«Արթուր Ասատրյանին, մականունը` Դոն Պիպո, անհրաժեշտ է օր առաջ ազատել». Սամվել Հակոբյան (տեսանյութ)


«Արթուր Ասատրյանին, մականունը` Դոն Պիպո, անհրաժեշտ է օր առաջ ազատել». Սամվել Հակոբյան (տեսանյութ)

  • 21-08-2018 17:18:47   | Հայաստան  |  Մամուլի սրահ



 
 
 
 
Այսօր «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում այս թեմայով ասուլիսով հանդես եկավ Եվրոպայի անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի ակադեմիայի ակադեմիկոս և Հայաստանի Հանրապետությունում լիազոր ներկայացուցիչ, Հայաստանում Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի դեպարտամենտի նախագահ, ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանի հեղինակ ու գլխավոր խմբագիր Սամվել Հակոբյանը:
Ի թիվս իր այլ արժանիքների, Ս. Հակոբյանը ներկայացավ նաև հետևյալ կերպ` «… լինելով այն մարդը, ում շնորհիվ նաև ԵԼՔ դաշինքը եկավ Ազգային ժողով, ում շնորհիվ նաև Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, որ այսօրվա կառավարության անդամները եկան իշխանության, եթե, իհարկե, չի անտեսվում, առավել ևս` չի արհամարհվում այն երեք ձայնը, որ մենք` իմ ընտանիքի անդամները, տվել ենք ԵԼՔ դաշինքին` այն ժամանակ մտածելով, որ անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որ թույլ չտա որևէ իշխանության դառնալու բացարձակ բռնապետություն…»:
Կարդալով իր պատրաստած հայտարարությունը, Սամվել Հակոբյանն ասաց. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գիտության, մտավորականության միջազգային երկու ակադեմիաների ներկայացուցիչ, «Հայաստանի Հանրապետություն» պատմական 11 հատորանոց հանրագիտարանի հեղինակ, բաց նամակով և հայտարարությամբ դիմում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանին, արդարադատության նախարար պարոն Արտակ Զեյնալյանին, գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն պարոն Արթուր Վանեցյանին, Հայաստանի կառավարության բոլոր անդամներին, իշխանության ներկայացուցիչներին, Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցներին և համայն աշխարհի հայությանը. այսօր հայ ժողովրդի արժանապատիվ զավակներից մեկը` հայազգի մեծ բարերար, հայոց նորագույն պատմության մեջ ազգային մտածողությամբ նոր պատմական դեմք Արթուր Ասատրյանը, որն աշխարհում հայտնի է նաև Դոն Պիպո անվամբ, գտնվում է անազատության մեջ: Մարդ, ով իր ողջ գիտակից կյանքում օգնել և օգնում է հայապահպանման գործին ողջ աշխարհում` այն դեպքում, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ թալանվել և հարստությունը դուրս է տարվել: Արթուր Ասատրյանը ոչ միայն միշտ բերել է Հայաստան, այլև օգնել է հայերին նաև այլ երկրներում, և պատահական չէ, որ Արթուր Ասատրյանն այսօր հարգված և ընդունված անհատականություն է ոչ միայն շատ երկրների իշխանությունների ներկայացուցիչների կողմից, այլև ներկայիս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից: Եվ այսօր Արթուր Ասատրյանի անազատության յուրաքանչյուր օրը մեծապես չի նպաստում ինչպես նոր Հայաստանի կառուցմանը, այնպես էլ Հայաստանի միջազգային հեղինակությանը, օրինականությանը, արդարադատությանը, բարոյականության, մարդու իրավունքի և արժանապատվության պահպանման հարցին, և ընդհակառակը` նրա ազատումը դրական ազդեցություն կունենա, և ինչպես ցույց է տալիս ժամանակը, ժողովրդական լայն զանգվածների շրջանում: Նորից և նորից դիմում և խնդրում եմ` անտարբեր չմնալ նման հայի ճակատագրի հանդեպ, օրինականության սահմաններում նպաստել օր առաջ Արթուր Ասատրյանին ազատելու ազգանվեր գործին»:
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play