Գագիկ Ծառուկյանը կբացի՞ ՀՀԿ ճանապարհը. մանդատի գինը


Գագիկ Ծառուկյանը կբացի՞ ՀՀԿ ճանապարհը. մանդատի գինը

  • 02-05-2019 15:39:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Հրապարակ թերթը գրում է, որ ԲՀԿ-ն ամբողջությամբ վայր կդնի խորհրդարանի մանդատները, եթե իշխանությունը որոշի գնալ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ճանապարհով: Իհարկե այլ հարց է, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկողը կարող է լինել Սահմանադրությունը, որը բացառում է ձեռնարկատիրության եւ պատգամավորության համատեղումը:
 
Հարցն այն է, թե արդյոք Հայաստանում աշխատում է Սահմանադրության այդ դրույթը, թե՞ ոչ: Իհարկե, ֆորմալ հարթության վրա առաջանում է հարցը, թե արդյո՞ք Ծառուկյանը համատեղում է մանդատն ու ձեռնարկատիրությունը: Այլք նաեւ հարց են տալիս, թե արդյոք միայն Ծառուկյանն է «մնացել», որ համատեղում է ձեռնարկատիրությունն ու մանդատը: Եվ այստեղ իհարկե առաջանում է այն շիլաշփոթը, որ նախկին իշխող համակարգը թողել էր հանրությանը «թղթերով կարգին» ներկայանալու համար:
 
Այդուհանդերձ, իրողությունները թերեւս շատ ավելի պարզ են, եւ խնդիրն այն է, թե արդյոք նոր Հայաստանում դրանք ճանաչվում են այդ պարզությամբ:
 
Այդուհանդերձ, ԲՀԿ-ն կդնի՞ մանդատներն ամբողջությամբ, եթե Հայաստանում դրվի Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու իրավա-քաղաքական հարցը ողջ լրջությամբ եւ հետեւողականությամբ:
 
Թերթը գրում է, հղում անելով ԲՀԿ անանուն աղբյուրին, որ այդ ճանապարհով կուսակցությունը փորձելու է պատասխանել իշխանությանը, առաջացնելով քաղաքական ճգնաժամ եւ ըստ այդմ արտահերթ ընտրության անհրաժեշտություն: Հղում է արվում նաեւ մի սահմանադրագետի, որը բացատրել է, թե ըստ Սահմանադրության ընդդիմությունը պետք է կազմի ԱԺ մեկ-երրորդը, եւ, եթե ԲՀԿ-ն ամբողջ ցուցակով վայր է դնում մանդատը, ապա առաջանում է սահմանադրական ճգնաժամ, եւ պետք է լինի նոր ընտրություն:
 
Բայց, օրինակ չի՞ կարող լինել տարբերակ, որ մանդատից հրաժարվելու դեպքում ԲՀԿ մանդատները անցնեն Լուսավոր Հայաստանին, կամ խորհրդարանում երրորդ ուժի պարտադիր պայմանն ապահովվի հինգ տոկոսը չհաղթահարած, բայց դրան ամենից մոտ ուժին մանդատ տալով, ինչը կնշանակի, որ ԲՀԿ հրաժարվելու դեպքում մանդատ կարող է ստանալ ՀՀԿ-ն:
 
Այդ դեպքում կստացվի, որ ԲՀԿ-ն իրականում ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այլ ՀՀԿ համար է վայր դնում մանդատները: Ըստ այդմ, կարող է ստացվել, որ Գագիկ Ծառուկյանն ուղղակի սպառնում է, որ եթե դնեն իր մանդատի հարցը, ապա նա իր փոխարեն խորհրդարան կբերի ՀՀԿ-ին:
 
Ընդ որում, դա կլինի ԲՀԿ քաղաքական ոգուն եւ առաքելությանը համահունչ, որովհետեւ 2007  թվականին ՀՀԿ-ին պարտվելուց հետո, ԲՀԿ-ն գործնականում ունեցել է մեկ քաղաքական առաքելություն եւ գործառույթ՝ լինել ՀՀԿ բացարձակ իշխանության անվտանգության բարձիկ: Ընդ որում, Բարգավաճ Հայաստանը բարեխղճորեն կատարել է այդ առաքելությունը, կամա, թե ակամա:
 
Այժմ էլ, վայր դնելով մանդատը, ԲՀԿ-ն կամա թե ակամա կարող է ծառայություն մատուցած լինել հենց ՀՀԿ-ին: Համենայն դեպս, մանդատներն ամբողջությամբ վայր դնելու դեպքում որպես իրադարձության զարգացման հնարավոր սցենար:
 
Պետք չէ բացառել իհարկե նաեւ այն, որ ԲՀԿ-ն չունի այդպիսի սցենար, բայց «հուշում» են, անուղղակի, համոզելով, թե փրկվողը լինելու է Ծառուկյանը, բայց իրականում նրան հերթական անգամ բերելով ՀՀԿ-ին է փրկելու:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ,
Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play