Վաշինգտոնում տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանության 95-ամյա<br /> տարելիցին նվիրված միջոցառումներ<br />


Վաշինգտոնում տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանության 95-ամյա
տարելիցին նվիրված միջոցառումներ

  • 26-04-2010 17:24:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման ավանդական արարողություն Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունների եւ անհատների անունից: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, Վաշինգտոնի եւ շրջակա նահանգների հայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող մի քանի հարյուր անդամների մասնակցությամբ` Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եւ Սբ. Խաչ հայկական եկեղեցիների առաջնորդները մատուցել են հոգեհանգստի ծես` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով իր խոսքում մասնավորապես նշել է, որ թուրքական ժխտողականությունը մոլորության մեջ է` իր հույսը դնելով անցնող ժամանակի վրա: Ցեղասպանության ոճիրը չունի վաղեմության ժամկետ: Դեսպանը նաեւ նշել է, որ ժամանակի ընթացքում հայկական սփյուռքը դառնում է ավելի հզոր եւ ավելի կազմակերպված, առավել հետամուտ իր դատին: Ժամանակը ծնեց նաեւ Հայաստանի անկախ հանրապետություն, որը տարեցտարի ավելի մեծ կարողությամբ եւ հետեւողականությամբ է տեր կանգնում հայության ազգային իղձերին ու խնդիրներին: Ժամանակը ավելի է խորացնում փոխըմբռնումն ու միասնականությունը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ: Թ.Մարգարյանն ընդգծել է, որ այդ միասնականությունը, հայոց պետականության շուրջ ողջ հայության համախմբվածությունը, ինչպես հայրենիքի հետագա հզորացման, Արցախի անկախության ամրապնդման, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հասնելու ամենամեծ գրավականն է:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play