Նայենք լուսանկարին, տգեղ է, չէ՞… Առավել ևս, երբ գիտակցում ենք, որ կնոջ բերանից դուրս եկող ծուխը սոսկ մի մասն է նրա ներշնչած, կլանած թույնի


Նայենք լուսանկարին, տգեղ է, չէ՞… Առավել ևս, երբ գիտակցում ենք, որ կնոջ բերանից դուրս եկող ծուխը սոսկ մի մասն է նրա ներշնչած, կլանած թույնի

  • 28-02-2018 21:31:50   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Ծննդատան բժիշկը տեսնելով նորածնին, մի կարճ ժամանակ շփվելով նրա հետ, անմիջապես հասկացել էր, որ երեխայի հայրը ծխող չէ, ապա ծննդկանին ասել այդ մասին: Վերջինս զարմացել էր` չէ՞ որ բժշկուհին իր ամուսնուն ընդհանրապես չի ճանաչում, նրա մասին ոչինչ չի լսել ու նույնիսկ մի քանի վայրկյան չի հանդիպել, չի տեսել նրան:
Այս եղելությունը վկայությունն է նրա, թե ինչ ազդեցություն է ունենում ծխախոտը ոչ միայն յուրաքանչյուր ծխողի օրգանիզմի և առողջության, այլև նույնիսկ նրա նորածին երեխայի վրա: Էլ չենք խոսում պտղի թունավորվածության մասին այն դեպքում, երբ միաժամանակ ոչ սկսնակ ծխողներ են նրա և՛ հայրը, և՛ մայրը:
Մեր պետությունն ուզում է հակածխախոտային նոր օրենք ընդունել, E-draft.am կայքում հրապարակվել և արդեն հասարակական քննարկման փուլում է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, ինչպես նախատեսված է տվյալ փաստաթղթով, պետք է ուժի մեջ մտնի 2018 թվականի նոյեմբերի 1-ից: Նույն պահից պետք է ուժը կորցրած ճանաչվի «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ 2004թ. դեկտեմբերի 24-ին ընդունված և այժմ գործող օրենքը:
Վերոնշյալ երկու փաստաթղթերի միջև բովանդակային առումով տարբերությունը շատ մեծ և էական է, և կարելի է զարմանալ հիշյալ օրենքի նախագծի նկատմամբ մեր հասարակության անտարբերությունից` այն դեպքում, երբ այն, որպես օրենք ընդունվելու պարագայում, վերաբերվելու է բոլորիս` և՛ բնակչության 60 կամ ավելի տոկոսը կազմող ծխողներին, և՛ չծխողներին:
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից: Փորձենք ուրվագծել գործող օրենքից հիշյալ օրենքի նախագծի տարբերությունը` այժմ դեռ միայն դրանում կիրառվող հիմնական հասկացությունների մակարդակով:
Ի տարբերություն գործող օրենքի, որի հիմնական հասկացություններով սահմանվում են, թե ինչ բան է ծխախոտը, նիկոտինը, խեժը և ծխախոտային արտադրատեսակը, վերոնշյալ օրենքի նախագծի «Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները» հոդվածով, վերջին երեքից բացի, սահմանված են նաև «ծխախոտահումք» (ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերևները` բնական վիճակում կամ՝ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ՝ ոչ, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած և խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաև ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին և նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման համար), «ծխախոտային արտադրատեսակի պատկանելիք» (ծխախոտային արտադրատեսակի հետ կամ համար օգտագործող առարկա (ծխափող, ծխախոտի պահման առարկաներ, սիգարետի թուղթ, սիգարետի գլանաձև փաթեթման սարք)), «ծխախոտի փոխարինիչ» (ծխախոտային արտադրատեսակին համարժեք, սակայն ծխախոտ չպարունակող ապրանք (էլեկտրոնային եղանակով աշխատող սարք (որի միջոցով նիկոտին և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող  լուծույթի այրման արդյունքում առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ) կամ  դրա պատկանելիքները՝ քարթրիջ, տարա)), «ծխախոտային արտադրատեսակի նմանակ» (ծխախոտային արտադրատեսակին ձևով նման ապրանք, որը չի պարունակում ծխախոտ կամ ծխախոտի փոխարինիչ) հասկացությունները: Նախագծով «ծխախոտ» հասկացությունը սահմանված չէ, այն ներառված է «ծխախոտային արտադրատեսակ» (ցանկացած արտադրանք, որ ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է հումք հանդիսացող ծխախոտի տերևից` արտադրված այնպես, որ օգտագործվի ծխելու կամ ծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներս շնչելու համար) հասկացության մեջ: Միայն օրենքի նախագծում շարադրված  հիմնական հասկացությունների այս համեմատությունից թերևս արդեն պարզ է, որ գործող օրենքի համեմատ, նոր փաստաթուղթն ավելի խիստ է, այն ունի անհամեմատ ավելի ընդգրկուն բնույթ: Տարբերությունները, սակայն, միայն սրանով չեն սահմանափակվում…
Հիշյալ օրենքի նախագծի «Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները» հոդվածում շարադրված են նաև «ծխախոտային արտադրատեսակների շրջանառություն» (ծխախոտային արտադրատեսակների ներմուծում կամ արտադրություն կամ պահպանում կամ գովազդ կամ իրացում կամ սպառում կամ ոչնչացում), «ծխախոտային արտադրատեսակի օգտագործում» (ծխախոտային արտադրատեսակը ծխելու կամ ծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներս շնչելու կամ դուրս շնչելու ձևով կիրառում), «երկրորդային ծուխ» (ծուխ, որն առկա է օդում որտեղ ծխում են կամ նախկինում ծխել են, այդ թվում նաև ծուխ, որն արտաշնչվում է ծխախոտ օգտագործողի կողմից), «ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքներ» (ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների իրացման օգտագործման և երկրորդային ծխի ներգործության  արդյունքում՝ մարդու կյանքին և  առողջությանը հասցված վնաս, կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, կամ պետությանը հասցված առողջապահական, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական  բացասական հետևանքներ), «փակ տարածք» (ցանկացած նյութից պատրաստված տանիքով  կամ առանց դրա մեկ կամ մի քանի շարժական կամ անշարժ պատերով, ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց), «բացօթյա տարածք» (սույն օրենքի իմաստով փակ չհամարվող ցանկացած տարածք), «հասարակական վայր» (հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձևից կամ դրան հասանելիությունից), «երկրորդային ծխից զերծ օդ» (օդ, որը բացարձակապես ազատ է ծխախոտային ծխից և որում այդ ծուխը հնարավոր չէ տեսնել, զգալ և չափել) հասկացությունները: Թերևս արդեն ավելորդ է ասել, որ օրենքի ընդունման դեպքում այն վերաբերվելու է այս ամենին, և ոչ միայն…
Օրենքի նախագծում տրված է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների իրացման շրջանառության և օգտագործման իրավական կարգավորումը, որին, ինչպես նաև փաստաթղթի այլ դրույթների, մանրամասների կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:
Օրենքի նախագծի առնչությամբ մեզ հետաքրքրեց նաև մասնագետների կարծիքը: Նրանցից մեկը բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքի աշխատակից Սողոմոն Վարդանյանն է: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հակածխախոտային պայքարը ու դրան նպատակաուղղված նոր օրենքի նախագիծը, Սողոմոն Վարդանյանն այն կարծիքը հայտնեց, որ անհրաժեշտ քայլերը պետք է աստիճանաբար կատարվեն, փուլ առ փուլ, որպեսզի օրենքը լինի արդյունավետ, միաժամանակ չառաջանան ինչ-ինչ խնդիրներ: Այս երկուսի առումով էլ բժիշկը կարևորեց օրենքի ընդունումից առաջ համապատասխան քարոզչական, պատշաճ նախապատրաստական աշխատանքը, որը, եթե այս կապակցությամբ սակավաթիվ հրապարակումները չհաշվենք, բացակայում է:
«Որպես բժիշկ, կարծում ու ցանկանում եմ, որ այս նոր օրենքի ընդունման դեպքում այն կիրառվի աստիճանաբար, մինչ այդ պետք է նախապատրաստվեն տեղեկատվական լուրջ հիմքեր, ընդհուպ մինչև այն, որ հասարակության գիտակցությանը հասցվի` չծխող միջավայրում ծխող մարդն անկուլտուրական է, ոչ քաղաքակիրթ,- ասաց Սողոմոն Վարդանյանը:- Երբ գնում ենք եվրոպական և այլ զարգացած երկրներ, տեսնում ենք, որ այնտեղ չծխող միջավայրում ծխողին նայում են որպես ոչ քաղաքակիրթ մարդու: Մարդուն, ով գիտի, որ դա վնաս է, բայց շարունակում է, այնտեղ արդեն նորմալ չեն վերաբերվում, չեն համարում, որ իրենց հավասար մարդ է: Իհարկե, կան փոխզիջումային տարբերակներ` ծխողների համար առանձնացված սենյակներ, վայրեր ռեստորաններում, օդանավակայաններում և այլուր: Հիմնական ուղղությունը պետք է լինի այն, որ ծխող մարդը համարվի ոչ թե վատ մարդ, այլ ուղղակի` ոչ քաղաքակիրթ, ինչպես արտերկրում է: Ինքը կարող է շատ լավ մարդ լինել, պաշտոնյա, մեծ կրթություն ունեցող և այլն, սակայն ծխելով նրա կարգավիճակը, վարկը փոխվում է, տուժում»:
Բժիշկ-սրտաբանի հետ մեր հարցազրույցի ամբողջական շարադրանքը կներկայացնենք առաջիկա հրապարակումներից մեկով:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play