Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ<br /> Ռիժկովին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ<br />


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ
Ռիժկովին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

  • 28-09-2009 18:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլայ Իվանի, Ձեր հոբելյանի կապակցությամբ ընդունեք սրտանց շնորհավորանքներս եւ անկեղծ մաղթանքներս` քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեզ: Ձեր բազմամյա պետական գործունեության ընթացքում դրսեւորվեցին ճկուն քաղաքական գործչի, բարձրակարգ մասնագետի, խորաթափանց վերլուծաբանի, ստեղծագործաբար մտածող ղեկավարի եւ հմուտ կազմակերպչի Ձեր վառ, առանձնահատուկ մասնագիտական եւ մարդկային հատկանիշները: Մշտապես եւ ցանկացած պայմաններում Ռուսաստանի եւ նրա բարեկամների շահերի ծառայությանը ուղղված հենց այդ որակներն արժանացրին Ձեզ հարգանքի եւ հեղինակության ոչ միայն ռուսական պետության ու հասարակության մեջ, այլեւ նրանց սահմաններից դուրս: Հաճելի է գիտակցել, որ Դուք միշտ մեծ ուշադրությամբ եք վերաբերվել Հայաստանին, ընդունել եք նրա խնդիրներն ինչպես Ձերը եւ շատ բան եք արել, որպեսզի օգնեք եւ աջակցեք Հայաստանին ու նրա ժողովրդին: Եվ հիմա Ձեր գործունեությունն ուղղված է ռուս-հայկական միջպետական հարաբերությունների համակողմանի զարգացմանն ու ամրապնդմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Հարգելի Նիկոլայ Իվանի, թույլ տվեք մաղթել Ձեզ երկար տարիների կյանք եւ երջանկություն: Թող պետությանը, հասարակությանն ու ժողովրդին ծառայելու ճանապարհին Ձեզ մշտապես ուղեկցի հաջողությունը, երբեք չլքի ոգու կորովը եւ վստահությունը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play