Նիկոլ Փաշինյանը չի բացառում իր նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրումը<br />


Նիկոլ Փաշինյանը չի բացառում իր նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրումը

  • 29-09-2010 19:12:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը 00.20-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման հարցերով պատասխանատուին «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հայտնել է, որ իրենց ունեցած տեղեկություններով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում, եւ խնդրել Պաշտպանի անհապաղ միջամտությունը: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ եւ ժամը 02.20-ից մինչեւ 03.10-ը զրուցել Ն.Փաշինյանի հետ: Նրան առաջարկվել է զրուցել մեկուսի, սակայն վերջինս պնդել է, որ հանդիպումն անցկացվի հիմնարկի ղեկավարի ներկայությամբ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Ն.Փաշինյանը հայտարարել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, ինչպես նաեւ որեւէ մեկի կողմից իր կյանքին վտանգ սպառնացող գործողություն կամ հայտարարություն չի կատարվել: Միաժամանակ նա չի բացառել, որ դա տեսականորեն հնարավոր է: Ն.Փաշինյանը հայտնել է նաեւ, որ ինքը չի խնդրել որեւէ մեկին, որպեսզի զանգահարեն Մարդու իրավունքների պաշտպանին եւ նման հայտարարություն անեն: Զրույցի ընթացքում Ն.Փաշինյանի կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ կապված քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների եւ վարչակազմի ապօրինի գործողությունների հետ: Վերջինիս առաջարկվել է ասվածը հիմնավորող տեղեկություններով գրավոր դիմել Պաշտպանին: Ն.Փաշինյանը, չբացառելով ներկայացված առաջարկը, հայտնել է, որ դրանց մասին առավել մանրամասն կանդրադառնա ԶԼՄ-ներում հրապարակվելիք իր հետագա հոդվածներում: Հանդիպման վերջում «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Լ.Բաղդասարյանը հայտարարել է, որ ինքը պատասխանատու է ցանկացած դատապարտյալի` այդ թվում նաեւ Ն.Փաշինյանի անվտանգության համար:
Նոյյան տապան  -   Իրավունք