ՀԲ-ն հաստատել է Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքների<br /> վեկանգնման ծրագիրը<br />


ՀԲ-ն հաստատել է Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքների
վեկանգնման ծրագիրը

  • 29-07-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը, որի արժեքն է 30 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հուլիսի 29-ի ասուլիսում հայտնեց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: Ծրագրի շրջանակներում կվերականգնվեն Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքները: «Կվերականգնվեն մոտ 84 կմ երկարությամբ հիմնական ջրանցքներ, ինչի շնորհիվ ջրի կորուստները կնվազեն մինչեւ 70 հազար խորանարդ մետրով եւ ոռոգելի կդառնան 7300 հա հողատարածքներ»,- նշեց Ա.Վարուդակիսը: Բացի այդ, ըստ նրա, ծրագիրը կնպաստի մոտ 9000 մարդ/ամիս աշխատատեղերի ստեղծմանը, եւ ծրագրի ավարտին վերականգնման աշխատանքների ուղղակի շահառուներ կլինեն 73 համայնքների մոտ 39 հազար ջրօգտագործողներ: Ծրագրով նախատեսված աշխատանքները կսկսվեն այս տարվա նոյեմբերին: Ծրագիրը, որը վարկավորում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը, կավարտվի մինչեւ 2011թ.-ի հունիսը: Անդրադառնալով ոռոգման համակարգում ՀԲ-ի եւ Ծրագրերի իրականացման գրասենյակի համագործակցությանը, Ա.Վարուդակիսը այն արդյունավետ համարեց: Համատեղ աշխատանքի ավելի քան 15 տարվա ընթացքում ավելացել են ոռոգվող հողատարածքները, ներդրվել են ոռոգման առավել արդյունավետ տեխնոլոգիաներ, այդ թվում էլէներգիա չպահանջող ինքնահոս համակարգեր: «Մենք օգնել ենք նաեւ ստեղծել ջրօգտագործողների ընկերություններ, եւ հաջորդ քայլը կլինի օգնել ստեղծել ջրօգտագործող ընկերությունների միություն»,- նշեց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրենը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն