Ալեւիների Եւրոպայի կոնֆեդերացիայի փոխնախագահ Էլդար Քըլչքայան եւ Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ Արագած Ախոյանի ասուլիսը(տեսագրություն)


Ալեւիների Եւրոպայի կոնֆեդերացիայի փոխնախագահ Էլդար Քըլչքայան եւ Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ Արագած Ախոյանի ասուլիսը(տեսագրություն)

  • 09-03-2018 12:30:12   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Մարտի 9-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի է ունեցավ  Ալեւիների Եւրոպայի կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ֆրանսիայի Ալուիների ֆեդերացիայի նախագահ Էլդար Քըլչքայայի եւ Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ,  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի համատեղ ասուլիսը։ 
 
Թեման՝ «Ալևիների Եվրոպայի կոնֆեդերացիայի հայտարարությունը Թուրքիայում  Հայոց ցեղասպանության վերաբերյալ»։
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները․
1․ Հ2TV
2․ԱրարատTV
3․ԱՐTV
4ԿենտրոնTV
5.NT.am
6.Asekose.am
7. News.am
8. Tert.am
9.Hayeli.am
10. Ա1+
 
Ալեւիների ինքնության վերաբերյալ ներկայացնում ենք նաեւ «Անկախ» կայքում 2015 թ․ հրապարակված  Վահե Անթանեսյանի «Ալեւիներ» հոդվածը։
 
Չնայած Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ ժամանակակից Թուրքիայում ազգություններ չկան, իրականում էթնիկ առումով Թուրքիան աշխարհի ամենախայտաբղետ երկիրն է: Խնդիրը, սակայն, միայն երկրի բազմազգությունը չէ: Մինչ օրս շատ էթնիկ խմբերի շուրջ տարակարծություններ կան, թե ովքեր են, երբ են հայտնվել պատմության թատերաբեմում, ինչ ծագում ունեն…
 
Թե՛ պատմամշակութային, թե՛ էթնիկ առումով Թուրքիայի Հանրապետության տարածքը թվում է՝ լավ է ուսումնասիրված, սակայն օրեցօր ի հայտ եկող խնդիրները ցույց են տալիս, որ ավելի մանրակրկիտ հետազոտությունների կարիք կա:
 
Այս առումով կարևոր է ալևիների ծագումնաբանությունը, նրանց սովորույթները, կենցաղն ու կյանքն ուսումնասիրելը, քանզի նրանք ապրում են հայոց պատմական հայրենիքի տարածքում, և ալևիների հայկական ծագման մասին վարկածը, թերևս, ամենից մոտն է իրականությանը:
 
Ի դեպ, որքան էլ զարմանալի է, ալևիների հայկական ծագման մասին, չնայած իր թուրքամետ դիրքորոշմանը, տարիներ առաջ համարձակ հայտարարություն արեց Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Աթեշյանը` ասելով, թե Թուրքիայի ալևիների 90 տոկոսը հայ են:
 
Կարծում եմ` սա քաղաքական ենթատեքստ ուներ և արվեց թուրքական իշխանությունների ճնշմամբ ու պատվերով, որպեսզի թուրք ազգայնամոլների շրջանում հերթական հիստերիան բարձրանա ալևիների նկատմամբ: Ալևիների թվաքանակի մասին հակասական տվյալներ կան. 3 միլիոնից մինչ 20 միլիոն: Վերջին թիվը, բնականաբար, խիստ ուռճացված է և արժանահավատ չէ:
 
Ամենավառ երևակայությամբ անգամ դժվար է պատկերացնել, որ ժամանակակից Թուրքիայի բնակչության քառորդ մասն ալևի է: Շատերը նրանց առանձին էթնիկ խումբ են համարում և կարծում են, որ նրանք հայերից, քրդերից, թուրքերից համասերված ու նոր ձևավորված ժողովուրդ են: Իրենք` ալևիներն իրենց դասակարգում են այդ խմբերով՝ զազա ալևի, թուրք ալևի, քուրդ ալևի, հայ ալևի: Այսօր թուրքական իշխանությունները ճնշումներ ու բռնարարքներ են գործադրում ալևիների նկատմամբ՝ վարելով ազգային զտման քաղաքականություն, ինչը անպատասխան չի մնում. ալևիներն ըմբոստանում են: Ցայտուն են հակասություններն ալևիների և սուննի թուրքերի միջև, ինչը բազմիցս արյունահեղ բախումների տեղիք է տվել:
 
Հատկապես XX դարի 70-ական թթ. մի շարք արյունահեղ բախումներ են եղել: Ընդ որում, թուրքական իշխանություններն անթաքույց խրախուսում են սուննի թուրքերին՝ հրահրելով նման բախումներ: Մասնավորապես, 1978 թ. Մալաթիայում, Մարաշում և Սվազում լուրջ բախումներ եղան, հարյուրավոր ալևիներ զոհվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Թուրքիայի մզկիթներում մոլլաներն ալևիների դեմ ջիհադի՝ սրբազան պատերազմի կոչեր էին անում: Պետության կողմից այս ճնշումն ալևիներին ստիպեց ավելի համախմբվել, հանդես գալ ոչ միայն որպես համայնք, այլև՝ քաղաքական միավոր, ինչը փաստի առաջ կանգնեցրեց թուրքական իշխանություններին: Մանավանդ այսօր, երբ ալևիների և քրդերի դաշինքի ուրվագիծն ավելի ու ավելի հստակ է դառնում:
 
Ուշագրավ է, որ ալևիներն իրենց ազգային միասնության անհրաժեշտ բաղադրիչը չունեն. խոսում են տարբեր լեզուներով: Բայց հետզհետե մեծանում է այն մարդկանց զանգվածը, որոնք իրենց ալևի են համարում: Ուսումնասիրողներն ալևիներին դիտում են ոչ թե որպես ազգություն, այլ կրոնական համայնք: Դրանից է բխում այն պնդումը, թե ալևիների բացարձակ մեծամասնությունը ծագումով թուրք է: Սխալը գալիս է նրանից, որ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ երկրում ազգային փոքրամասնություններ չկան, կան կրոնական համայնքներ: Այս տեսակետը, ամենայն հավանականությամբ, սխալ է: Սխալ է նաև մոտեցումը: Ալևիները որևէ խնդիր չունեն սուննի քրդերի հետ, հետևաբար, նրանց հակասությունը թուրքական պետության հետ ոչ թե կրոնական, այլ ազգային հողի վրա է: Սխալ է նաև այն տեսակետը, թե ալևիների 80 տոկոսը ծագումով թուրք է: Ի դեպ, եթե ալևիներն առաջ իրենց պայքարը մղում էին՝ գաղափարական հիմքում դնելով սոցիալիզմի գաղափարը, այժմ արդեն բացեիբաց պայքար են մղում առանձին համայնք դառնալու և որպես առանձին ազգային-կրոնական միավոր հանդես գալու համար: Այն, որ ալևիների մոտ ինքնագիտակցությունը ազգային հողի վրա է, վկայում է նաև այն փաստը, որ այսօր հակաթուրքական զինված պայքարում ալևիների մասնակցությունն ու անդամակցությունը Քրդական բանվորական կուսակցությանն աննշան է:
 
 
Դեռևս նախորդ դարասկզբին՝ 1920-30-ական թթ., երբ բռնկվեց Դերսիմի ապստամբությունը` Սայիդ Ռզայի գլխավորությամբ, դարձյալ կրոնական որևէ խնդիր չէր արծարծվում: Ավելին, ալևիները, քրդերը, հայերը միասնաբար կռիվ էին տալիս թուրքական տիրապետության դեմ: Հետևանքն այն էր, որ մոտ 70 հազար դերսիմցի յաթաղանի զոհ դարձավ: Բայց նրանք չընկճվեցին և չկորցրեցին իրենց մարտական ոգին: Դերսիմի ապստամբության պարտությունից հետո ալևիները մեկուսացան իրենց ներհամայնքային կյանքով և Թուրքիայի կենտրոնում այսօր էլ ներկայանում են որպես մի «կղզի»: Թուրքիայում այսօր էլ հանրությունն անթաքույց հետաքրքրություն ունի ալևիների կենցաղի, սովորույթների, կրոնի, աշխարհայացքի նկատմամբ: Ի դեպ, մինչ օրս գրքեր և հոդվածներ են լույս տեսնում և ստահոդ լուրեր են տարածվում ալևիների կենցաղի և սովորույթների մասին` նրանց մեղադրելով պիղծ բարքերի, սովորությունների մեջ: Թուրքական պետությունն այսօր, ռազմական միջոցներից զատ, այլ միջոցների է դիմում ալևիներին իրենց բնակավայրերից տարագրելու և նրանց կենտրոնացումը խափանելու համար: 1980-ական թթ. վերջերին Անկարան Դերսիմի շրջանում գտնվող անտառները հայտարարեց ազգային պարկ և ալևիների հարյուրավոր բնակավայրեր հարկադրեց դատարկել՝ բնակչությանը ցրելով և վերաբնակեցնելով արևմուտքում:
 
Բացի այդ, իշխանությունները Եփրատ գետի վրա ջրամբարներ են կառուցում «տնտեսական» նպատակներով և այնպես են նախագծում, որ տասնյակ ալևի բնակավայրեր հայտնվեն ջրի տակ: Ալևիներն այսօր իրենց ազգային տոներն ունեն, նաև Դերսիմում ամեն տարի մեծ միջազգային փառատոն են անցկացնում: Հաջիբեկթաշի փառատոնն ամեն տարի տասնյակհազարավոր զբոսաշրջիկների մուտք է ապահովում, լուսաբանվում են ալևիների կենցաղն ու սովորույթները: Ի դեպ, ալևիների տարածման աշխարհագրությունը չի սահմանափակվում Թուրքիայով: Նրանց հոծ զանգվածներ բնակվում են նաև Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, որի նախագահ Բաշար Ասադը նույնպես ալևի է: Ալևիների կրոնը մինչ օրս լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Կարելի է ասել՝ այն հավաքական է՝ քրիստոնեության, իսլամի և հայ միհրականության հետաքրքիր սինթեզ: Համենայն դեպս, ալևիները չեն ընդունում իսլամը, Ալլահին, Մուհամմեդ մարգարեին, մոմ են վառում, և այլն: Ի դեպ, XIX դարում նրանց Օսմանյան կայսրությունում մոմ վառող էին անվանում, ինչը լրացուցիչ կռվան է պնդելու, որ ալևիները ո՛չ թուրքական ծագում ունեն, ո՛չ քրդական:
 
Հայերն ալևիներին տվել են ղզլբաշ՝ կարմիր գլուխ անվանումը, թուրքերը՝ զինդիկ՝ անհավատ: Հետաքրքիր է, որ գիտական բացատրությամբ զինդիկն այն խմբավորումն է, որը հանդես է գալիս իսլամի քողի տակ` պահպանելով իր նախնյաց պաշտամունքը: Շատ ուսումնասիրողներ ալևիներին իրանական ծագում են վերագրում: Չնայած առկա ընդհանրացումներին՝ ալևիների հիմնական խմբաքանակը իրանական ծագում ունենալ չի կարող: Միջնադարում իրանա-թուրքական շարունակական հակամարտությունների և արյունահեղ պատերազմների պատճառով ուղղակի անհնարին էր Իրանի տարածքից խոշոր խմբաքանակով ներթափանցումը Օսմանյան Թուրքիա: Բացի այդ, ալևիներն ապրել ու ապրում են իրենց հայրենի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, նրանք այստեղ եկվորներ չեն, տեղաբնիկ են: Այս առումով ավելի հիմնավոր է այն պնդումը, որ ալևիները հայկական ծագում ունեն: Ալևիների կենտրոնը պատմական Ծոփք նահանգի Դերսիմ քաղաքն է, որ այսօր կոչվում է Թունջելի: Ամենայն հավանականությամբ, ալևիները հայոց հին դավանանքի հետնորդներն են, որ 301-ին չընդունելով քրիստոնեություն` առանձին, մեկուսի են ապրում մինչ օրս:
 
Սա հեռու չէ ճշմարտությունից և այս տեսակետի օգտին վկայող փաստեր կան: Նախ` միջնադարյան շատ հայ պատմիչներ են նշում, որ դեռևս XII-XIV դարերում պատմական Հայաստանում արևորդիներ կամ արորդիներ են ապրել առանձին համայնքներով: Իսկ մեկուսի ապրելու հնարավորություն միջնադարում, իհարկե, կար: Անգամ մեր օրերում` մինչև 1960-ական թթ. Դերսիմի հայերը համոզված էին, որ ցեղասպանությունից փրկված միակ հայերն են աշխարհում… XX լուսավորյալ դարում: Իսկ միջնադարում շատ ավելի մեծ հնարավորություն կար մեկուսի կենցաղավարությամբ պահպանելու ազգային դավանանքն ու ինքնությունը:
 
XVIII-XIX դդ. աղբյուրները հավաստում են, որ Դերսիմի շրջանում հայկական, քրդական բնակավայրերի հետ կային նաև ղզլբաշների գյուղեր, բայց նրանց թվաքանակն էական չի եղել: Պետք է եզրակացնել, որ ցեղասպանության ժամանակ հայերը, չցանկանալով իսլամ ընդունել, պահեցին իրենց գոյությունը՝ ալևի ձևանալով: Ի դեպ, Դերսիմից հեռու չեն հին հայոց հեթանոսական գլխավոր սրբավայրերը՝ պատմական Երիզան, որ այժմ Երզինջա է կոչվում և որտեղ գտնվել են հեթանոս հայերի գլխավոր պաշտամունքային վայրերը: Հենց Դերսիմում և ոչ հեռու գտնվող Մնձուրում էլ կան նման պաշտամունքային վայրեր, և ալևիները մեծ ակնածանքով են վերաբերվում դրանց: Մասնավորապես՝ Անահիտի աղբյուրները. հորդառատ ու վճիտ աղբյուրներ, որ բխում են գետնի տակից, նախ հավաքվում, լճանում, ապա վտակի տեսքով հոսում դեպի Մնձուր գետը:
 
Ըստ տեղաբնակների` այս աղբյուրները բխում են Անահիտ դիցամոր 40 ստինքներից և սրբազան են համարվում: Անահիտի աղբյուրների ջուրը կարելի է խմել, բայց դրանով լվացվել չի կարելի, քանի որ կպղծվի ջուրը: Աղբյուրի ակի մոտ ալևիներն անգամ մոմ են վառում: Այսօր էլ ալևիների ծիսակարգում պահպանված են շատ բնապաշտական սովորույթներ:
 
2015 թ. ամռանը արորդիներով ուխտագնացության էինք գնացել Արևմտյան Հայաստան: Երթուղին նաև Դերսիմով էր անցնում, ուր մեզ ջերմ ընդունելություն և հյուրընկալություն էր սպասում: Այնտեղ ես հարցազրույց ունեցա տեղական հեռուստաընկերության լրագրողների` երկու հաճելի տիկնանց հետ, որոնցից մեկը հայ էր, մյուսը՝ ալևի: Եվ զրույցի ընթացքում ալևի տիկինը պատմեց իրենց դավանանքի մասին, համաձայն որի` Արևը, որին երկրպագում են, ամեն առավոտ ծնվում է ժայռի մեջից, երեկոյան մայր մտնում ծովում…
 
Եվ դա հավերժ պտույտ է, որ խորհրդանշում է բարու և չարի հավերժական պայքարը: Սրանք հենց հայոց միհրականությունից՝ լույսի և արդարադատության աստված Միհրի պաշտամունքից մնացած տարրեր են, որ ալևիները պահպանել ու պաշտում են մինչ օրս:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play