«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երկու<br /> դատապարտյալների փախուստի գործով քննությունն ավարտվել է<br />


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երկու
դատապարտյալների փախուստի գործով քննությունն ավարտվել է

  • 08-12-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ավարտվել է նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ցմահ ազատազրկված դատապարտվյալներ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստի առթիվ նշանակված ծառայողական քննությունը: Ըստ Հայաստանի Արդարադատության նախարարության դեկտեմբերի 8-ի պաշտոնական հաղորդագրության, քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Գիզիրյանի հրամաններով, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կիրառվել են կարգապահական տույժեր: Ծառայությունից ազատվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետը, գլխավոր մասնագետը, հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետը, անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետը, երկու կրտսեր մասնագետներ: Պաշտոնի իջեցում է կիրառվել պետի տեղակալի, հերթապահ խմբի պատասխանատուի, օպերատիվ բաժնի պետի, օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի նկատմամբ: Խիստ նկատողություն է հայտարարվել ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի երկու գլխավոր մասնագետի նկատմամբ: Ըստ նույն աղբյուրի, ավարտվել է նաեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում ներքին կանոնակարգի խախտումներով կատարված լուսանկարահանման փաստի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունը: Քրեակատարողական վարչության պետ Ա.Գիզիրյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառվել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի եւ կրտսեր մասնագետի նկատմամբ: Ինչպես նախկինում հայտնվել է, հիմնարկի պետը հրաժարական էր ներկայացրել, որն ընդունվել է: Պաշտոնական աղբյուրը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի դրույթների համաձայն, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին` վերջիններիս համաձայնությամբ եւ հիմնարկի պետի թույլտվությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրականացնել լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց, պարզապես տվյալ դեպքում խախտվել են սահմանված ներքին կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են այցելության կարգին ու պայմաններին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play