Մի վատ որոշումը փոխարինում է մեկ ավելի վատ որոշման


Մի վատ որոշումը փոխարինում է մեկ ավելի վատ որոշման

  • 28-12-2018 17:10:47   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը

-Տիկին Բարսեղյան, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը չի բացառել, որ լուծարվելու փոխարեն հնարավոր է Սփյուռքի նախարարությունը միավորվի այլ նախարարության։ Ի՞նչ եք կարծում, եթե նախարարությունը ոչ թե լուծարվի, այլ միանա որևէ այլ նախարարության, ավելի ընդունելի տարբերա՞կ է։
 
-Կարծես թե մեկ վատ որոշումը փոխարինում է մեկ ավելի վատ որոշման։ Ես չեմ կարող պատկերացնել, թե որ նախարարությանը կարող է միանալ սփյուռքի  նախարարությունը։ Չկա այսօրվա կառավարության կազմում այդպիսի նախարարություն, որ հնարավոր լինի միացնել սփյուռքի նախարարությունը։ Այնքան տեխնիկական էր դրվել խնդիրը, այսինքն՝ փակել նախարարությունը, նոր դրա տակ դնել ինչ-որ իմաստներ  և ոչ թե իմաստներ դնել և նոր որոշման հիման վրա հանգել եզրակացության, որ նախարարությունը փակում են։ Ես կարծում եմ՝ այս պահին իշխանությունը, բացի նրանից, որ ասել է նախարարությունը փակում է, լուրջ և հիմնավոր այլընտրանք չի ներկայացրել, որ ահա մենք մտածել ենք սփյուռքի հետ վարենք այսպիսի քաղաքականություն, հետևաբար, մեզ պետք է այսպիսի կառույց, այսպիսի աշխատակազմով, այսպիսի օպտիմալ թվով։ Եթե նման որոշում լիներ և ասվեր՝ նախարարությունը փակվում է, գուցե մարդիկ քննարկեին՝ ճիշտ է, թե սխալ է նախարարության փակվելը։
 
-Կարծիքներ են հնչում, որ այս նախարարությունը տասը տարի եղել է Հրանուշ Հակոբյանի նախարարությունը, որ այս նախարարությունը հենց նրա համար է բացվել։ Եվ այս նախարարությունը ծառայել է աշխատակիցների գործուղումների համար և ոչ թե Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման։ Արդյոք իր նպատակին ծառայո՞ւմ էր նախարարությունը, արդյոք նրա գոյությունը արդարացվա՞ծ էր։
 
-Այսօրվա քաղաքականություն իրականացնող հետհեղափոխական կառավարությունը, որ արդեն մերժել է նախորդ իշխանության փորձը և գալիս է նոր փորձ բերելու, իր քաղաքականության որոշումների հիմքում դնում է նախորդ իշխանության գործունեության վերլուծությունը։ Սա անտրամաբանական քայլ է։ Այսինքն՝ այսօր ինչպես կարող ենք մենք մեր քաղաքականության հիմնավորման հիմքում դնել նախորդ կառավարության գործելաոճը։ Նախ՝ իրենք պետք է քննարկեն՝ ինչպիսի քաղաքականություն են ուզում այս ոլորտում իրականացնել, ներկայացնել այդ փաստաթուղթը, ըստ այդմ՝ որոշեն ինչպիսի քաղաքականություն վարել։ Եվ եթե այս նախարարությունը ստեղծվել է մեկ անձի համար գործուղումների նպատակով և այլն, դա այս կառավարության խնդիրը չէ, նրանք ապրիլից մերժել են այդ փորձը հեղափոխության միջոցով։ Նրանք պետք է գան և քննարկեն՝ ինչպիսին է սփյուռքի հետ քաղաքականությունը, ներկայացնեն այդ փաստաթուղթը և արդեն ըստ այդմ ասեն, որ համարում են, որ այսպիսի քաղաքականություն ենք վարելու, իսկ այդ դեպքում մեզ նախարարություն պետք չէ։ Չունենալով այլընտրանք՝ նրանք փակում են մի նախարարություն, որ լավ թե վատ, որոշակի կառուցվածք և ինստիտուցիոնալ կապեր է ստեղծել սփյուռքի հետ։ Եվ դրա հիման վրա հնարավոր է զարգացնել նոր՝ ավելի բազմազան ու խորքային հարաբերություններ:
 
Սփյուռքում նույնպես, քննադատելով սփյուռքի նախարարության գործելաոճը, շատ կարևորում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների անկախ կառույցը կառավարության կազմում, և սա հաշվի չառնել հնարավոր չէ։
 
-Տիկին Բարսեղյան, Սփյուռքի նախարարության առողջացման առումով ինչ հայեցակարգ պետք է մշակվի, ինչը կարող է դուրս բերել այդ վիճակից։
 
-Ես չեմ կարող պնդում անել, որ առանց Սփյուռքի նախարարության չենք կարող Սփյուռքի քաղաքականություն ունենալ և վարել։ Բայց քանի որ այս պահին որևէ լուրջ այլընտրանք չի առաջարկվում, նախարարությունը լավ ֆորմատ էր՝ որպես առանձին կառույց, լինելով կառավարության կազմում, համակարգելու Սփյուռքի հետ ինստիտուցիոնալ կապերը։ Տարբեր գերատեսչություններին կից կառույցներն ավելի քիչ հնարավորություն կունենան վարել ավելի լավ սփյուռքի քաղաքականություն: Ես համոզված եմ, որ եթե ճիշտ օպտիմալացվի նախարարությունը ներսում, ոչ թե լուծարվի, նորացվի մասնագիտական կազմը, մշակված քաղաքականության և ռազմավարական ծրագրի առկայության պարագայում շատ հաջող կարող է սփյուռքի քաղաքականություն վարել։ Այդ նախարարությունը կարող է երկրի համար դառնալ շատ կարևոր ռազմավարական նշանակության նախարարություն։
 
Ես կարծում եմ, որ շատ գործ կա անելու, և լուրջ աշխատանքի դեպքում, այդ երգի, պարի, մեդալներ տալու պրակտիկայից դուրս լուրջ աշխատանքներ տանելու դեպքում հնարավոր է Հայաստանի համար լուրջ արդյունքներ գրանցել։ Սրանք ոչ թե սոսկ բառեր են, այլ նաև այլ երկրների փորձն ուսումնասիրելով, նաև հետազոտությունների միջոցով ճանաչելով մեր Սփյուռքը, այնտեղից եկող առաջարկները, հնարավոր է այն դարձնել շատ ամուր կառույց և օգուտ բերել Հայաստանին ու նաև Սփյուռքին։ Չմոռանանք, որ դա ոչ միայն Հայաստանի համար կարևոր կառույց է, այլ նաև Սփյուռքի։ Սահմանափակ ռեսուրսներով ու բազում մարտահրավերների առջև կանգնած Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ չունենալ զարգացման կարևոր ռեսուրսի՝ սփյուռքի մարդկային, սոցիալական ու ֆինանսական կապիտալի ներառման ռազմավարական ծրագիր:
 
-Ի՞նչն էր թաքնված այս նախարարության լուծարման հետևում։ Ընդհանուր առմամբ մնացած նախարարությունները իրար միացնելու տարբերակով էին գնում, իսկ Սփյուռքի նախարարությունը որոշվեց լուծարել։
 
-Ես չեմ տիրապետում ներքին խոհանոցին և չեմ կարող ասել նման որոշման բուն պատճառը, մոտիվացիան, բայց այն, ինչ մեզ հասնում է տեղեկատվությունից, կարող եմ ասել, որ ի սկզբանե տեխնիկական հարց է դրվել։ Այսինքն` հարց էր դրվել 17 նախարարությունների թիվը կրճատել, հասցնել 12-ի, և մարդիկ բացառման սկզբունքով են գնացել։ Մտածել են, թե որ նախարարություններն են, որ կարող են տեղ չունենալ նոր կառավարությունում։ Բնականաբար, չէին կարող օրինակ Պաշտպանության նախարարությունը կամ ԱԳՆ-ն փակել և այդպես բացասման սկզբունքով գնացել են ու գտել թույլ օղակները։ Ես հասկանում եմ, որ նախորդ փորձը երևի իրենց հուշել է, որ Սփյուռքի նախարարությունն այնքան էլ օգտակար չի եղել Հայաստանի Հանրապետությանը շոշափելի առումով, բայց այդ քաղաքական թիմում պետք է լինեին մարդիկ, Սփյուռքի հարցերով մասնագետներ, որոնք պիտի հիմնավորեին դրա կարևորությունը, նշանակությունը։ Ընդ որում, նաև իրենց հայտարարած սփյուռքի քաղաքականության ֆոնին այնքան հակասական է այդ նախարարությունը փակելը։ Այսօր հայտարարվում է, որ Սփյուռքի վրա շատ հույս ենք դնում, հայրենադարձություն ենք պլանավորում, նման բարձրագոչ բաներ, ու կառույցը, որը պետք է համակարգի այդ ինստիտուցիոնալ կապերը, փակվում է։ Սա մի քիչ անտրամաբանական է։ Ես տրամաբանական կհամարեի, եթե հիմնավոր այլընտրանք ներկայացված լիներ։
 
-Այսպես ստացվում է, որ սոսկ բյուջեն ուզում են տնտեսե՞լ։
 
-Այո, բայց եթե լինեին համապատասխան մասնագետներ քաղաքական թիմի ներսում, ցույց կտային, որ այդքան բյուջե արժե տրամադրել, որովհետև դրա արդյունքում, եթե, օրինակ, իրենց շոշափելի արդյունքներն են հետաքրքրում ներդրումների կամ ներգաղթի և այլ տեսքով, ապա մենք բյուջեում այդ ծախսը անելով Հայաստանի համար կարող ենք ապահովել այսքան արդյունք։ Շոշափելի փաթեթ չեն տվել կամ գուցե իրենք նման պատվեր չեն տվել, որպեսզի նման փաթեթ ունենան, որ ենթադրենք Սփյուռքի նախարարության աշխատանքի արդյունքում մենք կունենանք հետևյալ շոշափելի արդյունքները։ Հետևաբար, այս բյուջեի ծախսը արժի անել դա ունենալու համար։ Իսկ օպտիմալացումը կարելի էր անել հենց նախարարության ներսում։ Թեև այն փոքր նախարարություն է, բայց կարելի է օպտիմալացնել ու կազմը նորացնել։ Նաև բովանդակային առումով մշակել քաղաքականություն։ Դա բավական կլիներ, որ շատ լավ գործեր այդ նախարարությունը և իսկապես շոշափելի արդյունքներ բերեր թե Հայաստանին, թե Սփյուռքին։
 
 
 
 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ