Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի<br /> 9-րդ նիստի շրջանակներում կնքվեց փոխըմբռնման հուշագիր<br />


Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի
9-րդ նիստի շրջանակներում կնքվեց փոխըմբռնման հուշագիր

  • 27-01-2010 20:14:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 27-ին Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակներում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ Իրանի Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին ստորագրեցին «Հայ-իրանական միջկառավարական հանձանժողովի 9-րդ համատեղ նիստի փոխըմռնման հուշագիր»: Ինչպես նշեց Ա.Մովսիսյանը, փաստաթուղը զարգացման բավականին մեծ հեռանկար է բացում երկու երկրների տնտեսությունների եւ ժողովուրդների համար: Փաստաթուղթն իր մեջ ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները, ինչպես նաեւ մշակույթը: «Մնում է միայն աշխատել, որպեսզի այս ծրագրերը կարողանանք կյանքի կոչել: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր իրանացի գործընկերներին, Մ.Մոթաքիին այն կառուցողական մոտեցումների համար, որի արդյունքում ստեղծվեց այս փաստաթուղթը: Եվ վստահ եմ, որ հաջորդ միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կարձանագրենք բավականին դրական տեղաշարժեր»,- ասաց Ա.Մովսիսյանը: Ըստ Մ.Մոթթաքիի, երկու երկրների ղեկավարներն ունեն հաստատուն կամք` հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման ուղղությամբ, իսկ նախարարները, մասնավոր հատվածը պարտականություն ունեն իրագործել այն ռազմավարությունը, որը մշակվել է երկու երկրների ղեկավարների կողմից: Նա եւս նշեց, որ այս փաստաթուղը բոլոր ոլորտների ներկայացուցիչների հավաքական ջանքերի արդյունքն է` սկսած առեւտրից, գյուղատնտեսությունից, տրանսպորտային խնդիրներից, էներգետիկայից, մինչեւ մաքսային խնդիրների դյուրացում: Իրանի արտգործնախարարը նաեւ տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել են առեւտրի ոլորտի որոշ խնդիրներ: «Մեր որոշումը կայանում է նրանում, որ եթե կան ապրանքներ, որոնք պետք է ներմուծվեն Հայաստան, ապա առաջնահերթությունը տրվի Իրանին: Եվ հակառակը, եթե Իրանը կարիք ունի ապրանքների ներմուծման եւ որոնք կան այստեղ, ապա առաջնահեթությունների մեջ լինի Հայաստանը»,- նշեց Մ.Մոթթաքին` հավելելով, որ բարեփոխումներ պետք է կատարվեն այն ենթակառուցվածքներում, որոնք նպաստում են առեւտրի զարգացմանն ու առեւտրաշրջանառության ավելացմանը: ԻԻՀ-ի արտգործանախարը, անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպմանը, կարեւոր համարեց այն, որ նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում 3 ռազմավարական նախագծերի, որոնք Իրանի եւ Հայաստանի հարաբերություններին նոր բնույթ կհաղորդեն: Դրանք են` տրանսպորտային ոլորտում երկու երկրների միջեւ ուղիղ երկաթուղային կապի ստեղծումը եւ նոր ճանապարհի կառուցումը, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի եւ նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցումը: Ըստ նրա, այս երեք նախագծերի վերաբերյալ հուշագրում ամրագրված կետերի իրագործման դեպքում Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները էական փոփոխության կենթարկվեն: «Մենք ուրախ ենք, որ մեր հարեւան եւ բարեկամ երկիր Հայաստանը այս նախագծերի իրականացման առանցքային դերակատարություն է ձեռք բերելու` հյուսիս-հարավ առանցքի, տրանսպորտային եւ տարանցիկ խնդիրների առումով»,- ընդգծեց Մ.Մոթթաքին: Նշենք, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց նաեւ Զարգացման հայկական գործակալության եւ Իրանի ներդրումների տնտեսական եւ տեխնիկական աջակցության կազմակերպության միջեւ` Իրան-Հայաստան ներդրումային կոմիտե ստեղծելու մասին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն