Հիմա փորձ է արվում հիմնավորումներ գտնել՝ արդարացնելու գազի գնի նվազեցումը.Աշոտ Եղիազարյան


Հիմա փորձ է արվում հիմնավորումներ գտնել՝ արդարացնելու գազի գնի նվազեցումը.Աշոտ Եղիազարյան

  • 03-11-2016 18:10:49   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը

 

Պարոն Եղիազարյան, «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ վերանայելու գազի սակագինը։ Տնտեսագետներից շատերն ասում են, որ սա կարճաժամկետ ծրագիր է և իրական փոփոխություններ պետք չի ակնկալել։ Ձեր կարծիքով, արդյոք հնարավորություն կար այդ սակագինն ունենալ ավելի վաղ, բայց չենք ունեցել, որովհետև դրա համար չի եղել բավարար կամք։

 

Ես կարող եմ միայն եզրակացություններ անել՝ ելնելով  «Գազպրոմ Արմենիայի» կողմից հրապարակված փաստաթղթից, որտեղ փորձ է արվում ներկայացնել այն աղբյուրները, գործոնները, որոնք թույլ կտան սակագնի իջեցում։ Երեք գործոն է նշված. առաջինը կախված է Վրաստանի հետ բանակցություններից։ Հայտնի է, որ «Գազպրոմը» արդեն բավական երկար ժամանակ Վրաստանի հետ բանակցում է, որպեսզի Հայաստան մտնող գազատարի համար վճարի ոչ թե Հայաստան մտնող գազի 10 տոկոսի չափով ֆիզիկական ծավալներով, այլ դրամական միջոցներով։ Որքան հայտնի է, Վրաստանը դեռ չի համաձայնել վճարման նման մեխանիզմի հետ, և անգամ վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ «Գազպրոմը» սպառնացել է ընդհանրապես չօգտվել այդ գազատարից և Հայաստանի համար անհրաժեշտ ամբողջ գազը գնել Իրանից։ Դեռևս հայտնի չէ, թե ինչով կվերջանան այդ բանակցությունները։ Ենթադրել, որ դա կազդի սակագնի վրա, նշանակում է՝ Վրաստանին տրվող տարանցման վճարը պետք է նվազի, բայց հարց է՝ արդյոք Վրաստանը կհամաձայնի դրան։

 

Երկրորդ գործոնը, որ նշվում է այդ փաստաթղթում, այն է, որ սակագնի նվազում «Գազպրոմի» ֆինանսական պարտավորությունների և ներդրումների վերանայման հաշվին պետք է տեղի ունենա։ Սրանից կարելի է ենթադրել, որ որոշակի ներդրումային ծրագրեր կկրճատվեն։ Իսկ թե ինչ նկատի ունեն «ֆինանսական պարտավորություններ» ասելով, կդժվարանամ այս պահին ասել. կարելի է ենթադրել, որ գուցե աշխատողների թվաքանակի կրճատման հետ է կապված, թեև կարող են լինել նաև այլ գործոններ։

 

Երրորդ գործոնի մասով «Գազպրոմը» պետք է քննարկի հայաստանի գազի շուկայում իր գործունեության հեռանկարները։ Դա կարող է ենթադրել, որ շատ հնարավոր է վարկային միջոցներ առաջարկվեն, որոնց միջոցով կսուբսիդավորվի գազի գինը, ինչը Հայաստանի վրա լրացուցիչ բեռ կլինի, բայց այս պահին թույլ կտա նվազեցնել գազի գինը։

 

Չորրորդ կետը, որտեղ նշված է՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով, այնքան էլ պարզ չէ, բայց այդ կետից կարելի է ենթադրել, որ հնարավոր է Գազպրոմը որոշակի փոխառություններ տա Գազպրոմ Արմենիային, որպեսզի վերջինս ֆինանսական հնարավորություններ ունենա գազի սակագնի նվազման հետ կապված: Բայց սա չի նշանակում, որ դա կարող է մշտական լինել։ Այսինքն՝ սա նշանակում է, որ կարող է ժամանակավոր լինել և հետագայում փոխառությունների մարման պատճառով հետագայում սակագինը  բարձրանա։ Սա ընդամենը ենթադրվող տարբերակ է։ Այս պահին չենք կարող ասել, որ 100 տոկոսով այդպես է, բայց կարելի է նման հետևությունների հանգել, մանավանդ որ երկրորդ կետում նախատեսված է Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ: Ըստ էության՝ երկրորդ և չորրորդ կետերը կորելացվում են, այսինքն՝ հիմա միջոցառումներ են ձեռնարկում, որպեսզի սպառման ծավալներն աճեն, շուկան կայունանա, իսկ հետո ինչպիսի վարքագիծ կդրսևորի սակագինը, այդքան էլ պարզ չէ։

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նորմալ է գնահատել «Գազպրոմ Արմենիայի» առաջարկները։ Ստացվում է, որ գազի գինը նվազեցնելու հնարավորությունը միշտ եղել է, բայց ՀԾԿՀ-ն ոչինչ չի՞ ձեռնարկել այս ուղղությամբ։ Ինչո՞ւ է հիմա նման բան նախաձեռնվում։

 

Հասկանալի է, որ չեն կարող հայտարարել, որ գազի գինը նվազեցվում է, որովհետև դրա համար հնարավորություններ կան։ Դա կնշանակի, որ նախորդ տարիներին եղել է այդ հնարավորությունը և պարզապես թալան է իրականացվել։ Բնական է, որ նման հայտարարություն միանշանակ չի լինի, բայց այն հրապարակումը, որ եղավ, ցույց է տալիս, որ փորձ է արվում որոշակի հիմնավորումներ գտնել՝ արդարացնելու համար գազի գնի նվազեցումը։ Ես համոզված եմ, որ դա նախկինում էլ հնարավոր էր, համոզված եմ, որ «Գազպրոմը» ծախսերն ուռճացնում է, այնուամենայնիվ, այնքան էլ պարզ չէ այս ամենը, մանավանդ երրորդ կետը, ըստ որի «Գազպրոմը» պետք է միջոցառումներ ձեռնարկի Հայաստանի գազի շուկայում իր հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։ Այստեղ կա որոշակի մտահոգություն, որ «Գազպրոմի» կողմից կարող է աջակցության առաջարկ լինել, բայց ոչ թե գնի նվազեցման, այլ որոշակի ֆինանսական միջոցների ներդրման հաշվին՝ Հայաստանի համար վարկի տեսքով։

 

Գազի սակագնի նվազումն ի՞նչ ազդեցություն կունենա էլէկտրական էներգիայի սակագնի վրա, հնարավո՞ր է, որ նվազի նաև էլէներգիայի սակագինը։

 

Որքանով կնվազի գազի գինը ՋԷԿ-երի համար, այդքանով էլ հնարավորություններ կստեղծվեն էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու համար։ Բայց քանի դեռ վրացական կողմից չկա պատասխան, վաղ է խոսել սակագների նվազման մասին։ 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play