Ստամբուլի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում` ընդդեմ հանրաքվեի արդյունքների
17-04-2017 13:51:14 | Թուրքիա | Հասարակություն
Թուրքիայում հանրաքվեի արդյունքները հայտարարելուց հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել Ստամբուլի փողոցներ ինքնաբուխ բողոքի ակցիաներ իրականացնելու համար: korrespondent.net-ի փոխանցմամբ` Ստամբուլի մի քանի շրջանների բնակիչները ոչ սովորական ձևով են իրենց բողոքն արտահայտել, մասնավորապես, նրանք թմբկահարել են թավաները և կաթսաները` կախվելով իրենց տների պատշգամբներից:
Reuters գործակալության փոխանցմամբ` նման բողոքի ակցիաներ իրականացվել են քաղաքի առնվազն չորս շրջաններում: Թուրքիայի խոշոր երեք քաղաքաները, արդ թվում նաև Ստամբուլը, նախնական տվյալներով դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
Կիրակի կայացած քվեարկության արդյունքում Թուրքիան խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարում նախագահականի:
Էրդողանի կողմնակիցները նշել են, որ դա հնարավորություն կտա արդիականացնել երկիրը, սակայն նրա հակառակորդները մտավախություն ունեն, որ այդպիսով երկրում կմեծանա ավտորիտարիզմը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն իսկ կասկածի տակ է դրել հանրաքվեի լեգիտիմությունը: