Հարութ Սասունյան. Պարոն Նախագա'հ, ամերիկահայերը մերժում են Ցեղասպանության վերաբերյալ Ձեր վիրավորական բառախաղերը


Հարութ Սասունյան. Պարոն Նախագա'հ, ամերիկահայերը մերժում են Ցեղասպանության վերաբերյալ Ձեր վիրավորական բառախաղերը

  • 26-04-2011 13:09:28   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Չնայած նախագահ Օբամային ուղղված ամերիկահայերի համառ հորդորներին` խուսափել Ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանության փոխարեն «Մեծ եղեռն» բառեզրը օգտագործելուց, սակայն երեք տարի անընդմեջ նա շարունակում է այդպես վարվել:   Ըստ երեւույթին, թուրքական ժխտողական վարչակարգի կամակատարները եւ նրանց ամերիկյան կողմնակիցները կարողացել են պարտադրել Միացյալ Նահանգների նախագահին խուսափել «genocide» կամ դրա համարժեք հայերեն «ցեղասպանություն» բառեզրի որեւէ հիշատակումից: Այլապես, ինչո՞ւ Միացյալ Նահանգների նախագահը ամերիկյան հասարակությանը պետք է դիմեր քչերին հասկանալի օտար լեզվով: Հայերեն լեզվով «Մեծ եղեռն» բառերի օգտագործումը պարզապես նպատակ ունի խաբել որոշ դյուրահավատ ամերիկահայերի: Այս էժանագին հնարքը հարիր չէ Նախագահի արժանապատվությանը: Նախագահ Օբաման անցած երեք տարիների ընթացքում իր գործելակերպը շտկելու եւ «Մեծ եղեռն» բառեզրի օգտագործումից հրաժարվելու փոխարեն ճիշտ հակառակն է անում: Անհավատալիորեն, այս տարվա Ապրիլի 24-ի ուղերձում նա այդ բառեզրն օգտագործում է արդեն ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք անգամ: Նախագահն առանց ամաչելու շարունակում է իր նախորդների անհեթեթ եւ վիրավորական բառախաղերը, որոնց նա խստորեն քննադատել էր` Ցեղասպանությունը մեղմացված ձեւով ներկայացնելով որպես «սարսափելի դեպքեր», «վայրագություններ», «ջարդեր» կամ «աղետալի իրադարձություններ»: Այս ամսվա սկզբին, նախագահ Օբաման հայտարարեց նախագահական ընտրություններին իր թեկնածությունը կրկին դնելու մասին եւ ամերիկացիներին խնդրեց վերընտրել իրեն հաջորդ չորս տարիների համար: Իմ կարծիքով, նա, ով բացահայտորեն խախտում է սեփական խոստումները թե' հայկական, եւ թե' ոչ հայկական հարցերի, այդ թվում` Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, արժանի չէ վերընտրման: Դժվար է պատկերացնել, որ իրեն հարգող որեւէ հայ մարդ կրկին քվեարկի Օբամայի օգտին:  Նախագահ Օբամայի դրժած խոստումների հանդեպ իրենց վրդովմունքն արտահայտելու համար հազարից ավելի ամերիկահայեր ապրիլի 24-ի նախօրեին աղմկոտ ցույց էին կազմակերպել Քալվըր Սիթիի «Sony Studios»-ի դիմաց, նրա խոշոր դրամահավաքի վայրում: Նրանց սրտնեղած ուղերձը լայնորեն տարածվեց ամերիկյան եւ միջազգային լրատվամիջոցներով: Համարյա բոլոր լուրերի թողարկումներում ընդգծվում էր ցուցարարների անվստահությունը նախագահ Օբամայի հանդեպ` ստվեր գցելով նրա նախընտրական քարոզարշավի խանդավառության վրա վրա: Ցուցարարների ուղերձի արձագանքի ուժեղացմանը նպաստում էր «System of a Down» հանրահայտ խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ում ներկայությունն ու կրակոտ ելույթը ոգեւորում էին ամբոխին, գրավելով մեծ թվով լրատվամիջոցների ուշադրությունը: Ցույցին կարեւոր աջակցություն էր բերել նաեւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը «twitter»-հաղորդագրություն էր ուղարկել իր 7.2 միլիոն երկրպագուներին եւ հայտարարություն թողարկել իր բլոգում. «Այսօր հազարավոր հայեր հավաքվելու են Լոս Անջելեսում ի նշան բողոքի Հայոց ցեղասպանության ժխտման դեմ եւ կոչ են անելու Միացյալ Նահանգների կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հուսով եմ, որ այսօր կարող եմ ուշադրություն հրավիրել դրա վրա»:   «ABC-TV» եւ «FOX-TV» հեռուստատեսություններում իմ վերջին ելույթների ժամանակ ես բացատրեցի, որ ցույցը նպատակ չուներ աղերսել նախագահ Օբամային օգտագործել ցեղասպանություն բառը: Այն, ավելի շուտ մի լուրջ պատգամ էր ուղղված նրան եւ մյուս քաղաքական գործիչներին, որ ամերիկահայերն այլեւս չեն լռելու, երբ ընտրված պաշտոնյան շռայլ նախընտրական խոստումներ տալով ստանա նրանց ձայներն ու փողերը, իսկ ընտրություններից հետո անտեսի նրանց: Այդ պաշտոնյաները պետք է քաղաքական մեծ գին վճարեն իրենց երկդիմության համար: Որպեսզի ժողովրդավարությունը գործի, քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն, որ անպարկեշտ քաղաքական գործիչները չվերընտրվեն: Մեկ անգամ խաբված լինելը վատ է, սակայն հիրավի աններելի է, եթե թույլ տանք, որ մեզ կրկին անգամ խաբեն:   Քալվըր Սիթիի ցույցն օգտագործելով որպես նախադեպ, առաջիկա 18 ամիսներին ամերիկահայերը պետք է նախագահ Օբամայի յուրաքանչյուր քարոզարշավային այցի ընթացքում ցույցեր կազմակերպեն Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում: Բացի այդ, ամերիկահայերը, իսկապես կարիք չունեն, որ նախագահ Օբաման կրկնի այն, ինչ երեսուն տարի առաջ հայտարարել է նախագահ Ռեյգանը` 1981 թվականի ապրիլի 22-ի իր նախագահական Հռչակագրում հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Օբաման դրժելով իր նախընտրական խոստումը, վարկաբեկել է իր բարոյական եւ քաղաքական հեղինակությունը որպես ազատ աշխարհի առաջնորդ:   Եկեք չմոռանանք նաեւ այս ափսոսալի հարցի մյուս երկու գլխավոր մեղսակիցներին: Որտե՞ղ է այս օրերին թաքնվում փոխնախագահ Բայդենը: Արդյոք մտաբերո՞ւմ է, որ նա բազմաթիվ հախուռն ելույթներ է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Սենատում իր երկարամյա ծառայության եւ նախագահի թեկնածության ընթացքում: Իսկ Հիլարի Քլինթո՞նը: Որքան շուտ նա սենատոր եւ նախագահի թեկնածու եղած ժամանակ Ցեղասպանության ճանաչման ջատագովից վերափոխվեց Պետքարտուղարի, որը թաքնվում է լրատվամիջոցներից, երբ «անձնական» ծաղկեպսակ է դնում Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ կոնգրեսականների շրջանում աշխատանքներ է տանում Ցեղասպանության բանաձեւին դեմ քվեարկելու համար: 2012 թվականի ընտրությունները հիանալի առիթ են հաշիվներ մաքրելու համար բոլոր նրանց հետ, որոնք չեն արդարացրել Ամերիկայի հայ համայնքի վստահությունը:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play