Արթուր Աբրահամն այցելել է Մասիսի երիտասարդական կենտրոն և քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի շինհրապարակ


Արթուր Աբրահամն այցելել է Մասիսի երիտասարդական կենտրոն և քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի շինհրապարակ

  • 23-05-2017 13:40:51   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մայիսի 22-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի  Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հանդիպումը Երիտասարդական կենտրոնի մասնակիցների և  քաղաքի բնակիչների հետ:
Երեխաների հետ  զգացմունքներով հագեցած և անմիջական շփումից հետո նա այցելեց Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին և մարզական կենտրոնի հնարավորություններին:  
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծերի՝ Երիտասարդական կենտրոնի և  Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի  հեղինակներին՝ ի դեմս Գագիկ Ադիբեկյանի, այսպիսի հրաշալի նախաձեռնությունների համար: Ես տպավորված եմ Մասիսի երիտասարդությամբ, նրանց ակտիվությամբ, քաղաքի կյանքում նրանց ներգրավվածությամբ: Դուք ահռելի աշխատանք եք իրականացնում, և ես ավելի քան վստահ եմ, որ այս մարզահամալիրի կառուցման  շնորհիվ Հայաստանի սպորտի պատմության մեջ կունենանք նոր մարզիկներ, նոր անուններ, ովքեր մի շարք հեղինակային մրցումներում ի պատիվ մեր երկրի կբարձրացնեն հայկական դրոշը: 
Ցանկանում եմ, որ այսօր այստեղ ներկա և հետագայում մազահամալիրում մարզվող Մասիսի երեխաների անունները սերունդները հիշատակեն՝ որպես եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոններ: Սա նրանց մարզական կարիերայի երկար ճանապարհի կարևորագույն սկիզբն է լինելու»,- իր խոսքում նշեց Արթուր Աբրահամը: 
Ընտանեկան մարզահամալիրը ներառելու է մինի-ֆուտբոլի և բասկետբոլի բացօթյա  երկու  մարզահրապարակներ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի: Նախագծի իրականացման համար նախատեսված ներդրումը կկազմի  շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար:
Նախագծի իրականացումը ենթադրում է երկու փուլ. 2017 թվականի սեպտեմբերին  կբացվեն մարզական հրապարակները, իսկ համալիրի ամբողջական շինարարությունը կավարտվի 2018 թվականի հունիսին:
Հիշեցնենք, որ Մասիս քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 28-ին:
Մասիսի  Զարգացման հիմնադրամի  տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը բոլոր ներկաների անունից շնորհակալություն հայտնեց լեգենդար բռնցքամարտիկին  ժամանակի հատկացման  և  հետաքրքիր հանդիպման համար՝ նշելով, որ քաղաքի երիտասարդության և բնակիչների համար այս հանդիպումը վառ և անմոռանալի իրադարձություն է: Նա նաև վստահեցրեց, որ նման հանդիպումները կդառնան ավանդույթ և կմոտիվացնեն քաղաքի բնակիչներին: 
Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության հիմքում քաղաքի երիտասարդների և բնակիչների ներուժի զարգացումը, նրանց նախաձեռնությունների աջակցությունը և նրանց հնարավորությունների բացահայտման համար պայամանների ապահովումն է:
Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և կամավորություն: Ներկայումս  կենտրոն է այցելում 120  երեխա (մինչև  18 տարեկան): 
 
Նախագծերն իրականացնում են Adibekyan Family Foundation for Advancement-ը (AFFA)  և վերջինիս կողմից հիմնադրված Մասիսի զարգացման հիմնադրամը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play