Ըստ Վահան Շիրխանյանի, Հայաստանի ներկայիս ընդդիմությունն ի<br /> վիճակի չէ հասնել արտահերթ ընտրությունների<br />


Ըստ Վահան Շիրխանյանի, Հայաստանի ներկայիս ընդդիմությունն ի
վիճակի չէ հասնել արտահերթ ընտրությունների

  • 16-11-2009 18:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) դեմ է Թուրքիայի հետ որեւէ հարաբերության, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չի սկսել վնասների փոխհատուցման գործընթացը: ՍԴՀԿ-ի այս դիրքորոշումը նոյեմբերի 16-ի ասուլիսում եւս մեկ անգամ բարձրաձայնել է կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նա նշել է, որ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե սահմանի բացումը շահավետ կլինի Հայաստանի համար: «Սուտ է: Հայաստանը չի զարգանա սահմանի բացման դեպքում, որովհետեւ Հայաստանն այսօր Թուրքիայում ներդնում է 270 մլն եվրո, իսկ Թուրքիան Հայաստանում` ընդամենը 1 մլն 700 հազար եվրո, եւ այս հարաբերակցությունը սահմանի բացման դեպքում մնալու է նույնը: Տնտեսական որեւէ օգուտ մենք չենք ունենալու»,- հայտարարեց Վ.Շիրխանյանը` հավելելով, որ ապրանքները շարունակվելու են ներկրվել Ստամբուլից, եւ ոչ թե Կարսից: Ըստ նրա, իշխանությունների վարած քաղաքականության վրա ժողովուրդը դեռեւս ազդել չի կարողանում, սակայն եթե զարգացումները «ակնհայտ վնասաբեր լինեն Հայաստանի համար, ապա ժողովուրդը ոտքի կկանգնի»,- ասել է Վ.Շիրխանյանը: Նրա խոսքերով, «եթե սեպտեմբերի 1-2-ին ընդդիմությունը կոչ աներ եւ ժողովրդին հաներ փողոց ու պահեր մի քանի օր, ապա այս արձանագրոթյունները չէին ստորագրվի, եւ հնարավոր կլիներ հասնել արտահերթ ընտրությունների»: ՀՅԴ կողմից ճիշտ քայլ համարելով փողոց դուրս գալը, Վ.Շիրխանյանն այնուամենայնիվ կարծում է, որ Դաշնակցությունը չունի ընդդիմության այն կարգավիճակը, որն ունի Հայ Ազգային կոնգրեսը: Միաժամանակ Վ.Շիրխանյանը գտնում է, որ ներկայիս ընդդիմությունն ի վիճակի չէ հասնել արտահերթ ընտրությունների: Իսկ եթե ժողովուրդը երկրի համար ռեալ սպառնալիք տեսնի, ապա կձեւավորվի նոր ընդդիմություն, որը եւ կիրականացնի իշխանափոխություն: Վ.Շիրխանյանը նաեւ նշել է, որ թեեւ ՍԴՀԿ-ի տեսակետները չեն համընկնում ՀԱԿ-ի տեսակետներին, այնուամենայնիվ ինքը Կոնգրեսից դուրս գալու անհրաժեշտություն չի տեսնում, որովհետեւ «սահմանադրական կարգի վերականգնումը մնում է որպես խնդիր»: Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախկին, իսկ ներկայումս ՍԴՀԿ-ի Կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ Վարդան Խաչատրյանն արտահերթ ընտրությունների հնարավորությունը պայմանավորում է հայ-քուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումներով, նաեւ` միջազգային ճնշմամբ: Նա համոզված է, որ եթե լարվածությունն աճի, ապա հասարակության մեջ անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ, եւ որեւէ բան բացառել չի կարելի` ո'չ արտահերթ ընտրություններ, ո'չ իշխանափոխություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play