Հարձակում Մեդիալաբի վրա


Հարձակում Մեդիալաբի վրա

  • 08-08-2016 12:53:34   | Հայաստան  |  Իրավունք

Երեկ՝ օգոստոսի 7-ին, մեր բարեկամ Մեդիալաբը իրականացրեց իր քաղաքական ծաղրանկարների բացօթյա կենդանի ցուցահանդեսը Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում: Թեև ի սկզբանե պլանավորվել էր կազմակերպել մեկ-շաբաթյա ցուցահանդես փակ տարածքում, նախնական պայմանավորվածությունը չեղյալ էր համարվել հյուրընկալողի կողմից և Մեդիալաբը  չէր կարողացել այլ տարածք վարձակալել  Երևան քաղաքում, քանի որ դրանց սեփականտերերը վախենում էին միջոցառումը հյուրընկալելու հետևանքներից : Ի աջակցություն Մեդիալաբի, ցուցադրության այցելուները նաև կրել են ցուցանմուշներն իրենց վրա: 
 
Այս գիշեր, ցուցահանդեսից հետո անհայտ անձինք կոտրել են Մեդիալաբի տնօրենի մեքենայի հետնապակին և գողացել բոլոր տպված ծաղրանկարները և շապիկները: Այս ստոր արարքը ահաբեկչական ոտնձգություն է Հայաստանում արտահայտման ազատության նկատմամբ և խոսում է սեփական իշխանության նկատմամբ այս իշխանությունների բացարձակ անապահովության մասին
 
Ինչպես ճշմարտացիորեն նշված էր միջոցառման նկարագրության մեջ ցուցահանդեսը կոչվում էր «Չ՛Արգելված», որովհետև կա դեկլարատիվ ազատություն, իսկ իրականում՝ համատարած վախի մթնոլորտում, երկարատև փնտրտուքից հետո էլ Մեդիալաբը չկարողացավ որևէ տարածք վարձակալել ցուցահանդեսի համար: «Կենդանի», որովհետեւ սա Մեդիալաբի կենդանության վկայությունն է, անտարբերության դեմ պայքարի իր ձևը, ու այդ պայքարին աջակցող քաղաքացին է, որ պետք է կենդանի հենարան լիներ այն ծաղրանկարների համար, որոնց պատճառով անցած ամիսներին պարբերաբար փորձում էին տարբեր օղակներով Մեդիալաբի վրա ճնշումներ գործադրել:
 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում ոստիկանությանը անհապաղ և ամբողջությամբ քննել և բացահայտել այս հարձակումը, հակառակ դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում հավատալու, որ այս հանցագործությունը կատարվել է ոստիկանության անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play