Եվ այսպես, Աստված մի արասցե, կարող է սկսվել մեծ պատերազմը


Եվ այսպես, Աստված մի արասցե, կարող է սկսվել մեծ պատերազմը

  • 05-05-2018 22:25:51   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Իսրայելի վարչակարգի միջուկային սպառազինության գաղտնի ծրագրի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Ջիլ Սթայնը:
ԱՄՆ 2016թ. նախագահական ընտրություններում Կանաչների կուսակցության թեկնածու և հասարակական ակտիվիստ Ջիլ Սթայնը միջուկային ոլորտում Իրանի դեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի մեղադրանքները հերքելով, ընդգծել է. «Այս վարչակարգը գաղտնի կերպով ընդլայնել է իր միջուկային սպառազինության ծրագիրը»:
Նաթանյահուն համոզված էր կամ առնվազն հույս ուներ, որ իր անհիմն կամ շինծու հիմքերի վրա կառուցված հայտարարությունները կարող են հանգեցնել Իրանի դեմ միջազգային հանրության ճնշումների մեծացման, սակայն նրա այդ հայտարարություններն ինչ-որ չափով վնասեցին Իսրայելին` տարբեր պաշտոնյաների, գործիչների ու լրատվամիջոցների դրդելով անդրադառնալ հենց Իսրայելի միջուկային սպառազինության գաղտնի ծրագրին:
Գերմանիան, Ֆրանսիան և նույնիսկ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ և Իսրայելի տարբեր լրատվամիջոցների վերլուծաբաններ արդեն իսկ այս կամ այն կերպ հայտնել են, որ Իսրայելի վարչապետը որևէ փաստարկ չի ներկայացրել Իրանի կողմից միջուկային համաձայնագրի խախտումն ապացուցելու համար (այս կապակցութհամբ տես նաև մեր «Իսրայելը միջուկային զենք ունի, ու դրա պատասխանատվությունն, առաջին հերթին, Միացյալ Նահանգներինն է» վերտառությամբ հրապարակումը): Լոնդոնում հրատարակվող հանրահայտ «Թայմս» օրաթերթը մայիսի 2-ին գրել է. «ՀԳՀԾ-ն թուլացնելու Նաթանյահուի փորձը հակառակ արդյունք տվեց և ավելի մեծացրեց ՀԳՀԾ-ի նշանակությունը»:
ԻՌՆԱ գործակալության տեղեկատվության համաձայն, «Թայմս» օրաթերթի կայքը մի հրապարակման մեջ նշել է. «Բրիտանիան ու Ֆրանսիան, որպես ՀԳՀԾ-ն ստորագրած երկու երկրներ, մերժեցին Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Նաթանյահուի հայտարարությունը և նշեցին, որ նրա հայտարարություններն ապացուցեցին ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»:
Այս կապակցությամբ նշենք Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի ասածը. «Նաթանյահուի խոսքերն Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման նշանակության մասին են վկայում»:
«Թայմս»-ն անդրադառնալով ՀԳՀԾ-ն պահպանելու Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերին, տեղեկացրել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու հարցում Թրամփին համոզելու նպատակով այդ երեք երկրների կողմից կատարվող աշխատանքների մասին:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված շրջանակային համաձայնագրի` «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» (ՀԳՀԾ) բոլոր կողմերը, բացառությամբ ԱՄՆ-ի, արդեն հաստատել են միջուկային այդ համաձայնությանն Իրանի հավատարմությունը: Ի դեպ, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետներն անցած հինգշաբթի Հռոմում փակ դռների հետևում պետք է հանդիպեին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու զրուցեին տարածաշրջանային խնդիրների շուրջ: 
Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, մայիսի 2-ին Սիդնեյում Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թրենբուլի հետ մամլո համատեղ ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը և  ասել. «Փարիզը հավատարիմ է այս միջազգային համաձայնագրին»:
Ֆրանսիայի նախագահը հավելել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ինչ էլ լինի, մենք համապարփակ բանակցության ու համաձայնության կարիքն ունենք, քանի որ ոչ ոք չի ուզում տարածաշրջանում սրվեն լարվածությունները»:
Ավստրալիայի վարչապետն ևս իր աջակցություն հայտնելով ՀԳՀԾ-ին, հայտարարել է` «Իրանի միջուկային համաձայնությունը դեռևս լավագույն տարբերակն է»:
Միանգամայն ճիշտ դիտարկում է կատարել «Նյու Յորք Թայմս» օրաթերթը, որի հրապարակումներից մեկի համաձայն, Իրանի դեմ Իսրայելի վարչապետի ցուցադրական հայտարարությունների պատճառով ՀԳՀԾ-ի հարցում պառակտում է առաջացել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև:
Օրաթերթի կայքէջում գրված է. «ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները նախկինից խիստ տարբերվող դիրքորոշմամբ հայտարարեցին, որ Նաթանյահուի հակաիրանական հայտարարություններում նոր խոսքեր չեն եղել»:
Սպիտակ տունն ապրիլի 30-ի երեկոյան նահանջել է Իրանում միջուկային սպառազինության արտադրման գաղտնի ծրագրի մասին իր հայտարարությունից: Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, Սպիտակ տունը Իսրայելի վարչապետի հակաիրանական ելույթից ժամեր անց Իրանի միջուկային սպառազինության արտադրման գաղտնի ծրագրի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, սակայն հետո անաղմուկ փոխել է իր հաղորդագրությունը և տեղադրել նորը: Մասնավորապես` Սպիտակ տան հաղորդագրության մեջ «Իրանը միջուկային սպառազինության արտադրման գաղտնի ծրագիր ունի» նախադասությունը փոխվել է «Իրանը միջուկային սպառազինության արտադրման գաղտնի ծրագիր ուներ» նախադասությամբ: 
Այնուհանդերձ, չնայած վերոնշյալ նահանջին, ԱՄՆ նոր պետքարտուղար, Կենտրոնական հետախուզության վարչության նախկին ղեկավար Մայք Պոմպեոն, ըստ «Սքայ Նյուզ» հեռուստաընկերության արաբերեն բաժնի հաղորդման, մայիսի 2-ին իր երդմնակալության հանդիսության սկզբում հայտարարել է, որ ինքն է որոշելու ՀԳՀԾ-ի ճակատագիրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև մայիսի 12-ը կամ ամենաուշը հենց այդ օրը պետք է որոշի՝ Միացյալ Նահանգներն արդյոք դո՞ւրս է գալու Իրանի հետ միջազգային միջուկային գործարքից, թե ոչ: Եթե Միացյալ Նահանգների ղեկավարը որոշում կայացնի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ, ապա դա ոչ միայն կսրի իրավիճակը տարածաշրջանում, այլև կարող է դրդել Իրանին` վերսկսելու իր միջուկային ծրագրի սառեցված մասը: Դա, իր հերթին, կարող է տեղիք տալ Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հրթիռառմբային հարվածներին, որոնք Իրանը, բնականաբար, անպատասխան չի թողնի: Եվ այսպես, Աստված մի արասցե, կարող է սկսվել մեծ պատերազմը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play