Մայր Աթոռ Ս Էջմիածինը հյուրընկալել է «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների առաջատարներին


Մայր Աթոռ Ս Էջմիածինը հյուրընկալել է «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների առաջատարներին

  • 31-08-2016 15:04:40   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված 2016 թ. «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» և «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթների հաղթողները և ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունք արձանագրած դպրոցականները: 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից մրցույթների հաղթողներին ողջունեց և շնորհավորեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Նաթան Սրբազանը բարձր գնահատեց պատանիների` գիտելիքներ ամբարելու և սովորածը կիրառության մեջ դնելու ցանկությունը: «Մեր երկրի առաջընթացի ամենակարևոր գրավականը դարեր ի վեր եղել և մնում է գիտելիքը: Ե՛վ ճշգրիտ գիտությունները, և՛ մայրենի լեզուն գիտելիքի հիման վրա տնտեսությամբ զարգացող մեր երկրում հավասարապես կարևոր են: Արդեն ավանդաբար անցկացվող «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների միջոցով խթանվում է երեխաների հետաքրքրությունը մաթեմատիկայի, տրամաբանության և հայերենի նկատմամբ», - նշեց Նաթան արքեպիսկոպոսը:
Մայր Աթոռում հյուրընկալված աշակերտներին նա հորդորեց շարունակել զինվել գիտելիքներով, որոնցով մեծապես կարող են նպաստել մեր ազգի և պետության ամրապնդմանն ու զորացմանը:
Հանդիպման վերջում Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին գալիք սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, մաղթեց, որ Գիտելիքի օրը` կրթական նոր տարին, յուրաքանչյուրի համար լինի տոն և մեծ հաջողությունների, հաղթանակների բերկրանքի նոր սկիզբ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն