10-ամյա աղջիկների համար արված ներդրումները կարող են մեծ ժողովրդագրական շահաբաժին բերել, խթանել ազգային տնտեսությունները


10-ամյա աղջիկների համար արված ներդրումները կարող են մեծ ժողովրդագրական շահաբաժին բերել, խթանել ազգային տնտեսությունները

  • 20-10-2016 14:50:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում աղջիկները, ընդհանուր առմամբ, լավ կրթված են:
Սակայն, վաղ ամուսնությունը, դեռահասների հղիությունը և կանանց ու տղամարդկանց ավանդական դերերը սպառնում են փոշիացնել այդ ահռելի մարդկային կապիտալը:
Այս սերնդի աղջիկների ներուժը բացելը տարածաշրջանի երկրներին թույլ կտա իրացնել ժողովրդագրական շահաբաժինը և խթանել սեփական տնտեսությունները:
 
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, 20-ը հոկտեմբերի, 2016 թ.: ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն իր այսօր թողարկված «Աշխարհի բնակչությունը 2016» զեկույցում զգուշացնում է, որ վաղ ամուսնությունները, դեռահասների հղիությունը և կանանց ու տղամարդկանց միջև խորքային անհավասարության այլ դրսևորումները խաթարում են աղջիկների առողջությունը և իրավունքներն ու սպառնում են աշխարհի զարգացման հավակնոտ օրակարգին: 
Ամենուր տասը տարեկանն առանցքային տարիք է աղջիկների համար, երբ մոտենում է սեռական հասունացումը: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում աղջիկների մի մասն այս տարիքում ծաղկում, աստիճանաբար ձևավորում է իր հմտությունները և ընդլայնում մտահորիզոնը՝ ընտանիքի և համայնքի նպաստող ու զորացնող միջավայրում, որը խրախուսում է նրանց սկսելու ընտրություն կատարել և կերտելու իրենց ապագան: Բայց ուրիշ շատ աղջիկների խանգարում են սոցիալական և մշակութային նորմերն ու խտրական օրենքները և գործելակերպերը:
«Մեր տարածաշրջանում 10 տարեկանում աղջիկը խաչմերուկում է, - ասում է ՄԱԲՀ-ի տարածաշրջանային տնօրեն Ալաննա Արմիթաջը, - թե որ ուղով նա կգնա, կարևոր է ոչ միայն իր կյանքի համար: Այն կարևոր է մեր բոլորիս կյանքերի համար: Քանի որ բոլորս ենք հաղթում, երբ աղջիկը - հարյուրավոր աղջիկներ, աղջիկների մի ողջ սերունդ - կարողանում է իրականացնել իր ներուժը՝ հզորանում է մարդկային կապիտալը, աճում են տնտեսությունները, մեծանում է հարստությունը»:
Համաձայն ՄԱԲՀ տարածաշրջանային գրասենյակի հրապարակած հավելվածի՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աղջիկները, ընդհանուր առմամբ, լավ կրթված են և ավելի ուշ նույնիսկ գերազանցում են տղաներին բարձրագույն կրթության ասպարեզում:
 
Բայց գործոնների որոշակի մի համադրություն շատերին թույլ չի տալիս, արդեն որպես չափահաս, իրականացնել իրենց ողջ ներուժը և նպաստել իրենց համայնքների և պետությունների տնտեսական ու սոցիալական առաջընթացին․
Տարածաշրջանի որոշ հատվածներում թեև անօրինական է, բայց տարածված է մնում վաղ կամ մանկահասակ ամուսնությունը, ինչը հաճախ աղջիկներին ստիպում է լքել դպրոցը,
Արևմտյան Եվրոպայի համեմատությամբ, այս տարածաշրջանում դեռահաս աղջիկների հղիանալու հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է, ինչը բացասաբար է ազդում թե՛ մոր, թե՛ երեխայի առողջության և կյանքի հեռանկարների վրա, 
Երիտասարդ կանայք դժվարություններ են ունենում աշխատանքը և երեխաներին մեծացնելը համադրելու հարցում, քանի որ ծնողական արձակուրդը և երեխայի խնամքի հարմարություններն անբավարար են, իսկ կանանց ու տղամարդկանց ավանդական դերերն անբարենպաստ են կանանց մասնագիտական կարիերա հետապնդելու համար:
Առանց այսօրվա տասը տարեկան աղջիկների համար ներդրումների, Միավորված ազգերի կազմակերպության 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգը և այն ուղեկցող  Կայուն զարգացման 17 նպատակները կարող են երբեք չիրականանալ:
«2030 թ․ օրակարգի դարաշրջանի լուսաբացին, երբ մենք ձեռնամուխ ենք լինում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, հաջողությունը շատ առումներով կախված է նրանից, թե ինչպես կկարողանանք իրացնել այս սերնդի աղջիկների ներուժը», - ավելացնում է Արմիթաջը:
Նոր զարգացման օրակարգը, որը 2015 թ․-ին հաստատվեց համաշխարհային առաջնորդների կողմից, առաջիկա 15 տարիների համար երկրների սոցիալ-տնտեսական առաջընթացի ծրագիրն է: Նրա նպատակը արդարացի զարգացումն է՝ առանց որևէ մեկին հետևում թողնելու: Զեկույցը պնդում է, որ եթե մենք հեռացնենք այն արգելքները, որոնք այսօր խանգարում են 10-ամյա աղջիկներին, ապա դա կմեծացնի օրակարգի հաջողության հասնելու հնարավորությունները: 
Վերջին տասնամյակում մեծացել է կառավարություններին հասանելի, փորձված քաղաքականության տարբերակների թիվը: Դրանք ներառում են արգելքների խստացումն այնպիսի վնասակար գործելակերպերի նկատմամբ, ինչպիսին է մանկահասակ ամուսնությունը, սեռական հասունացման մոտեցող աղջիկների համար կյանքի հմտությունների ուսուցման և տարիքին համապատասխան համապարփակ սեռական դաստիարակության ապահովումը, ինչպես նաև գենդերայնորեն զգայուն աշխատանք-կյանք քաղաքականությունների ընդունումը: Դրանք նաև առավել հիմնովին ներառում են կանանց և տղամարդկանց քարացած դերերից և կարծրատիպերից ձերբազատումը:
Ըստ ՄԱԲՀ «Աշխարհի բնակչությունը 2016» զեկույցի, մարտահրավերը հիմա այս միջամտությունների ծավալի ընդլայնումն է, որպեսզի դրանք հասնեն առավել մեծ թվով աղջիկների՝ հատկապես ամենաաղքատներին և խոցելիներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play