Արցախի մարզում, այդ թվում՝ Քաշաթաղի շրջանում, ճամբարային վիճակը շարունակվում է. Սասնա Ծռեր


Արցախի մարզում, այդ թվում՝ Քաշաթաղի շրջանում, ճամբարային վիճակը շարունակվում է. Սասնա Ծռեր

  • 26-03-2019 17:22:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ՀՀ Արցախի մարզում, այդ թվում՝ Քաշաթաղի շրջանում, շարունակվում է Երևանի նախորդ հանցավոր ռեժիմի և մինչ օրս գործող նրա Ստեփանակերտի մասնաճյուղի հաստատած ճամբարային վիճակը:
 
Նախորդ օրը՝ ս.թ. մարտի 23-ին, Մարտունի քաղաքում կատարվածից գրեթե չտարբերվող ձեռագրով Քաշաթաղի շրջանի վարչակազմը և նրա հովանավորությամբ գործող անձինք համատարած տնային այցելությունների և անհատական հանդիպումների միջոցով ամեն ինչ արել էին Իշխանաձոր համայնքում բնակվող քաղաքացիների և «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչների՝ ս.թ. մարտի 24-ի հանդիպումը ձախողելու համար:
 
Մասնավորապես՝ քաղաքացիների հետ հանդիպման համար նախապես մեծ պատրաստակամությամբ իր սեփական տարածքը հատկացրած անձն այդ ճնշումների հետևանքով հրաժարվել է պայմանավորվածությունից, իսկ երբ Շարժման ներկայացուցիչները հանդիպման այլ վայր են նշանակել, քաղաքացիների շարժը կասեցնելու համար դեպի այդ վայրը տանող ճանապարհների վրա հերթապահություններ են կազմակերպվել:
Ինչպես նախորդ օրը Մարտունիում, այստեղ ևս քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման հարցում աչքի են ընկել Արցախի մարզի թիվ մեկ օլիգարխ, Արցախի նախագահի թեկնածության հավակնորդ Արայիկ Հարությունյանի հետ փոխկապված անձինք:
Ըստ քաղաքացիներից ստացված տվյալների, դրանց թվում առանցքային դերակատարներ են եղել Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին (իրականում՝ նաև ներկայիս փաստացի) ղեկավար, Արայիկ Հարությունյանի գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցության Քաշաթաղի կառույցի փաստացի ղեկավար, Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման խորհրդի նախագահ և, ըստ շրջանառվող լուրերի՝ նաև իր կամայականություներով տխուր հռչակ ձեռք բերած Սուրիկ Խաչատրյանը, Կովսականի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Իշխանաձորի բուժկետի վարիչ, Ազատ Հայրենիք կուսակցության Իշխանաձորի շտաբի պետ Լուսինե Սարգսյանը, որի կնքահայրը նույն Արայիկ Հարությունյանն է, ինչպես նաև Իշխանաձորի գյուղապետը:
Հանդիպումն, այնուամենայնիվ, կայացավ: Դրան մասնակցեցին մի քանի տասնյակ իշխանաձորցիներ, ովքեր նաև ներկայացրեցին իրենց նկատմամբ տասնամյակներ շարունակ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության առավել ազգադավ, հակահայ և անմարդկային առումները:
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
 
26-ը մարտի 2019 թ.     
Երևան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական