ՎԶԵԲ-ը տեղական արժույթով վարկ է տրամադրում Հայաստանի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին


ՎԶԵԲ-ը տեղական արժույթով վարկ է տրամադրում Հայաստանի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին

  • 15-12-2016 18:52:14   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին (ԱԿԲԱ) տրամադրում է տեղական արժույթով վարկ՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար ՀՀ դրամով:
 
Այդ միջոցները կաջակցեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը, հատուկ ուշադրություն դարձնելով միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ), ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին:
 
5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը հետագա վարկերի տեսքով կտրամադրվի կենսունակ և զարգացող ՄՓՄՁ-ներին, որոնց համար  ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, մնում է սահմանափակ: Բացի այդ, ծրագիրը կաջակցի Հայաստանում կանանց ձեռներեցությանը՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին բիզնեսներին տրամադրելով հետագա վարկեր 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:
 
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է,և ունի գերիշխող դիրք մասնավորապես գյուղատնտեսության և ՄՓՄՁ-ների վարկավորման բնագավառում: Նրա ընդարձակ ցանցը՝ 57 մասնաճյուղ Հայաստանի բոլոր մարզերում, թույլ է տալիս ամբողջ երկրում հասանելի լինել բազմաթիվ պոտենցիալ հաճախորդների համար:
 
ՎԶԵԲ-ի՝ Կանայք բիզնեսում ծրագիրը ստեղծվել է ամրապնդելու կանանց դերը տնտեսության մեջ, և մինչ օրս հաջողությամբ իրականացվել է աշխարհի 25 երկրներում, որտեղ Բանկը ներդնումներ է իրականացնում: Այն ապահովում է ֆինանսավորման հասանելիությունը՝ տեղական բանկերին վարկային գծերի միջոցով, ինչպես նաև կին ձեռներեցներին և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին բիզնես խորհրդատվություն, ուսուցում և աջակցություն տրամադրելու միջոցով:
 
Ծրագիրը համատեղում է ֆինանսավորում, տեխնիկական օժանդակություն, տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցում՝ առաջին կորուստը ծածկելու ձևաչափով, և խորհրդատվություն բիզնեսներին՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին օժանդակելու նպատակով: Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:
 
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար՝ Մարկ Դեյվիսն ասել է. « ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ՎԶԵԲ-ի բազմամյա հաճախորդն է, և մենք տարիների ընթացքում համագործակցել ենք բազմաթիվ ծրագրերի շրջանակներում: Սա ևս մեկ ծրագիր է, որը կարող է մեզ օգնել ձեռք մեկնել բիզնեսներին մարզերում՝ շնորհիվ ԱԿԲԱ բանկի ակտիվ գործունեությանը գյուղական շրջաններում: ՎԶԵԲ-ը մտադիր է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը փոքր բիզնեսների և կին ձեռներեցների համար, հատկապես տեղական արժույթով: Մենք համոզված ենք, որ այս վարկը հաջողությամբ հասանելի կդառնա նոր ընկերությունների համար Հայաստանի բոլոր անկյուններում»:
 
«Մենք շատ  ենք կարևորում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ՎԶԵԲ-ին համարում ենք մեր ստրատեգիական կարևորագույն գործընկերներից մեկը: Կնքվող վարկային պայմանագիրը, որի միջոցները մենք ուղղելու ենք ինչպես կանանց ձեռներեցության աջակցմանը, այնպես էլ այլ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, թույլ կտա ավելի մեծացնել նշված ուղղություններում մեր կողմից իրականացվող ներդրումները: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և ՎԶԵԲԸ արդեն իսկ կնքել են ավելի քան 10 պայմանագիր: Համոզված եմ, որ հետագայում նույնպես ունենալու ենք արդյունավետ համագործակցություն»,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
 
Հայաստանի Հանրապետությունում 1992թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.11 մլրդ եվրո 153 ծրագրերում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play