Համաձայնագիր՝ ուղղված Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը


Համաձայնագիր՝ ուղղված Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը

  • 13-09-2016 17:04:31   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև այսօր ստորագրվել է համաձայնագիր՝ Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանն  աջակցելու նպատակով: 
 
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության նախկին և ներկա տնօրեններին՝ գաղափարին հավատալու և այն կյանքի կոչելու նախաձեռնության ակտիվ մասնակիցը դառնալու համար:
 «Ցանկացած գաղափար, որը սկսում ես, պետք է հավատաս դրան՝ անմնացորդ և մինչև վերջ. իմ հավատը մեծ էր Կենտրոնի ստեղծման հետ կապված: Գերատեսչական շահերից՝ անկախ օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական ակտերի մշակում, անկախ փորձաքննություն և պրոֆեսիոնալիզմ. սա է լինելու Կենտրոնի հիմնական առաքելությունը»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը: 
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում այն մտել է որակապես նոր փուլ և նշել, որ Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի բացումը, որը մասամբ հնարավոր է դարձել ԱՄՆ կառավարության օժանդակության շնորհիվ, Հայաստանում  կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարումն ամրապնդելու ուղղությամբ Արդարադատության նախարարության հետ ձևավորված ամուր գործակցության ու գործընկերության վերջին շրջանի վառ օրինակներից է, և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ամուր օժանդակություն կապահովվի Կենտրոնին՝ վերջինիս գործունեության առաջին 12 ամիսների ընթացքում: 
Համաձայնագրի շրջանակում կենտրոնի միջոցները կուղղվեն մասնագիտական կադրային ապահովման ամրապնդմանը, շահագրգիռ կողմերի միջև խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմների ինստիտուցիոնալացմանը և Կենտրոնի նախնական կարգավորումների հեշտացմանը` երկարաժամկետ կայունության մոտեցմամբ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play