Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ևս 40 սիրիահայ ավարտել է մասնագիտական դասընթացը


Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ևս 40 սիրիահայ ավարտել է մասնագիտական դասընթացը

  • 21-07-2018 12:45:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան) ֆինանսավորմամբ շարունակվում են սիրիահայերի մասնագիտական դասընթացները՝ «Արտ հաուս» ուսումնական կենտրոնի և «Հալէպ» ԲՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում 40 սիրիահայ երիտասարդներ և կանայք տիրապետում են վարսահարդարի, դիմահարդարի, մատնահարդարի, սեղանի ձևավորման և տորթերի պատրաստման/ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի մասնագիտական որակավորման հմտություններին: Հայկական Կարիտասը ծրագրի շահառուներին տրամադրում է աշխատանքային գործիքներ առաջին մասնագիտական քայլերն անելու նպատակով: Դասընթացի ֆինանսավորումն իրականացվել է շվեցարական FONDATION POUR L’AIDE AU PROTESTANTISME RÉFORMÉ (F.A.P.) կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Մասնագիտական կարողությունների զարգացման շնորհիվ նրանք կկարողանան ունենալ սեփական եկամուտ՝ կարիքները հոգալու  և Հայաստանում արժանապատիվ կյանք ունենալու համար: 
 
Անի Պլազա հյուրանոցի Նաիրի դահլիճում կայացած միջոցառմանը ներկա էին Սփյուռքի նախարարության, հայկական Կարիտասի, GIZ հայկական գրասենյակի և հայաստանյան Կլոր սեղանի աշխատակիցներ: Մասնագիտական դասընթացների մասնակից 40 սիրիահայ կանայք և երիտասարդներ ներկայացրեցին իրենց գործնական գիտելիքի առաջին արդյունքները՝ ցուցադրելով իրենց իսկ ձեռքով պատրաստված մոդելների, ինչպես նաև՝ սուրճի ընդմիջման համար պատրաստված սննդի ողջ տեղականին: Դասընթացներն իրականացրել է «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կլոր սեղան հիմնադրամի` Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի շրջանակում և  մաս է կազմում «Սիրիահայ փախստականների կենսապայմանների բարելավում» ծրագրի:
 
«Սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, որի լուծմանն է ուղղված մեր ծրագրերի մի մասը: Այսօրվա միջոցառումն առիթ է ամփոփելու կատարած աշխատանքը: Այս դասընթացների շնորհիվ ավելի քան 170 սիրիահայ կանայք և երիտասարդներ հնարավորություն են ունեցել իրենց գիտելիքի շնորհիվ ձեռք բերել մասնագիտություններ, գումար վաստակել և բարելավել իրենց կենսապայմանները Հայաստանում»,-ասաց ծրագրի պատասխանատու Ալլա Սարկիսովան: 
 
«Մենք այսօր սերմեր ենք ցանել, որոնց պտուղները կվայելեք հետագայում, կարևորը աշխատասիրությունն է, իսկ աշխատանք միշտ կա: Այս մասնագիտություններով սիրիահայերը կարող են վաստակել և՛ Հայաստանում, և՛ արտերկրներում»,- նշեց «Արտ Հաուս» կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը:
 
Դասընթացի մասնակիցները նշեցին, որ ստացած գիտելիքով կփորձեն աշխատանք գտնել Հայաստանում և մնալ այստեղ` կառուցելով իրենց ընտանիքի ապագան: 2015թ. Անցկացված տարբեր դասընթացների մասնակիցներից Լենա Շամլյանը շեշտեց, որ ինքն ու քույրն արդեն ունեն աշխատանք և մշտական պատվերներ են կատարում տարբեր կազմակերպությունների համար:
 
 
Ծրագրի կարևոր բաղադրիչն է նաև սիրիահայ փախստականների սոցիալ-հոգեբանական աջակցությունը, որն իրականացվում է Հայ Առաքելական Եկեղեցու աջակցությամբ: Սիրիահայերի հետ աշխատում է Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սուրբ Զորավոր Մարիամ Աստվածածին Եկեղեցում:  Մեծահասակներն և երեխաները հաճախում են պատարագների ու ժամերգությունների, եկեղեցու սպասավորների հետ կիսում իրենց հոգսերը, ստանում խորհրդատվություն, մասնակցում տարբեր միջոցառումների, ուխտագնացությունների, ստանում հոգևոր և նյութական աջակցություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play