Ջավախքի հյուսիս-արևելքում, այն վայրում, որտեղ Աբուլ-Սամսարի լեռները գրեթե ուղղայահաց կերպով մխրճվում են Թռեղքի լեռների մեջ, համանուն գեղատեսիլ լճի ափին է գտնվում Տաբածղուր գուղը: Հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղի մասին շատ բան կա գրելու և հիշատակելու արժանի: Քիչ չեն նաև այն տաբածղուրցիները, որոնց դրամատիկ կյանքի էջերը ևս արժե պահ տալ սերունդներին:
Հմայակ Գալոյանն այդպիսի տաբածղուրցիներից է: Ծնվել է 1892 թ. Ջավախքի Կորխ գյուղից Տաբածղուր տեղափոխված Բասենցյանների տոհմի շառավիղ Կիրակոսի և Մարիամի ընտանքիում: 22 տարեկան էր, երբ, որպես ցարական բանակի զինվոր, մեկնեց ռազմաճակատ. պայթել էր Առաջին աշխարհամարտը: Հիշողություններով այժմ դժվար է մատնանշել ճշգրիտ ամիսները և օրերը, այդուհանդերձ, հայտնի է, որ Հմայակը կարճ ժամանակ անց գերի է ընկել և տարվել Գերմանիա: Հայտնի է նաև, որ զինվոր Հմայակը եղել է այն գերիների թվում, որոնք կարճ ժամանակ անց ազատվել են: Ինչպես հետագայում վկայել է ինքը` Հմայակ Գալոյանը, իրենց ազատման և Գերմանիա տեղափոխման գործում մեծ դեր է խաղացել գերմանական պրոլետարիատի և սոցիալ-դեմոկրատական թևի կարկառուն ներկայացուցիչ Էռնստ Թելմանը: Կրկին դժվար է հստակ մատնանշել, թե ազատվելուց հետո որքան է Գերմանիայում ապրել Հմայակը: Հայտնի է սակայն, որ նա իր վրացի ընկերոջ հետ Գերմանիայում մի կարճ շրջան ապրել է մի բժշկի հարկի տակ, բուժվել և նույն բժշկի միջնորդությամբ և օժանդակությամբ աշխատել որպես փոստատար: Թե գերմանական որ քաղաքում է երիտասարդ Հմայակը հեծանվով լրագրեր ու նամակներ բաժանել` ժառանգներն արդեն մտահան են արել: Փաստ է սակայն, որ, աշխատելով այդ բնագավառում, Հմայակը կարճ ժամանակում կարողացել է տիրապետել գերմաներենին:
Դեռ ընթանալիս էր եղել պատերազմը, երբ, հավանաբար 1915 կամ 1916 թվականներին, Հմայակը, չանսալով բժշկի հորդորներին, այն է` մնալ Գերմանիայում և ամուսնանալ իր աղջկա հետ, թողնում է Գերմանիան և մեկնում հայրենիք: Ազգությամբ գերմանացի բժիշկը, բարձր գնահատելով Հմայակի համեստությունը, աշխատասիրությունը, նվիրվածությունն իր գործին և անչափ բարձր կարգապահությունը, ոչ միայն հոգում է Հմայակի ճանապարհածախսը, այլև քաջ գիտակցելով, որ Հմայակին հայրենիքում սպասում է ծանր մի ժամանակաշրջան, վերջինիս վարձատրում է մի կլորիկ գումարով, որը Հմայակն ստանում է բժշկից ոսկու տեսքով: Ցավոք, Հմայակը ճանապարհին հիվանդանում է ծանր ծովային հիվանդությամբ և մինչ Սև ծովի վրայով կհասներ Բաթումի նավահանգիստը, նրանից խլում են մոտը եղած իրերը` ոսկեղենի հետ միասին:
Հմայակ Գալոյանը, հասնելով հայրենի Տաբածղուր, տեղեկանում է, որ իր մի քանի տարիների բացակայության ընթացքում պատերազմը շատ բան էր փոխել գյուղում. մահացել էին ծնողները, եղբայրը, ով այրի կնոջ հետ միասին թողել էր երեք որբերին` Զարոյին, Մանյային ու փոքրիկ Սարգիսին: Երիտասարդ Հմայակը շրջում է գյուղով, ամենուր տեսնում թշվառություն, որբություն ու աղքատություն, մի պահ որոշում է նորից վերադառնալ Գերմանիա, անգամ այդ մտորումներով քայլում է դեպի գյուղից դուրս տանող ճանապարհով, սակայն նրան կանգնեցնում է գյուղի քահանան, հիշեցնում եղբոր որբերի գոյության մասին, և Հմայակը կրկին վերադառնում է գյուղ և լծվում եղբոր որբերին խնամելու գործին:
Հանգամանքների բերումով Հմայակի եղբոր այրին երկրորդ անգամ ամուսնանում է Ջավախքի ծայր հյուսիսային Մոդեգամ գյուղում, և Տաբածղուրում մնացած նրա երեք երեխաների խնամելու հոգսն ամբողջովին ընկնում է Հմայակի ուսերին: Առաջ անցնելով` ավելացնենք, որ Զարոն հետագայում ամուսնանում և տեղափոխվում է ծովափնյա Քոբուլեթ քաղաքը: Բավականին երկարատև են եղել նրա և իր հարազատների միջև բարեկամական կապերը, որոնք, սակայն, ներկայումս կտրված են: Դուստրերից Մանյան ամուսնացել է Ախալքալաքի գյուղերից մեկում, ով, ցավոք, ծննդաբերության ժամանակ մահացել է: Սարգիսն ամուսնացել է Տաբածղուրում, ում որդին` Իլյան, հետագայում իր ընտանիքով տեղափոխվել է Երևան:
Հմայակի եղբոր այրին` Կատարինեն, Մոդեգամում իր Լևոն անունով երկրորդ ամուսնուց լույս աշխարհ է բերում ևս երեք արու զավակների` Վարշամին, Պարույրին և Երվանդին: Արժե նշել, որ Հմայակի գերդաստանը` իր եղբոր զավակներով հանդերձ, ջերմ կապեր են ունեցել Մոդեգամում ապրող իրենց մոր, խորթ հոր և խորթ եղբայրների հետ և, ինչպես մեզ պատմում է Հմայակի միջնեկ աղջիկը` Աննա Գալոյանը, իրենք գրեթե տարբերություն չեն դրել իրենց վաղամեռիկ հորեղբոր` Տաբածղուրում բնակվող հարազատ և Մոդեգամում բնակվող խորթ որդիների միջև: Կատարինեի` Չախալյանների ընտանիքում ունեցած զավակներից Պարույրն ապրել է Մոդեգամում, Երվանդը բնակություն է հաստատել Թիֆլիսում, Վարշամը` Ախալքալաքում: Հետագայում էլ ավելի են ամրապնդվում Հմայակ Գալոյանի և եղբոր այրու` Կատարինեի որդիներից` Վարշամի բարեկամական կապերը, քանի որ Վարշամն ամուսնանում է Բարալեթ գյուղի դուստր Նինայի հետ, ում հայրը Հմայակի մորաքրոջ զավակն էր (Հմայակի մայրական կողմը սերում էր Ջավախքի Խորենիա գյուղից): Հավելենք նաև, որ Վարշամի և Նինայի որդիներից Ռուբեն Չախալյանը ջավախահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանի հայրն է:
«Նինան արտակարգ կին էր, նրա և հորեղբորս կնոջ` Չախալյանների ընտանիքում ունեցած բոլոր զավակների ու ընտանիքների հետ ունեցել ենք բարեկամական ու հարազատական ջերմ հարաբերություններ և լավ կլիներ, որ մեծերի կյանքից հեռանալուց հետո այդ հարաբերությունները փոխանցվեին սերունդերին: Ափսոս, որ մեր ջահելները չգիտեն անգամ, որ ունեն այդպիսի լուրջ բարեկամական հարաբերություններ Չախալյանների և հատկապես Վարշամ Չախալյանի ընտանիքի հետ» , - նշում է Աննա Գալոյանը:
Երիտասարդ Հմայակն ամուսնանում է Տաբածղուր գյուղի դուստր Սաթենիկի հետ: «Մինչ պատերազմ գնալս այս աղջնակը իմ աչքին երևում էր փնթի, չսանրված և գզգզված մազերով մեկը, երբ պատերազմից եկա և Սաթոյին տեսա` գրեթե չճանաչեցի. նախկին գյուղական աղջնակը դարձել էր գեղեցկատես մի օրիորդ, և ես միանգամից սիրահարվեցի նրան», - հետագայում խոստովանել է Հմայակը: Դա 1920-ական թթ. սկիզբն էր: Շուտով իրար հետևից ծնվում են Հմայակի և Սաթենիկի թվով 11 զավակները` Օսաննան (ամուսնացել է Բակուրիան ավանում), Աստղիկը (տողերիս հեղինակի մայրական տատը, ամուսնացել է Ղադո գյուղում), Աննան (ամուսնացել է ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում), Սեդան (ամուսնացել է Տաբածղուրում) և Քսենիան (ամուսնացել է Տաբածղուրում): Բավականին ուշ ծնվում է նաև Հմայակի միակ արու զավակը` Սարգիսը (ներկայումս ապրում է ՀՀ Ալավերդի քաղաքում): Ցավոք, 11-ից ողջեն մնացել վերոնշյալ վեցը, իսկ մնացյալ 5-ը մահացել են մանուկ հասակում:
Հմայակ Գալոյանը Տաբածղուր գյուղի ամենաերևելի անձանցից էր: Նրա ողջմնացած ժառանգները բազմաթիվ հետաքրքիր պատմություններ են պատմում իրենց հոր և պապի կյանքի էջերից: Ցավոք, շատ պատմություններ կամ դեպքերի շատ մանրամասներ ժամանակին գրի չառնվելու պատճառով անհետ կորել են: Խորապես ափսոսում ենք, որ իմ մորական տատ Աստղիկ Գալոյանից, ով Հմայակ Գալոյանի երկրորդ դուստրնէր, ժամանակին գրի չառանք բազմաթիվ կարևոր ու անչափ հետաքրքիր պատմություններ Հմայակ Գալոյանի և' Գերմանիայում, և' հայրենիքում ապրած տարիների մասին: Պատմություններ, որոնք ժամանակին մեծ ոգևորությամբ և առանձնակի հպարտությամբ էր պատմում Ջավախքի Ղադո գյուղում ամուսնացած Աստղիկ տատս: Այդպիսի պատմություններից մեկ-երկուսն այժմ մեզ է ներկայացնում Աստղիկ Գալոյանի կրտսեր քույրը` Աննա Գալոյանը. «Հայրս, որպես կոլտնտեսության նախագահ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատել է Բորժոմի շրջանի Մեծ Միտարբ օսաբնակ անտառային գյուղում: Եղել է գործի բարեխիղճ ու նվիրյալ կազմակերպիչ: Այդուհանդերձ, հորս օրավուր աճող հեղինակությունը ժամանակին դուր չի եկել ոմանց, և մի գիշեր, ներկայումս չեմ կարող հիշել` ազգությամբ օսեր, թե վրացիներ, հորս դուրս են կանչում տանից և հինգ հոգով դաժան ծեծի ենթարկում նրան: Հայրս պատմում էր, որ նրան օգնության է հասել և մահից փրկել իր օս ընկերը` Յասոնը: Ես լավ հիշում եմ, որ հայրս այդ դեպքից հետո երկար ժամանակ պառկեց հիվանդանոցում: Նույն օս ընկերը հորս օգնել է փրկվել մահից նաև մեկ ուրիշ անգամ: 1930-ական թթ. ծանր տարիներին հայրս մեկնում էր Վրաստանի խորքերը, տանում կարտոֆիլ և այլ մթերքներ և փոխանակում հացի հետ: Եվ մի անգամ, երբ վերադարձին գնացքը հասնում է Խաշուրի կայարան, հորս վրա հարձակվում են մի քանի վրացիներ, խլում մոտի եղած-չեղածը, իսկ իրեն փորձում են գցել նախ գնացքից դուրս, ապա՝գնացքի վառվող շոգեկաթսայի մեջ: Բարեբախտաբար նրանց չի հաջողվում պոկել հորս ձեռքերը մետաղյա ձողերից, և այդ հզոր կամքի տեր մարդն այնքան է դիմադրում, մինչ օգնության է հասնում իր հետ ճամփորդող օս ընկեր Յասոնը: Ձեռքերի վրա տեղացած այդ բազմաթիվ հարվածներից և մահվան այդ սարսափներից հետագայում հայրս ձեռք բերեց մաշկային բորբոքման հիվանդություն, որն ուղեկցեց նրան ողջ կյանքում»:
Հավելենք, որանձնականարխիվումպահպանումենքերջանկահիշատակտաբածղուրցի ՅուրաԱդամյանից2008 թ. Տաբածղուրումվերցվածմեկհարցազրույց, որտեղվերջինսևսխոսումէտաբածղուրցիներիևԹռեղքիօսերիմիջևանտառանյութիօգտագործմանհամարծագողմշտականվեճերիմասին:
ՀմայակԳալոյանիհարկիտակենիջևանելՏաբածղուրայցելածգրեթեբոլորհյուրերը, որոնցթվումևմիշարքնշանավորմարդիկ: Նրաժառանգներիվկայությամբ՝Տաբածղուրը ևիրենցհայրականտունըեղելէհանրահայտաշուղՀավասուսիրելիվայրերիցմեկը, որտեղհաճախակիէիջևանելևտաբածղուրցիներիհետանմոռանալիօրերանցկացրելՎարպետը: ԱշուղՀավասինՏաբածղուրում գտնվելու ժամանակ անգամմիգեղեցիկբանաստեղծությունէնվիրելՏաբածղուրին, որըգյուղացիներըմինչօրսհպարտությամբարտասանումեն: Նշված բանաստեղծությունը ներկայումս պահպանվում է Տաբածղուրում՝Յուրա Ադամյանի ձեռագիր արխիվում, որից էլ օգտվելով այն ներկայացնում ենք ստորև.
Կուզեմ երգով գովաբանել,
Թե ինչ բան է Տաբածղուրին,
Երկրորդ դրախտն եմ անվանել,
Որ արժան է Տաբածղուրին:
Անդրանիկն է խղճմտանքով,
Երկար ապրի ուրախ կյանքով,
Ժողովրդի մեջ հարգանքով,
Պատվական է Տաբածղուրին:
Զարգանում է տարեց տարի,
Ջուրն են բերել անուշ սարի,
Արվեստասեր, քաղցրակենցաղ,
Աննման է Տաբածղուրին:
Մեկ կողմը լիճն է խորին,
Մյուս կողմը անտառը ծոցին,
Անցնող – դարձող օտարներին
Օթևան է Տաբածղուրին:
Մեծերն են հոգսը քաշել, լացել,
Միջնակարգ դպրոց են բացել,
Մատաղ սերունդն է կարդացել,
Զարգացել է Տաբածղուրին:
Միշտ գովական է այս գյուղը,
Օդն ու ջուրը, նստած տեղը,
Մեկ փութ պանիր, կես փութ յուղը
Դուրս կհանի Տաբածղուրին:
Սրապիս նախագահ վախտը,
Բացվեցավ Հավասուս բախտը,
Եկավ ման գալու այս դրախտը,
Թե ինչ բան է Տաբածղուրին:
Փոթորկուն կյանքով ապրած Հմայակ Գալոյանն իր ողջ կյանքը նվիրել է հայրենի Տաբածղուր գյուղի շենացմանը, աշխատել է գյուղի մի շարք հաստատություններում, օգնության ձեռք մեկնել գյուղի աղքատներին, Երկրորդ աշխարհամարտից հետ չեկած համագյուղացիների, այդ թվում նաև իր եղբոր որդու` Սարգսի ընտանիքին: Առաջին աշխարհամարտի տարիներին մի կարճատև շրջան ապրելով և աշխատելով Գերմանիայում` Հմայակը ծանոթացել է բազմաթիվ նորարարություններինու տեխնոլոգիաներին, որոնց դեռևս ծանոթ չէին հայրենի գյուղում: Հմայակը եղել է ժամանակի ամենակրթված անձնանցից մեկը: Ինչպես վկայում են համագյուղացիները, նա մինչև կյանքի վերջին օրն անընդհատ կարդացել է և, ունենալով սուր տեսողություն, երբեք չի օգտվել ակնոցից: Լեռնական այս մարդու ծանրակշիռ խորհուրդները շատերին են օգնել դուրս գալու դժվարին կացությունից: Հավելենք նաև, որ Հմայակը, հետամուտ լինելով իր ազատարարի` Է. Թելմանի հայացքներին և տուրք տալով ժամանակի կարգերին, դառնում է նվիրված կուսակցական, այս բնագավառում ևս աչքի ընկնում իր բարձր կարգապահությամբ և հասարակարգի հանդեպ ունեցած իր մեծ նվիրումով:
Հմայակ Գալոյանն իր մահկանացուն կնքեց 1981 թ. ամռանը, 89 տարեկան հասակում: Տարեց տաբածղուրցիների հիշողության մեջ մինչ օրս վառ է մնացել համեստ, չափազանց զարգացած և գրագետ, հումորի մեծ վարպետ, հայրենի գյուղի ու համագյուղացիների մեծ նվիրյալ Հմայակ Գալոյանի նահապետական կերպարը:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարում` Հմայակ Գալոյանը (ձախից), իր վրացի ընկերոջ հետ Գերմանիայում: Ժառանգների մոտ պահպանվող այս լուսանկարի տակ գրված է. '' В войну съ Германieй и Австрiей 1914 г. ''