Գնդակը հիմա կաթողիկոսի դաշտում է


Գնդակը հիմա կաթողիկոսի դաշտում է

  • 23-03-2017 19:26:30   | Թուրքիա  |  Հասարակություն

 
 
Այս տարվա մարտի 15-ին Կոնստանդնուպոլսի (Ստամբուլի) հայոց պատրիարքական տեղապահի ընտրությամբ պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնն, ըստ էության, կորցրած Արամ Աթեշյանը հայտարարել է, որ, չնայած տեղապահի ընտրությունների արդյունքներին, չի պատրաստվում հրաժարական տալ։ Նա այսպիսով փորձում է օրակարգից հանել պատրիարքի ընտրությունների անցկացումը։
Արամ սրբապիղծ Աթեշյանը, Ստամբուլում լույս ընծայվող «Ակօս» թերթի տեղեկացմամբ,  իր տված հարցազրույցների մեջ շեշտել է, թե պետության կողմից պաշտոնապես ճանաչում ստացած փոխանորդ է: ԶԼՄ-ների` այս թեմայով վերջին հրապարակումնների համաձայն, Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ հայտարարել է նաև, որ պաշտոնավարելու է այնքան, որքան որ Թուրքիայի իշխանությունները նպատակահարմար համարեն դա։ Ասել է նաև, որ Ստամբուլի նահանգապետարանից ուղարկված գրության ու ընտրությունների արդյունքների չեղարկման վերաբերյալ Պոլսի Հայոց պատրիարքարանը չի ներկայացնելու որևէ պաշտոնական բացատրություն կամ հայտարարություն։
Ակնհայտ է, որ այս մարդն իրեն չհասկացողի տեղ է դրել, իբր թե չի հասկանում, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ս. թ. փետրվարի 23-24-ին տեղի ունեցած հանդիպումների, ժողովների արդյունքում իր մասնակցությամբ ձեռք բերված ընդհանուր համաձայնությունից հետո այժմ որևէ նշանակություն չունի` ինքը հրաժարական տալի՞ս է, թե չի տալիս:
Ընդգծենք, որ վերոնշյալ հանդիպումները, ժողովները, քննարկումները տեղի են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, դրանց արդյունքում ձեռք է բերվել ընդհանուր համաձայնություն, եղել է նաև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի համաձայնությունն առ այն, որ «Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով Եկեղեցական համագումար ժողովը մինչև ս. թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները»:
Հիմա, սակայն, Արամ սրբապիղծ Աթեշյանը համարում է ու հայտարարել է, թե ինքը Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդն է և շարունակում է Պատրիարքական ընդհանուր փոխանորդի իր լիազորությունները, ինչը նշանակում է և՛ իր իսկ տված համաձայնության դրժում, և՛ Եկեղեցու կանոնակարգին անհնազանդություն, այդ կանոնակարգի ոտնահարում, և՛ արհամարհանք կամ առնվազն հարգանքի բացակայություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հիշյալ ժողովներին ու համաձայնության կայացմանը մասնակից բոլոր մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ: Մայր Աթոռում կայացված հիշյալ համաձայնությունն, ըստ էության, առոչինչ համարելով, Աթեշյան սրբապիղծն, ըստ էության, ձեռնոց է նետել այդ համաձայնության բոլոր մասնակիցներին, նրանց թվում, նախևառաջ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այսինքն` ես իմ զբաղեցրած աթոռից չեմ հեռանում, տեսնեմ ինչ եք անում: Կարծում ենք, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն, ով 1999թ. Արամ Աթեշյանին իր ձեռամբ ձեռնադրել է եպիսկոպոս, իսկ հետագայում նաև արքեպիսկոպոս, նրան պետք է զրկի հոգևոր այդ բարձր աստիճաններից, ավելի ճիշտ, ընդհանրապես կարգալույծ անի:
Ինչպես արդեն հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքական տեղապահի ընտրություններում ձայների 23 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է Պոլսի պատրիարքական տեղապահ։
Միայն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Արամ Աթեշյանը ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի գրություն, ըստ որի, պատրիարքական տեղապահի ընտրությունների անցկացումը իրավական առումով անհնարին է։
Ստամբուլի նահանգապետի տեղակալ Ազիզ Մերջանի ստորագրությամբ հիշյալ նամակում նախ նշված է, թե ԶԼՄ-ների հրապարակած տեղեկություններից հայտնի է դարձել, որ 2017թ. մարտի 15-ին պետք է կայանան տեղապահի ընտրություններ և այդպիսով գործնականում պետք է կայանա պատրիարքական ընտրության առաջին փուլը: Այնուհետև գրված է.
«Նախապես 16 փետրվար 2017-ին Պատրիարքարանի մեջ տեղի ունեցած ժողովի պահին կատարված անցանկալի դեպքերը նկատի առնելով, համայնքային անդորրը պահելու և պառակտումները կանխելու համար կնշենք, որ այժմյան պատրիարքական փոխանորդը շարունակում է իր պաշտոնը և, պատրիարքի ընտրության հետ առնչված ավանդությունների համաձայն, այս պայմանների մեջ անկարելի է պատրիարքի ընտրության գործադրությունը»:
Անցած ավելի քան մեկ դարը ոչինչ չի փոխել. նույն խորամանկ ու նենգ թուրքի հետ գործ ունենք, արտաքուստ կեղծավորաբար նշելով, թե «համայնքային անդորրը պահելու և պառակտումները կանխելու համար», այսինքն` այդ մտահոգությամբ, շահագրգռությամբ են նշում, որ այս պայմանների մեջ անկարելի է պատրիարքի ընտրության գործընթացը կամ այդ ընտրության կատարումը, Ստամբուլի նահանգապետի տեղակալը և նահանգապետը, որի անունից էլ, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, հանդես է եկել նրա տեղակալը, ըստ էության, սադրում ու հրահրում են համայնքային անդորրի խախտում, թերևս նաև պառակտումներ:
«Ակօս» թերթի տեղեկացմամբ, Արամ Աթեշյանը նահանգապետարանի նամակը ստացել է տեղապահի ընտրությունների մեկնարկից առաջ՝ 13:47-ին, բայց սպասել է մինչև ժամը 15:00-ին սկսված ընտրությունների արդյունքները: Աթեշյանը միայն ընտրություններում իր պարտության հայտնի դառնալուց հետո է հրապարակել հիշյալ նամակը:
Հենց վերոնշյալ փաստն էլ հիմք է տալիս մտածելու, որ Աթեշյանն ի սկզբանե գաղտնի պայմանավորվածություն է ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ։ Պոլսի Հայոց պատրիարքարանի ղեկից «Էրդողանի մարդու» պիտակին արժանացած (նկատենք՝ ոչ առանց հիմքի) Աթեշյանի կանխատեսելի հեռացումը վերջնահաշվում թույլ չտալու համար ի սկզբանե պատրաստվել է ընտրությունների իբր անօրինական լինելու մասին գրություն, որը, կախված ընտրությունների արդյունքներից, հրապարակվելու էր կամ ոչ։ Հրապարակվեց, մինչդեռ պարզ է, որ եթե ընտրությունների տեղապահ ընտրվեր Աթեշյանը, նահանգապետարանից ստացված նամակը չէր հրապարակվելու, Թուրքիայի իշխանությունները ճանաչելու էին ընտրությունների արդյունքները։
Հիմա Թուրքիայի իշխանությունների նպատակն այդ նամակով նաև տեղապահի ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելն է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 15-ի ընտրությունների արդյունքում հաղթած Կ. Պոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Գերմանիայից (Քյոլնից) օրերս նամակ է հղել ս. թ. մարտի 15-ին տեղապահի ընտրությամբ Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը կորցրած Արամ սրբապիղծ Աթեշյանին, որում մասնավորապես նշված է.
«15 Մարտ 2017–ին Պոլսոյ Պատրիարքարանին մէջ գումարուած եկեղեցական համագումարի ընթացքին կատարուած պատրիարքական տեղապահի ընտրութեան արդիւնքը ծանօթ է Ձեգի։ Այս ընտրութիւնը տեղի ունեցած է համապատասխան մեր եկեղեցւոյ աւանդութութիւններու եւ կարգ ու կանոններու շրջագիծին մէջ։ Ուստի, ամէն առիթով կուսակալութենէն եկած նամակը հրապարակել եկեղեցական իշխանութեան կամքին վրայ շուք տարածելու տպաւորութիւնը կը թողու։ Հետեւաբար կըյանձնարարեմ ետ կենալ նման կեցուածքէ, յատկապէս յարգեյու համար Հայաստանյայց Եկեղեցւոյ կարգն ու կանոնները»։
Փաստն այն է, որ Արամ սրբապիղծ Աթեշյանն անտեսել է տեղապահի վերոնշյալ հանձնարարությունը: Ստեղծված իրավիճակում Տ. Սահակ եպսկոպոս Մաշալյանը, որը տեղապահի փոխանորդն է, ստիպված է եղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մի նամակ ուղարկել, որով նշել է, որ մեծապէս կարիքն ունեն կաթողիկոսի հայրապետական նեցուկի և օգնության, որպեսզի Գարեգին սրբազանը կատարելապես կարողանա կատարել փոխանցման շրջանի իր պարտականությունները և պատրիարքական ընտրությունների կազմակերպումը։  Նամակում նշված է, որ Արամ Աթեշյանը դժբախտաբար համառում է, փոխանորդի իր կարգավիճակը չի թողնում` հակառակ մեր եկեղեցու կարգի և կաթողիկոսի ներկայությամբ կատարված համաձայնության, շփոթանք և խառնակություն է  ստեղծում եկեղեցական և համայնքային կյանքի մեջ: Սահակ սրբազանը խնդրում է կաթողիկոսի միջամտությունը.
«Ձերդ Սրբութեան տեղին միջամտութիւնը մեծապէս պիտի սատարէ մեր փոթորկալից Աթոռի եւ պոլսահայ համայնքին անդորրութիւնը վերահաստատելու համար»,- նշված է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հիշյալ նամակում:
Տեղեկացնենք նաև, որ Գերմանիայի հայոց հոգևոր թեմի առաջնորդարանի ծխական խորհուրդը շնորհավորական նամակ է ուղղել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին` Պոլսի Հայոց պատրիարքական տեղապահ ընտրվելու կապակցությամբ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play