Վաշինգտոնում տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանության 95-ամյա
տարելիցին նվիրված միջոցառումներ
26-04-2010 17:24:00 | ԱՄՆ | Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում
Հայաստանի դեպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի է
ունեցել ծաղկեպսակների զետեղման ավանդական արարողություն
Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունների եւ անհատների
անունից:
Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության
հաղորդագրության, Վաշինգտոնի եւ շրջակա նահանգների հայ համայնքի
բոլոր թեւերը ներկայացնող մի քանի հարյուր անդամների
մասնակցությամբ` Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եւ Սբ. Խաչ
հայկական եկեղեցիների առաջնորդները մատուցել են հոգեհանգստի ծես`
նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ
Մարգարյանը, ով իր խոսքում մասնավորապես նշել է, որ թուրքական
ժխտողականությունը մոլորության մեջ է` իր հույսը դնելով անցնող
ժամանակի վրա: Ցեղասպանության ոճիրը չունի վաղեմության ժամկետ:
Դեսպանը նաեւ նշել է, որ ժամանակի ընթացքում հայկական սփյուռքը
դառնում է ավելի հզոր եւ ավելի կազմակերպված, առավել հետամուտ իր
դատին: Ժամանակը ծնեց նաեւ Հայաստանի անկախ հանրապետություն, որը
տարեցտարի ավելի մեծ կարողությամբ եւ հետեւողականությամբ է տեր
կանգնում հայության ազգային իղձերին ու խնդիրներին: Ժամանակը ավելի
է խորացնում փոխըմբռնումն ու միասնականությունը Հայաստանի եւ
սփյուռքի միջեւ: Թ.Մարգարյանն ընդգծել է, որ այդ
միասնականությունը, հայոց պետականության շուրջ ողջ հայության
համախմբվածությունը, ինչպես հայրենիքի հետագա հզորացման, Արցախի
անկախության ամրապնդման, այնպես էլ Հայոց ցեղասպանության
միջազգային ճանաչման եւ դատապարտման հասնելու ամենամեծ գրավականն
է: