«Էյ Թի Փի» ԲՀ-ը հպարտորեն հայտարարում է իր 25-ամյակին նվիրված ծրագրերի և միջոցառումների մասին


«Էյ Թի Փի» ԲՀ-ը հպարտորեն հայտարարում է իր 25-ամյակին նվիրված ծրագրերի և միջոցառումների մասին

  • 21-03-2019 14:06:57   | Հայաստան  |  Հասարակություն

Անտառների միջազգային օրվա կապակցությամբ «Էյ Թի Փի» ԲՀ-ը հպարտորեն հայտարարում է իր 25-ամյակին նվիրված ծրագրերի և միջոցառումների մասին, որոնք կիրականացվեն 2019 -2020 թթ. ընկած ժամանակահատվածում:    Հիմնադրվելով 1994թ.-ին ամերիկահայ բարերար և ակտիվիստ Քարոլին Մուգարի կողմից՝ «Էյ Թի Փի»-ն  զգալի ներդրում է ունեցել  Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման մեջ՝  տնկելով ավելի քան 5.7 միլիոն ծառ և ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր: 
 
«Էյ Թի Փի»-ի 25-ամյակի առթիվ կազմակերպվող տարբեր հոբելյանական միջոցառումներն էապես կնպաստեն Հիմնադրամի լայն ճանաչմանն ու մինչ այժմ ձեռք բերած հաջողությունների լուսաբանմանը: «Էյ Թի Փի»-ն Երևանում կգումարի «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերն ու Հայաստանը» խորագրով  անդրանիկ  համաժողովը, որը տեղի կունենա Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնում հոկտեմբերի 20-23 ընկած ժամանակահատվածում: Համաժողովի խոսնակների  անուններն ու հետագա այլ մանրամասները կհայտարարվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
 
«Հոբելյանական այս  տարին  գնալով ավելի ոգևորիչ  է դառնում  կազմակերպության  առաջընթացի և զարգացման առումով:  Մենք  հպարտ ենք մինչև հիմա մեր ունեցած ձեռքբերումներով և  ծառերի միջոցով Հայաստանի ժողովրդին օգնելու և շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքների համար: Ավելին,  ոգևորված ենք առաջիկա աշխատանքներով և  այն գործընկերներով և մարդկանցով, որոնք հետագայում կմիանան մեզ»,- նշեց «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:
 
Աշնանը «Էյ Թի Փի»-ն Հայաստանում կտնկի իր 6 միլիոներորդ խորհրդանշական ծառը, իսկ ԱՄՆ-ում կանցկացնի մի շարք ընդունելություններ իր աջակիցների համար՝ ի գնահատումն կազմակերպության հանդեպ նրանց ունեցած նվիրումի: 
 
«Վերջին 25 տարվա ընթացքում «Էյ Թի Փի»-ն աջակցություն է ստացել մեծամասամբ ամերիկահայ համայնքից, ինչպես նաև Եվրոպայի և Հայաստանի մի քանի նվիրատուներից: 2019թ.-ին նախատեսված  միջոցառումների ընթացքում մենք  կտոնենք և կներկայացնենք  Հիմնադրամի մինչ այժմ գրանցած հաջողությունները և ապագայի հավակնոտ տեսլականը»,-նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:
 
«Էյ Թի Փի»-ի ծրագրային հիմնական նպատակներն են. ծառերի տնկում քաղաքային և գյուղական վայրերում, բնապահպանական կրթություն և կայուն զարգացում ու աղքատության կրճատում:
 
Հայաստանի անտառածածկ տարածքների նվազեցումը պայմանավորված է եղել մի շարք գործոններով, այդ թվում՝ ապօրինի և չվերահսկվող ծառահատումներով, կենցաղում կիրառվող վառելափայտի օգտագործմամբ, 1990-ականներին երկրում տիրող էներգետիկ ճգնաժամով, հանքարդյունաբերական ընկերությունների ակտիվ գործունեությամբ և կլիմայական փոփոխություններով: Հողի էրոզիան, կենսամիջավայրի կորուստն ու ոչ բավարար քանակությամբ ջրի առկայությունը  հանգեցրել են անտառային ծածկույթի կրճատմանը:
 
«1990-ականներին մեծ թափով ընթացող ծառահատումները  լրջագույն վտանգ էին ներկայացնում առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Հայաստանին և տանում էին անապատացման: Ահա այդ ժամանակ էր, որ «Էյ Թի Փի»-ն հանձն առավ վերականգնելու և ավելացնելու կանաչապատ տարածքները:  Կրթության և անտառվերականգնման միջոցով վերջինս  մշտապես ներգրավված է շրջակա միջավայրի բարելավման և բնապահպանության ոլորտում դրական փոփոխություններ ներմուծելու աշխատանքներում:
 
Միջոցառումների և Հիմնադրամի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.armeniatree.org.
 
ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է` տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի քաղաքներում և գյուղերում։
 
1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում` գործելով կենսաբազմազան, սակայն վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են ավելի քան 5700000 ծառեր և ստեղծվել բազմաթիվ աշխատատեղեր: «Էյ Թի Փի»-ն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ներգրավելով միջոցներ անտառների վերականգնումը ֆինանսավորելու համար: Մեր կողմից աճեցված և տնկված ծառերը կենսական նշանակություն ունեն. նրանք մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով:
 
«Էյ Թի Փի»-ն ունի ավելի քան 80 աշխատակից Հայաստանում: Երևանյան մասնաճյուղն ապահովված է չորս ժամանակակից տնկարաններով և բնապահպանական կրթության համար նախատեսված երկու կենտրոններով:
 
Երևանյան մասնաճյուղը համագործակցում է համայնքային բնակչության հետ` միկրո-ձեռնարկությունների (տնամերձ տնկարաններ) ստեղծման միջոցով, հիմնում է հանրային օգտագործման կանաչ գոտիներ, անտառապատման միջոցով վերականգում է էռոզացված անտառային հողեր: Նոր անտառներ տնկելու նպատակով հիմնադրամը ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծում հարյուրավոր մարդկանց համար։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play