Ավարտվել է Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ երկօրյա միացյալ ժողովը


Ավարտվել է Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ երկօրյա միացյալ ժողովը

  • 03-11-2016 13:15:02   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում (Նյու Յորք) գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական մարմնի անդամների միացյալ ժողովը:
 
Երկօրյա ժողովի ընթացքում «Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» կարգախոսի ներքո քննարկվեցին Հյուսիսային Ամերիկայում բնակվող հայության, հատկապես երիտասարդ սերնդի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարման գործում Հայոց Եկեղեցու և ազգային այլ կառույցների կողմից ցուցաբերվող զորակցությանը և երիտասարդություն-Եկեղեցի կապի ամրապնդմանը, ազգային ինքնության պահպանությանը վերաբերող հարցեր։ Կարևորվեց համաշխարհայնացման և աշխարհիկացման պայմաններում հայրենանվեր ու եկեղեցասեր հայ երիտասարդի կերպարի ձևավորման և ազգային զգացումների զորացման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։
Առաջին օրը Գերագույն հոգևոր խորհրդի գործունեության մասին ժողովին համառոտ տեղեկանք ներկայացրեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ 
Ժողովի ընթացքում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու միջև առկա սերտ հարաբերություններին և համագործակցությանն անդրադարձ կատարեց ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։ Մասնավորապես խոսվեց ջանքերի մեկտեղման անհրաժեշտության մասին ի նպաստ Հյուսիային Ամերիկայի հայության և նրա ազգային-հոգևոր կյանքի խթանման։ Այս կապակցությամբ ՀԲԸՄ նախագահը Միության անունից պատրաստակամություն հայտնեց զորավիգ լինելու Հայոց Եկեղեցուն։
«Հայաստանյայց Եկեղեցին Հյուսիսային Ամերիկայում» բանախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Հակոբ Զաքյանը՝ տեղեկություններ փոխանցելով 1891 թ․ առաջին հայկական եկեղեցու հաստատման, Ամերիկայում Հայոց Եկեղեցու պատմության և զարգացման վերաբերյալ։ Նա խոսեց նաև 19-րդ դարի կեսերին Ամերիկայում հայերի հաստատման և հայկական ներգաղթի յոթ շրջանների մասին՝ անդրադառնալով մասնավորապես հայ համայնքի կյանքի տարբեր ժամանակաշրջաններում առաջնահերթությունների փոփոխությանը։ Բանախոսը վիճակագրական տվյալներ ներկայացրեց Ամերիկայի հայոց երեք թեմերի հավատացյալների ազգային-եկեղեցական կյանքում ներգրավվածության մասին։ 
«Հավատքի և մշակույթի համեմատական պատկերը․ իրողություններ Հյուսիսային Ամերիկայում» թեմայի շուրջ զեկույց ներկայացրեց Լաֆայետ քոլեջի պատմության դասախոս դոկտ․ Ռեյչլ Կոշկարյանը։ Բանախոսը ներկայացրեց դեռևս 2005 թ․ Արևելյան թեմում դոկտոր Սառա Տերյանի կատարած ուսումնասիրության արդյունքները։ Երիտասարդ ու տարեց հոգևորական և աշխարհական ամերիակահայերի հետ անցկացված հարցազրույցների հիման վրա իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց հայության տարբեր խմբերի՝ Հայ Եկեղեցու առաքելության վերաբերյալ ունեցած ընկալումները։ Դոկտ․ Կոշկարյանը  զեկույցն եզրափակեց ԱՄՆ-ի հայերին հասնելու և եկեղեցական կյանքում ներգրավելու հնարավոր ուղիների առաջարկներով։
ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի թեմական խորհրդի ատենապետ դոկտ․ Ջոզեֆ Քանիմյանը ներկայացրեց «Եթե ես կարողանայի շտկել որևէ բան, իմ եկեղեցու սրահը լի կլիներ այցելուներով․․․» բանախոսությունը Հայոց Եկեղեցու առաքելության ապագայի տեսլականի մասին։
«Երիտասարդությունը և Եկեղեցին․ իրենց իսկ խոսքերով» և «Հոգևոր հովիվների նկատառումներն իրենց հովվական կյանքի վերաբերյալ» թեմաների շուրջ տեղի ունեցան նաև քննարկումներ, որոնք վարեցին դոկտ․ Նիկոլ Վարդանյանը և դոկտ․ Վարուժան Ալթըպարմաքյանը։ Քննարկումներին իրենց մասնակցությունը բերեցին չորս երիտասարդ աշխարհականներ և հոգևորականներ Ամերիկայի հայոց թեմերից, ինչպես նաև ՀԲԸՄ «Երիտասարդ պրոֆեսիոնալներ» ծրագրից, ովքեր իրենց պատկերացումներն ու առաջարկները ներկայացրեցին Եկեղեցի-երիտասարդություն հարաբերությունների և դրանց ապագայի, երիտասարդների հետ եկեղեցականների հովվական ծառայության խնդիրների վերաբերյալ։  
Ժողովի երկրորդ օրը ժողովականները հիմնականում կենտրոնացան առաջին օրը ներկայացված նյութերի քննարկման վրա։ 
«Երիտասարդություն. հաջորդող քայլեր» խորագրի ներքո քննարկումը վարեց տիկին Արդա Հարաթունյանը։ «Հոգևորականություն. հաջորդող քայլեր» խորագրի ներքո քննարկումը վարեց դոկտ․ Վարուժան Ալթըպարմաքյանը։ Քննարկումների ժամանակ ներկայացվեցին տարբեր տեսակետներ հովվական ծառայության և նրա խնդիրների վերաբերյալ։ Արձանագրվեց նաև, որ ցուցաբերվող հոգևոր խնամքի ընթացքում, ի շարս տարբեր խնդիրների, Հյուսիսային Ամերիկայում Հայ Եկեղեցու կյանքում առկա բաժանյալ հակականոնական վիճակը ևս որոշակի դժվարություններ է ստեղծում հոգևոր ծառայության կազմակերպման և արդյունավետ իրականացման գործում։
Ժողովի արդյունքում արձանագրվեց, որ անհրաժեշտ է տարբեր նախաձեռնություններով ու ծրագրերով առավել զորացնել կապը Եկեղեցու և երիտասարդության միջև, հաղորդ լինելով հայ երիտասարդության առջև ծառացած խնդիրներին՝ քայլեր ձեռնարկել դրանք բարվոք լուծման առաջնորդելու համար։ 
Այս նպատակով որոշվեց․
ա․ ձևավորել Ամերիկայի երեք թեմերի երիտասարդական կառույցների և ՀԲԸՄ «Երիտասարդ պրոֆեսիոնալներ» ծրագրի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը ինը ամիսների ընթացքում կքննարկի ժողովին արծարծված նյութերը և համապատասխան ռազմավարության և ծրագրերի մշակման ուղղությամբ զեկույց կներկայացնի Գերագույն հոգևոր խորհրդին,
բ․ օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի 2018 թվականը հռչակել երիտասարդության տարի, որը կպսակվի Հայրենիքում և Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կազմակերպվելիք երիտասարդական հավաքով,
գ․ թեմերում հովվական ծառայության կոչվող երիտասարդ եկեղեցականների համար որոշակի ժամանակաշրջանով նշանակել հովվական առաքելության հոգևոր խորհրդատուներ՝ անհրաժեշտ փորձառություն փոխանցելու նպատակով,
դ․ ստեղծել հանձնախումբ՝ երեք ամսվա ընթացքում ներկայացնելու հովվական առաքելության հոգևոր խորհրդատուների ծրագիր, որը կիրառության կդրվի Հյուսիսային Ամերիկայի թեմերում։
Ժողովի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների և ՀԲԸՄ կենտրոնական մարմնի ներկայացուցիչների հետ քննարկեց նաև ազգային-եկեղեցական կյանքին վերաբերող տարբեր խնդիրներ։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց Արցախի և արցախահայության կյանքին, կարևորվեց աշխարհասփյուռ հայ ժողովրդի և ազգային, եկեղեցական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի։ Քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել հանձնախումբ, որը հետևողական աշխատանք կիրականացնի մասնավորապես ղարաբաղյան հակամարտության ընթացքում տուժածներին օգտակարություն ցուցաբերելու ուղղությամբ։
Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց համատեղ իրականացված երկօրյա աշխատանքի համար՝ ընդգծելով, որ արծարծված խնդիրները մղում են ավելի զորացնելու և աշխուժացնելու Եկեղեցու ներկայությունը և ծառայությունը ժողովրդի և հատկապես երիտասարդության կյանքում։ «Երիտասարդության հետ տարվող աշխատանքը շատ կարևոր է։ Հայոց Եկեղեցին պետք է անի ամենը՝ զորավիգ լինելու հայ երիտասարդին, օգնելու նրան գտնել զանազան հարցերի պատասխանները և հաղթահարել իր կյանքում առկա մարտահրավերները։ Երիտասարդներն են վաղվա մեր առաջնորդները, նրանք են կերտելու մեր վաղվա օրը և ապահովելու մեր ժողովրդի ընթացքը գալիք ժամանակներում։ Կարևոր է, որ ժողովն անցկացվում է Հյուսիսային Ամերիկայում։ Մեծ աշխատանք կա առջևում, ծառայական մեծ դաշտ, և մենք էլ մեր հերթին պատրաստ ենք ավելիով նպաստել մեր թեմերին, որպեսզի իրենց աշխատանքները լավագույնս կարողանան իրականացնել։ Վստահ ենք, որ այս օրերին առնված որոշումները ցանկալի արդյունքներ կարձանագրեն, և կկարողանանք մեր Եկեղեցին էլ ավելի մերձեցնել մեր ժողովրդին և նրան առաջնորդել դեպի Եկեղեցի», - ասաց Նորին Սրբությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմական խորհուրդներին և թեմերի սպասավորներին, որոնց նվիրյալ աշխատանքով աշխույժ է պահվում ժողովրդի հոգևոր կյանքը Հյուսիսային Ամերիկայում։ Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ անդամներին Հայ Եկեղեցուն և նրա ծրագրերին ցուցաբերվող մշտական զորակցության, ինչպես նաև ժողովի աշխատանքներում կարևոր ներդրման համար։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play