Դատարանի որոշմամբ դադարեցվել է «Չորրորդ իշխանություն»
օրաթերթի հրատարակումը
10-11-2009 20:47:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 10-ին
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը լույս չի տեսել եւ դրա փոխարեն
կրպակներում հայտնվել է ձեւավորմամբ ու բովանդակային
ուղղվածությամբ նույնական «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: Իսկ
ընթերցող լսարանին հայտնի անունով թերթի տպագրությունը
դադարեցնելու համար հիմք է ծառայել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ
Խանդանյանի որոշումը: Այս մասին ասված է մի շարք հասարակական
կազմակերպությունների նույն օրվա հայտարարությունում:
«Նման որոշման առիթ է հանդիսացել տնտեսական վեճը «Գինդ»
տպագրատան եւ «ՉԻ» հրատարակիչ (լրատվական գործունեություն
իրականացնող) «Օգոստոս» գործակալության միջեւ: Մենք, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներս, համարում ենք, որ թերթի
տպագրության արգելմամբ խախտվել է տեղեկատվության ազատ տարածման
սկզբունքը: Նման որոշումը, ինչ պատճառաբանությամբ էլ այն կայացված
լինի, հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ «Մարդու
իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին»
Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներին: Ելնելով վերոհիշյալից`
մենք պահանջում ենք.
- չեղյալ հայտարարել ժողովրդավարության սկզբունքներին հակասող
դատական որոշումը,
- դադարեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ
հետապնդումը եւ ֆինանսական խնդիրները լուծել համապատասխան
հարթության վրա»,- ասված է հայտարարությունում, որը ստորագրել են
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը,
ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն «Բազմակողմանի
տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» կազմակերպությունը, Գյումրիի
ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Վանաձորի մամուլի ակումբը,
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը եւ Հայաստանի
հելսինկյան կոմիտեն: