Թուրքիայի հետ խնդիրները հնարավոր չէ մի քանի օրում լուծել. Կրեմլ
28-06-2016 17:36:45 | Ռուսաստան | Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում շատ կարևոր քայլ է կատարել հարաբերությունների կարգավորման առումով, սակայն այս խնդիրը հնարավոր չի լինի լուծել մի քանի օրվա ընթացքում: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վերջինիս խոսքերով` ռուսական կողմը և նախագահ Պուտինը հետևողական դիրքորոշում ունի և բազմիցս խոսել է Թուրքիայի ու թուրք ժողովրդի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու ցանկության մասին:
Դ. Պեսկովը լրագրողներին նաև ասել է, որ Պուտինը և Էրդողանը չորեքշաբթի հեռախոսային բանակցություններ կվարեն:
Ինչպես հաղորդվում է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ներողություն է խնդրել իր ռուս գործընկերոջից այն բանի համար, որ թուրք զինվորականները խոցել էին ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել էր օդաչուն: