատ ունենք» [13]։ Սա մեզ ակնհայտ չափազանցություն է թվում, քանի որ բոլոր նոր տեսությունները գալիս են հենց Արևմուտքից, իսկ Ռուսաստանը գրավում է խորթը, օտարը «վանելու», այլ ոչ թե սեփականը ստեղծելու դիրք։

Ռուսաստանն ունի ներգործության տեղեկատվական մեթոդաբանության սեփական տարբերակը, որն ստացել է ռեֆլեքսիվ կառավարում անվանումը [14-16]։ Դա հակառակորդին կառավարելու տեխնոլոգիա է, երբ կիրառվում են մանիպուլյատիվ տարբեր տեխնիկաներ, որոնք հակառակորդին դրդում են ընդունել իրավիճակին անհամարժեք որոշումներ։ Հենց որպես հակառակորդին խաբելու տեխնոլոգիաներ էլ սկսվել են արվել այս մշակումները. օրինակ, Ս.Կոմովի 1997թ. աշխատանքը [17]։ Ավելի մեղմ ձևով այս գաղափարն ընկած է նաև արդի սահմանման հիմքում [15]. «Ռեֆլեքսիվ կառավարումը ներգործությունն է սուբյեկտների վրա, որը նրանց մղում է ընդունել որոշումներ, որոնք նախապես պատրաստել է կառավարող կողմը»։

Այս տեսակետից հակառակորդին կառավարելու տեսությանը մոտ է Ջ.Բոյդի ամերիկյան տեսությունը, որն, այնուամենայնիվ, կառուցվում է այլ բանի վրա. որոշում ընդունել հակառակորդից ավելի արագ, որպեսզի նա իր որոշումներն ընդունի և իրագործի արդեն փոփոխված իրավիճակում [18-20]։ Նրա որոշումները կլինեն սխալ, քանի որ իրավիճակն արդեն նոր է, իսկ դրանք ընդունվել են նախկին իրավիճակին համապատասխան։

Այսօր պատերազմը, երբ աշխարհում պակասել է ուժի կիրառումը ֆիզիկական տարածքում, շարունակում է ակտիվորեն վարվել տեղեկատվական և վիրտուալ տարածքներում։ Այսինքն՝ իրական և պոտենցիալ ագրեսիվությունն արտահայտման նոր խողովակներ է գտել։

Հիբրիդային պատերազմը, որի մասին հաճախ են խոսում վերջին ժամանակներս, հարմարեցումն է (միմիկրիա) ներգործության այլ տեսակներին՝ առաջին հերթին կոծկելու համար ստանդարտ ռազմական նպատակները, որոնց շրջանակում մոդելավորվում է գործողությունը։ Որպեսզի չերևա, որ այն իսկական պատերազմ է, ամեն բան ուղղվում է նրան, որ հակառակորդին հնարավորություն չտրվի գործել ռազմական մեթոդներով։ Հակառակորդը զինված դիմադրություն չի ցուցաբերում, քանի որ նրա վրա ներգործում են տեղեկատվական և քվազի-տեղեկատվական գործողություններով։ Վերջինների թվին մենք դասում ենք հակառակորդի կողմից զենքի կիրառման արգելափակումը, այդ ժամանակ հակառակորդի զինված ուժերին ստիպում են բռնի «հարմարեցվել» որպես քաղաքացիական բնակչություն, որից կրակոցներ, ինչպես հայտնի է, չեն սպասվում։

Հիբրիդային պատերազմը կարելի է բացատրել թե՛ ռուսական ռեֆլեքսիվ կառավարման, թե՛ Ջ.Բոյդի մոդելի դիրքերից։ Երկու դեպքում էլ հակառակորդին ստիպում են գործել իրականության մասին նրան պարտադրված պատկերացմամբ, թեև իրականում իրականությունը ներկայացնում է ոչ թե չեզոք, այլ վտանգավոր իրավիճակ, որը պահանջում է համարժեք պատասխան զինված ուժերի կողմից։

Հիբրիդայնություն եզրը, մյուս կողմից, արտացոլում է այն, ինչ ուզում են լսել, քանի որ պատերազմը նշանակում է խախտում, այն դեպքում, երբ հիբրիդային պատերազմը թաքնվում է հարձակվողին խախտող ճանաչելուց։ Հարձակվող կողմն ասում է, թե այդ մենք չենք, իսկ պարտվողն էլ ասում է՝ մենք նույնիսկ չգիտեինք էլ ինչ անել։

Այս առումով արժե համաձայնել Ռ.Պուխովի հետևյալ նկատառման հետ. «հիբրիդային պատերազմին» վերագրվող գործողությունները վերջին տասնամյակներին (եթե ոչ՝ հարյուրամյակներին) երկրագնդի վրա «ցածր ինտենսիվությամբ» ցանկացած հակամարտության բավական ստանդարտ գործողությունների ամբողջությունն են։ Դժվար է պատկերացնել ռազմական ուժի կիրառումն առանց միաժամանակյա տեղեկատվական ապահովման, առանց տնտեսական պատժամիջոցների, առանց «գաղտնի պատերազմի» մեթոդների, առանց հակառակորդին քայքայելու և հակառակորդի հասարակությունում առկա հակասություններն (էթնիկական, սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլն) օգտագործելու փորձերի։ Սա է ցանկացած պատերազմի այբուբենը դեռևս անտիկ ժամանակներից սկսած» [21]։

Պետք է միաժամանակ ընդունել, որ ի հայտ են եկել այնպիսի բնութագրեր, որոնց մենք պատրաստ չէինք։ Մի կողմից՝ քողարկման այլ մեթոդ, որն ուղղված է հակառակորդի կողմից որոշումների դժվարացված ընդունմանը՝ Բոյդի ոգով, մյուս կողմից՝ ոչ յուրայինների (աշխարհազորայիններ+մասնավոր ռազմական կամպանիաներ) ընդլայնված օգտագործումը, որը նորմայում չկա։ Այս ամենը թույլ է տալիս թաքցնել սեփական մասնակցությունը և հնարավորություն է տալիս ցանկացած պահի դուրս գալ խաղից։

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ընդգծեց երկու հետաքրքիր գործոն. զինվորականներն իրենց պահում են որպես քաղաքացիականներ, իսկ քաղաքացիականները («յուրայինները»)՝ որպես «օտար» զինվորականներ (օրինակ՝ ադմինիստրացիաների զավթումները)։ Ի լրումն՝ տեղի է ունեցել նաև տեղեկատվական տարածքում և որոշումների ընդունման գործընթացում շատ ուժեղ միջամտություն դրսից։ Մ.Կոֆմանը խոսում է եվրոպացիների՝ ամեն ինչում հիբրիդային պատերազմ տեսնելու շահագրգռության մասին, քանի որ ավելի հեշտ և դյուրին է խոսել պրոպագանդայի մասին, քան թե ծախսեր անել հրետանու վրա [22]։

Օտար տեղեկատվական միջավայր տեղեկատվական ներխուժման ժամանակ գլխավոր բարդությունը նրա դիմադրությունն է։ Ներգործման ենթարկվող լսարանը (իսկ դա կարող են լինել ամբողջ երկիրը, նրա ընտրանին, նրա առաջին դեմքը) ունակ է դիմադրել օտար տեղեկատվությանը։ Այդ պատճառով այդ տեղեկատվությունը փորձում են դարձնել յուրային, այստեղից էլ «ազդեցության գործակալներ» եզրը, այսինքն՝ յուրային միջավայրում օտարը, խորթը առաջ մղողներ։

Առավել մեծ տհաճություն առաջ է բերում մրցակցային բախումը, որը տեղի է ունենում մարդկային բանականության մեջ միակ հնարավոր տեղի համար պայքարում։ Այդպիսի հիմնական մրցակիցներ են հանդիսանում այն հաղորդումները, որոնք գալիս են տարբեր ոլորտներից.

- կրոն 1 - կրոն 2,

- գաղափարախոսություն 1 - գաղափարախոսություն 2, օրինակ՝ իրագործման մեջ հերոս 1 – հերոս 2,

- փաստ 1 - փաստ 2,

- մեկ փաստի մեկնաբանում 1 – նույն փաստի մեկնաբանում 2,

- սակրալ օբյեկտ աշխարհի մի պատկերում – ֆիզիկական օբյեկտ մյուսում։

Ս.Էստրենը հետազոտել է սակրալության դերը հակամարտային իրավիճակներում [23-25]։ Նա ուսումնասիրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության և Իրանի միջուկային ծրագրի դեպքերը։ Էստրենը բազմաթիվ օրինակներ է բերում, որոնք ցույց են տալիս, որ մարդկանց վարքագիծը որոշվում է ոչ թե նյութական աշխարհով, այլ իրենց արժեքներով։ Հետևաբար, հաղորդումների ընկալումը նույնպես կախված կլինի այդ դիխոտոմիայից։

Բրիտանական տեղեկատվական/հոգեբանական գործողությունները կենտրոնական են համարում ներգործության լսարանը ճանաչելը [26-27]։ Բայց ըստ էության դրա վրա են կառուցված բոլոր կիրառական կոմունիկացիաները՝ սկսած գովազդից և փաբլիք ռիլեյշնզից։ Ընկալվում է այն, ինչը ռեզոնանս է առաջացնում կոնկրետ լսարանում։ Ռեզոնանսի մասին առաջիններից մեկը խոսել է Թ.Շվարցը (([28], նրա մասին տե՛ս [29])։

Շվարցի հիմնադրույթը հետևյալն է. «Ռեզոնանսը տեղի է ունենում, երբ մեր հաղորդակցման մեջ բաց թողնված խթանը նշանակություն է ձեռք բերում ունկնդրի կամ հանդիսատեսի համար։ Այն, ինչ մենք դնում ենք հաղորդակցման մեջ, ինքնին նշանակություն չունի։ Մեր հաղորդակցման նշանակությունն այն է, որն ունկնդիրը կամ հանդիսատեսը ստացել է հաղորդակցման խթանի հետ աշխատելու փորձից։ Հանդիսատեսի կամ ունկնդրի բանականությունն ամբողջ հաղորդակցային համակարգի պարտադիր բաղադրիչն է։ Նրա կենսափորձը, ինչպես և ակնկալիքները խթանից, փոխգործակցում են կոմունիկատորի արդյունքի հետ՝ հաղորդակցության նշանակությունը որոշելիս»։

Այս հիմնադրույթի առնչությամբ կարելի է հիշել նաև Ֆ.Լունցի (աշխատել է Ջ.Բուշի հետ. առանց Լունցի կողմից թիրախային խմբերի ռեակցիան ստուգելու՝ Բուշը բառ անգամ չի արտաբերել) գրքի ենթավերնագիրը՝ «Կարևորն այն չէ, թե ինչ եք ասել դուք, այլ այն, թե ինչ են լսել մարդիկ» [30]։

Այստեղ առաջարկված ներգործման մոդելը կառուցված է ասես թե հակառակ ուղղությամբ. ոչ թե կոմունիկատորից, այլ հաղորդակցությունն ստացողից, ինչը բարձրացնում է նրան էլ ավելի բարձր մակարդակ, քան մենք սովորաբար դիտարկում ենք նրան։

Հետազոտողները հենվել են Շվարցի մոտեցման վրա՝ հասկանալու համար մեդիայի օգտագործումը ահաբեկիչների կողմից [31-32]։ Դեր չի կատարում այն, որ ահաբեկչության լուսաբանումը բացասական կարող է լինել. տեղեկատվական և վիրտուալ առումով ԻԼԻՊ-ը, դրա շնորհիվ, շատ ավելի երկար կապրի, քան ահաբեկչությունն ինքը։

Հետաքրքիր է նաև այն կարծիքը, որը բացահայտում է դեպի իրականություն հակառակ անցումը. «Շվարցը համարում էր, որ հեռուստատեսությունը նպաստում է բռնությանը և այն բանին, որպեսզի մարդիկ անհապաղ պատասխանեն խթաններին։ Բռնության տեսողական պատկերների մշտական ցուցադրումը ստեղծում է ընդհանուր մեդիափորձի պահեստարան, որը պահվում է որպես հիշողություն։ Ընդհանուր մեդիափորձը գերազանցում է անհատականին։ Դրանով իսկ բռնության ակտը կարող է հանդես գալ թրիգերի դերում ցուցարարների խմբի հավաքական պատասխանի համար, որոնք նույն մեդիափորձն ունեն» [33]։

Մոտավորապես նման մի բան ունենք այսպես կոչված թրոլինգի դեպքում, երբ մարդուն գիտակցաբար հանում են հունից վիրավորական բնույթի անթույլատրելի տեղեկություններով, որպեսզի դրդեն նրան ասելու իրենց հարկավոր բառերը կամ անելու իրենց հարկավոր գործողությունները (թրոլինգի մասին տե՛ս, օրինակ, [30])։

Օտար տեղեկատվական տարածքը պատրաստ չէ իրենի հետ հավասար ընդունելու օտար տեղեկությունները։ Վերակառուցումն (պերեստրոյկա), օրինակ, փոխում էր խորհրդային տեղեկատվական և վիրտուալ տարածքը մի քանի տարի՝ այդպես էլ վերջնականապես չփոխելով այն ցայսօր։ Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ զանգվածային գիտակցության իներցիան շատ ավելի ուժեղ է անհատական գիտակցության իներցիայից։

 
Գեորգի Պոչեպցով
 

 

 

Աղբյուրներ և գրականություն

1. Идеолог цветных революций о "русском следе" своего метода // http://www.bbc.com/russian/international/2012/02/120217_gene_sharp_revolutions_interview.shtml

2. Lakoff G., The political mind. A cognitive scientist’s guide to your brain and its politics, New York, 2008.

3. Lakoff G., Thinking points. Communicating our American values and vision, New York, 2006.

4. Bateson G., From Versailles to cybernetics // http://www.ralphmag.org/batesonP.html

5. McLuhan M., Living in an acoustic world // http://www.marshallmcluhanspeaks.com/media/mcluhan_pdf_6_JUkCEo0.pdf

6. Почепцов Г., "Промывание мозгов" как технология влияния // http://www.osvita.mediasapiens.ua/trends/1411978127/promyvanie_mozgov_kak_tekhnologiya_vliyaniya/

7. Пепперштейн П., Конец света - главный товар при капитализме // http://www.daily.afisha.ru/archive/vozduh/art/pavel-peppershteyn-konec-svetaglavnyy-tovar-pri-kapitalizme/

8. Mitra S., Is humanity evolving into a hive? // http://www.bbc.com/future/story/20160414-is-humanity-evolving-into-a-hive

9. Овчинский В.С., Сундиев И.Ю., Организационное оружие // http://www.izborsk-club.ru/content/articles/1466/#1

10. Якунин В.И., Багдасарян В.Э., Сулакшин С.С., Новые технологии борьбы с российской государственностью, М., 2013.

11. Сулакшин С.С., Геополитика - когнитивное оружие // http://www.radiorus.ru/brand/episode/id/57072/episode_id/914184/

12. Бастрыкин А., Пора поставить действенный заслон информационной войне // http://www.kommersant.ru/doc/2961578

13. Фомов С., Убить дракона. Нам не страшно "когнитивное оружие", у самих его в избытке // http://www.vpk-news.ru/articles/22051

14. Микрюков В., Наука побуждать. Противник становится марионеткой // http://www.vpk-news.ru/articles/30204

15. Смолян Г.Л., Рефлексивное управление - технология принятия манипулятивных решений // http://www.isa.ru/proceedings/images/documents/2013-63-2/t-2-13_54-61

16. Томас Т.Л., Рефлексивное управление в России: теория и военные приложения // http://www.intelros.ru/pdf/stratagemi/Tomas.pdf

17. Комов С.Л., О способах и формах ведения инфоримационной борьбы // http://www.militaryarticle.ru/voennaya-mysl/1997-vm/9666-o-sposobah-i-formah-vedenija-informacionnoj-borby

18. Hammonds K.H., The strategy of the fighter pilot // http://www.fastcompany.com/44983/strategy-fighter-pilot

19. Hightower T.A., Boyd's OODA loop and how we use it // http://www.tacticalresponse.com/blogs/library/18649427-boyd-s-o-o-d-a-loop-and-how-we-use-it

20. Coram R. Boyd., The fighter pilot who changed the art of war. - New York, 2002.

21. Пухов Р., Миф о "гибридной войне" // http://www.nvo.ng.ru/realty/2014-11-28/1_war.html

22. Kofman M., Russian hybrid warfare and other dark arts // http://www.warontherocks.com/2016/03/russian-hybrid-warfare-and-other-dark-arts/

23. Sheikh H., a.o. Sacred values in the Israeli–Palestinian conflict: resistance to social influence, temporal discounting, and exit strategies // http://www.sites.lsa.umich.edu/satran/wp-content/uploads/sites/330/2015/10/nyassheikh_etal_2013_proof.pdf

24. Ginges J., a.o. Sacred values and cultural conflict // http://www.sites.lsa.umich.edu/satran/wp-content/uploads/sites/330/2015/10/michelejgelfand_ch06_copy_2.pdf

25. Dehghani M., Sacred values and conflict over Iran’s nuclear program // http://www.journal.sjdm.org/10/101203/jdm101203.pdf

26. Почепцов Г., Три модели построения информационных операций // http://www.psyfactor.org/psyops/infowar35.htm

27. Почепцов Г., Новые подходы в теории информационных войн: британская модель // http://www.psyfactor.org/psyops/infowar26.htm

28. Schwartz T., The responsive chord. How radio and TV manipulate you… who you vote for… what you buy… and how you think. - New York, 1972.

29. Sullivan P., Tony Schwartz; his aids targeted viewer emotions // http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2008/06/16/AR2008061602302.html

30. Luntz F., Words that work. It's not what you say, it's what people hear. - New York, 2007.

31. Farwell J.P., Violence of propaganda. Rev. of N.Bolt. The violent image // http://www.iiss.org/en/publications/survival/sections/2012-23ab/survival--global-politics-and-strategy-october-november-2012-fda3/54-5-12-farwell-re-d1cc

32. Winter C., ISIS is using media agains itself // http://www.theatlantic.com/international/archive/2016/03/isis-propaganda-brussels/475002/

33. Николаева А.В., Троллинг как речевая стратегия в интернет-пространстве // http://www.nikolaeva.livejournal.com/554313.html

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play