Դատարանի որոշմամբ դադարեցվել է «Չորրորդ իշխանություն»<br /> օրաթերթի հրատարակումը <br />


Դատարանի որոշմամբ դադարեցվել է «Չորրորդ իշխանություն»
օրաթերթի հրատարակումը

  • 10-11-2009 20:47:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 10-ին «Չորրորդ իշխանություն» օրաթերթը լույս չի տեսել եւ դրա փոխարեն կրպակներում հայտնվել է ձեւավորմամբ ու բովանդակային ուղղվածությամբ նույնական «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: Իսկ ընթերցող լսարանին հայտնի անունով թերթի տպագրությունը դադարեցնելու համար հիմք է ծառայել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը: Այս մասին ասված է մի շարք հասարակական կազմակերպությունների նույն օրվա հայտարարությունում: «Նման որոշման առիթ է հանդիսացել տնտեսական վեճը «Գինդ» տպագրատան եւ «ՉԻ» հրատարակիչ (լրատվական գործունեություն իրականացնող) «Օգոստոս» գործակալության միջեւ: Մենք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, համարում ենք, որ թերթի տպագրության արգելմամբ խախտվել է տեղեկատվության ազատ տարածման սկզբունքը: Նման որոշումը, ինչ պատճառաբանությամբ էլ այն կայացված լինի, հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներին: Ելնելով վերոհիշյալից` մենք պահանջում ենք. - չեղյալ հայտարարել ժողովրդավարության սկզբունքներին հակասող դատական որոշումը, - դադարեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ հետապնդումը եւ ֆինանսական խնդիրները լուծել համապատասխան հարթության վրա»,- ասված է հայտարարությունում, որը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» կազմակերպությունը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Վանաձորի մամուլի ակումբը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեն:
Նոյյան տապան  -   Քաղաքական