Հայաստանում որևէ անձ ներկա կառավարման համակարգով, ներկա իշխանությամբ չի կարող արմատական բարեփոխումներ իրականացնել.Արմեն Մարտիրոսյան


Հայաստանում որևէ անձ ներկա կառավարման համակարգով, ներկա իշխանությամբ չի կարող արմատական բարեփոխումներ իրականացնել.Արմեն Մարտիրոսյան

  • 22-12-2016 18:38:13   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

 

Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Սեյրան Օհանյանի քայլը և հնարավոր համարո՞ւմ եք նրա հետ դաշինք կազմի Ժառանգությունը։

 

Նորմալ եմ գնահատում, որովհետև երկար ժամանակ բարձր պաշտոններ է վարել պաշտպանության համակարգում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, ազատամարտիկ է, բանակի և կայացման, և ձևավորման, և զարգացման ակունքներում է  կանգնած։ Այդ առումով ակնհայտ է, որ ունի ադմինիստրատիվ շատ մեծ փորձ և, բացի դա, համակարգի մեջ լինելով՝ եթե մեռնում է  համակարգը, և նոր որակի կառավարման համակարգի մասին է խոսում, սա նշանակում է՝ իրեն ևս չի բավարարում այս համակարգը և կարող է շատ առարկայական ներկայացնել այդ համակարգի բաց տեղերը։

 

Իբրև ռազմական գործիչ՝ Սեյրան Օհանյանը խոցելի չէ՞։

 

Անձը, ով Հայաստանում եղել է իշխանության մեջ, եղել է համակարգի մաս, արդեն իսկ խոցելի է, անկախ նրանից՝ իր գործունեության ընթացքում արդյոք կոպիտ սխալներ եղել են, թե ոչ։ Բայյց եթե Սեյրան Օհանյանը շատ խոցելի տեղեր ունենա, կարծում եմ՝ դուրս չէր գա համակարգից, առավել ևս, որ իրեն պաշտոններ առաջարկվել են։ Երկրորդ, կարծում եմ՝ այդպիսի ակտիվություն չէր ցուցաբերի, որովհետև որևէ մեկը չէր ցանկանա թիրախ դառնալ։

 

Որքանո՞վ է հնարավոր Սեյրան Օհանյանի և «Ժառանգության» համագործակցությունը։

 

«Ժառանգության» և Սեյրան Օհանյանի համագործակցության առումով կարող եմ ասել միայն հետևյալը, որ մենք ունենք մեր պատկերացումները, որ Հայաստանը պետք է վերականգնի իր ինքնիշխանությունը և Հայաստանում պետք է արմատական բարեփոխումներ իրականացվեն։ Եթե այս նպատակներին հասնելու ուղղությամբ, որը պետք է սկսի իշխանափոխությունից, նույնականություն կլինի, ապա համագործակցությունը հավանական կարող է լինել ինչպես Սեյրան Օհանյանի, այնպես էլ այլոց հետ։ Մենք ինչպես միշտ համագործակցել ենք ոչ թե անունների շուրջ, այլ համագործակցելու ենք բացառապես մեր նպատակների, խնդիրների շուրջ և փորձելու ենք այս ծայրահեղ իրավիճակից Հայաստանը միասնական ջանքերով դուրս բերել։ Հակառակ պարագայում իմաստ չի ունենա որևէ ձևով դաշինքային հարաբերության մեջ մտնել, որովհետև «Ժառանգությունը» խնդիր չունի խորհրդարան անցնելու։ Առանց որևէ դաշինքի «Ժառանգությունը» հանգիստ խորհրդարանում կլինի, բայց քանի որ մեզ համար խորհրդարանում հայտնվելը գերնպատակ չէ, այլ ընդամենը միջոց, ուստի փորձում ենք մեզ համար կարևոր նպատակին հասել, այլ ոչ թե ինչ-որ կարճաժամկետ կտրվածքով խնդիր լուծել։

 

Պարոն Մարտիրոսյան, մենք տեսնում ենք, որ Ամարասի Արթուրի գլխավորած «Միասնական Արմենիա» շարժումն է միանում Սեյրան Օհանյանին։ Հիմա եթե նաև «Ժառանգությունը», «Համախմբումը», էլի ուժեր միավորվեն, այդ ձևաչափն այլընտրանք կլինի՞ իշխանությանը։

 

Ակնհայտ է, որ ցանկացած պարագայում իշխանությանն այլընտրանք կլինի այն ժամանակ, երբ մենք փորձենք նաև այնպիսի օրակարգ առաջ քաշել, որը մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից ընդունելի կլինի։ Իհարկե, այս պահին դժվար է գնահատական տալ՝ արդյոք դա բավարար կլինի, թե ոչ։ Պետք է նայել, թե վերջնարդյունքում ովքեր կլինեն դաշինքում, որից հետո միայն հնարավոր կլինի գնահատական տալ։ Ակնհայտ է, որ պաշտպանության նախկին նախարար և ԱԳ նախկին նախարար՝ վատ միավորում չէ, բայց ոչ միայն պետք է վատ միավորում չլինի, այլ նաև ուժեղ միավորում լինի։ Եվ հասարակության, և սփյուռքի աջակցությունն ստանալու համար, և միջազգային գործընկերների կողմից ընկալելի լինելու համար։ Դրա համար ճիշտ գնահատականը կարող ենք տալ, երբ վերջում տեսնենք, թե ինչ միավորում է այն իրենից ներկայացնում:

 

Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի 100 օրը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա գործունեությունը։

 

Ես միայն կարող եմ ասել, որ բանանն այն խանութում, որտեղից ես առևտուր եմ անում, նույն գնին մնացել է, ոչինչ չի փոխվել։ Սա խոսում է այն մասին, որ համակարգի մեջ գտնվող անձը, որը առանց համակարգը փոխելու փորձելու է ինչ-որ բան փոխել, դա ընդամենը լինելու է ձևական, ժամավաճառություն, շոու, ընդամենը նախընտրական թոզփչոցի, բայց ոչ ավելին։ Հայաստանում որևէ անձ ներկա կառավարման համակարգով, ներկա իշխանությամբ չի կարող արմատական բարեփոխումներ իրականացնել։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի ապացուցման կարիքը Հայաստանում որևէ մեկը չունի։ Մեկ անգամ չէ, որ դա ապացուցվել է:

 

Այսօրվա իրավիճակում, երբ ունենք տնտեսական ծանր վիճակ և թերակատարված բյուջե, ի՞նչ շանսեր ունի իշխանությունը հաղթելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում։

 

Հայաստանում որքան քաղաքացիների թիվը քչանում է, այնքան ընտրողների թիվն է ավելանում ցուցակներում, և որքան սոցիալ-տնտեսական իրավիճակը վատանում է, այնքան իշխանություններն ավելի շատ ձայն են ստանում։ Դա մի պատճառ ունի, որը կոչվում է ընտրակեղծարարություն։ Իշխանությունը երբեք ընտրողի քվեի հույսին չի մնացել, իր հույսն ինչպես եղել է, այնպես էլ մնում է բացառապես ընտրակեղծարարի ձեռքը։ Այլ միջոցի իշխանությունը չի էլ ցանկանում դիմել։ Ինքն իր ստեղծած համակարգով, իր ստեղծած ընտրակեղծարարով կմասնակցի ընտրություններին, առավելևս, որ ընտրակեղծարարների գործը հեշտացել է այդ ռեյտինգային կոչվող ապաքաղաքական, ապակուսակցական համակարգը ներդնելով։

 

Սեյրան Օհանյանի հայտարարությունում այդպիսի մտահոգություններ, քննադատություններ չհնչեցին։

 

Սեյրան Օհանյանն ընդամենը հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին, այլ բան չի հայտարարել։ Դրա համար ես իմ հարցազրույցներում ասում եմ՝ կսպասենք, կտեսնենք Սեյրան Օհանյանի գնահատականներն, ուերձներն, իր մոտեցումները։ Ակնհայտ է, որ նա խոսել է նոր որակի կառավարման համակարգի մասին, խոսել է անվտանգության մասին։ Իսկ անվտանգությունը ոչ միայն ռազմական, պաշտպանական, այլև առաջին հերթին բարոյագոհեբանական, սոցիալ-հոգեբանական, դեմոգրաֆիկ բաղադրիչ ունի։ Կարսի բանալիները տվեցին ոչ թե այն պատճառով, որ Կարսում զինվոր ու զենք չկար, թույլ պաշտպանական գոտի էր, այլ այն պատճառով, որ քաղաքը բարոյահոգեբանական խայտառակ վիճակում էր, և անառիկ Կարսը ուղղակի նվեր տվեցին թուրքերին։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play