Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն


Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն

  • 18-10-2017 14:18:58   | Բելգիա  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: 
Հոկտեմբերի 18-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: 
Նախագահն արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, մայր Հայաստանի եւ Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ: 
 
<<Չափազանց կարեւոր է, որպեսզի կայանա մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ եւ ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել մեր ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ>>,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Բակո Սահակյանը խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, ապրում նրա հոգսերով, անում հնարավորը տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար:
Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար <<Երախտագիտություն>> մեդալ է հանձնել  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին:  
Համագումարին ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play