«Եթե մեզ օգնության չհասնեին, մեզ էլ կսպանեին, ութ հոգի էինք տանը». Թալիշցի Զարիկ տատիկ (Տեսագրություն)


«Եթե մեզ օգնության չհասնեին, մեզ էլ կսպանեին, ութ հոգի էինք տանը». Թալիշցի Զարիկ տատիկ (Տեսագրություն)

  • 22-08-2016 15:27:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Ականատեսի աչքերով


Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայր տեղափոխված թալիշցիները պատմում են ապրիլյան պատերազմի եւ իրենց նոր բնակավայրի մասին: 
 
«Երբ կրակոցներ լսեցինք, մտածեցինք, թե գյուղի տղամարդիկ են կրակում գայլերի վրա: Հաճախ է պատահում, երբ գալյերը հարձակվում են ոչխարի հոտի վրա: Պարզվեց որ ոչ: Պայթյունները սկսեցին հաջորդել մեկը մյուսին: Պաշտպանվելու համար բոլորս մտանք բաղնիք: Հետո տան հոսանքը անջատվեց... Մեր հարեւանի որդին, երբ նկատել էր արդեն, որ ադրբեջանցիներն իրենց տանն են, լսելով ձայները, չի մոտեցել: Վերադառնալով հարցրել է մեզ, թե արդյոք իր հորն ու մորը չե՞նք տեսել, սակայն նրանց տունը մեր տնից բավական հեռու է, գյուղի վերջին տունն է, պարզվեց, որ նրանց սպանել են... Եթե մեզ օգնության չհասնեին, մեզ էլ կսպանեին, ութ հոգի էինք տանը, երկու հոգի էլ մեր հարեւանները, տաս հոգի: Գյուղից մի կերպ դուրս գալով հասանք Մատաղիս: Այնտեղ էլ նույն վիճակն էր, կրակոցներ ուղիղ գյուղի վրա: Այդպես հասանք մինչեւ Դրմբոն գյուղ, հետո հաստատվեցինք այստեղ՝ Ալաշան բնակավայրում», պատմում է թալիշցի Զարիկ տատիկը:  
 
«Գյուղն ամբողջությամբ դատարկվել է, ոչ ոք չի ապրում: Երկու-երեք օրը մեկ գնում եմ թուզ եւ խաղող հավաքում, ապա հետ գալիս այստեղ՝ Ալաշան: Ադրբեջանցիների դիրքերը շատ մոտ են գյուղին: Դպրոցն ընդհանրապես գտնվում է մշտական դիտարկման տակ, ինպե՞ս կարող է այնտեղ աշակերտ սովորել: Տների մի մասն ավերվել է հրետակոծությունից: Մի կերպ տուն ենք կառուցում, հաստատվում, թվում է թե արդեն պիտի մարդկային կյանքով ապրենք, բայց նորից պատերազմ: Սա մեր երկրորդ փախուստն է արդեն: 17 ընտանիք այստեղ՝ Ալաշանում ենք տեղավորվել, մնացածներն ով որտեղ կարողացել է: Շատերը Հայաստանի Չարենցավան եւ Հրազդան քաղաքներ են տեղափոխվել, ոմանք՝ Ռուսաստան: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր ջոկատը հենց այս անտառներում է եղել, ես գիտեմ թե այստեղ ինչ ցուրտ ձմեռ է լինում: Մեկ տարի կարող ենք դիմանալ, բայց հետո՞:  Ամբողջ բնակավայրում ընդամենը մեկ լվացքի մեքենա եւ մեկ բաղնիք է, ինչպես է լինելու ձմռանը՝ չգիտեմ», ասում է թալիշցի Վահրամը:
 
Մանրամասները տեսանյութում
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play