2018 թ-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը


2018 թ-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը

  • 23-11-2018 15:22:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:
 
Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018 թ-ի դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։ 
«Հրավիրելով նման հռչակավոր մարդկանց Հայաստան՝ մենք, բացի նրանց մեծարելուց, նաև մեր վերաբերմունքն ենք ցույց տալիս ՏՏ ոլորտին: Մրցանակակիրները դառնում են մեր դեսպանները ողջ աշխարհում՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի համբավը», - ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար։ Ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքը։ Եվ մենք հպարտ ենք, որ համաշխարհային լեգենդները ամեն տարի այցելելով Հայաստան բարձրացնում են մեր երկրի իմիջն ու ճանաչողությունը», - ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, Սինոփսիս Արմենիա տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Համաշխարհային ՏՏ մրցանակը, որպես Հայաստանում իրականացվող շարունակական նախաձեռնություն, ավելին է, քան աշխարհի ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դիրքերն ամրապնդելն ու երկիրի հեղինակությունը բարձրացնելը: Չափազանց կարևոր է, որ մրցանակի շրջանակներում Հայաստան են ժամանում և ՏՀՏ համայնքի ու նաև երիտասարդների համար դասախոսում այս ոլորտում իրապես նորը ստեղծած մարդիկ, ում դարակազմիկ հայտնագործությունները թելադրել են աշխարհի զարգացման հետագա ուղղությունը: Մրցանակի դափնեկիրները, ինչպես բոլոր ժամանակների հանճարները, չեն նմանակել նախորդներին, չեն անցել ուրիշի տրորած ճանապարհով, չեն ձգտել տեղավորվել մինչ այդ գործող խաղի կանոններում: Հայաստանն ունի մտավոր այն անհրաժեշտ ներուժը, որը թույլ կտա ոչ միայն զարգացնել ՏՀՏ ոլորտը իբրև երկրի մրցակցային առավելություն, այլև երկարաժամկետ կտրվածքով ստեղծել նոր որակ ՏՀՏ ոլորտում ու արժանապատվորեն կանգնել ՏՀՏ հսկաների հետ կողք-կողքի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
Մրցանակը հիմնվել է 2009 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական:
Այս տարի տրվող մրցանակը թվով 9-րդն է։ Բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:
Մրցանակաբաշխությունը իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:
Նախորդ տարիների դափնեկիրներն են այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են
«Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer»  կորպորացիայի հիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» lաբորատորիայի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը և «Nest Labs» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը։
 
Դոկտոր Ջեյմս Թրուշարդի մասին.
Ֆասթ կազմակերպության կողմից նորարարության գործակալ անվանված Դր․ Ջեյմս Թրուշարդը 1976 թ. -ին համահիմնադրել է Նեյշնլ Ինսթրումենթս ընկերությունը, առաջնորդելով այն ուղղությունն ու մոտեցումները, որով գիտնականներն ու ճարտարագետները  լուծում են համաշխարհային խոշորագույն ճարտարագիտական մարտահրավերները այլընտրանքային էներգիայի աղբյուրների մատչելիության, բնական պաշարների հասանելիության, քաղաքային ենթակառուցվածքների բարելավման, դեղագործության և առողջապահական համակարգի զարգացման ու թվայնացման, էկոհամակարգի պահպանման, անհատականացված ուսուցման, վիրտուալ իրականության և անվտանգ ու ապահով կիբեռտարածքի ստեղծման և այլ կենսականորեն կարևոր ոլորտներում։
 
Լինելով Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը, ինչպես նաև Ֆորբսի Ամերիկայի սիրելի ղեկավարներից մեկը, դոկտոր Ջեյմս Թրուշարդը՝ ով Նեյշնլ Ինսթրումենթսում հայտնի է որպես դոկտոր Թի, առաջնորդել է ընկերությունը, այն երեք հոգանոց թիմից դարձնելով վերազգային  կազմակերպություն, որը Լավագույն Աշխատատեղ Ինստիտուտի կողմից ընդգրկվել է «Լավագույն 100 Աշխատատեղ» ցանկում և ճանաչվել «Աշխարհի 25 լավագույն վերազգային աշխատատեղերից» մեկը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play