Վրաստանը համաձայնվե՞ց Ադրբեջանի պահանջներին


Վրաստանը համաձայնվե՞ց Ադրբեջանի պահանջներին

  • 03-09-2019 10:43:48   | Հայաստան  |  Վերլուծություն

Սեպտեմբերի 2-ին Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են Eternity-2019 հրամանատարաշտաբային վարժանքները, որի ընթացքում տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության առաջադրանքներ կկատարվեն:
 
Վրաստանի Լեյբորիստական կուսակցութան առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին կարծում է, որ Վրաստանը չպետք է մասնակցի Բաքվի վարժանքներին Դավիթ Գարեջիի վանքի դեպքերի պատճառով:
 
«Այն բանից հետո, երբ նախագահ Ալիեւն ընդամենը մի քանի շաբաթ առաջ մեզնից խլեց Դավիթ Գարեջին, Բերթուբանին, Զատկի վանքը, զորք մտցրեց, հսկայական ավտոճանապարհ անցկացրեց եւ փաստացի այդ հին վրացական մշակութային հուշարձանը՝ քրիստոնեության խորհրդանիշը, երկրորդ Երուսաղեմը, հայտնվեց նշված պետության իրավազորության ներքո, մեր զինված ուժերի մասնակցությունն այդ վարժանքներին վիրավորանք է մեր երկրի, պատմության, մարդկանց, զինվորների ու սպաների համար», – հայտարարել է Նաթելաշվիլին:
 
Բանը, սակայն, միայն Դավիթ Գարեջին չէ: Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին դիրքերն առաջ է տվել վրացական տարածքների հաշվին, հայտնում են Front News միջազգային լրատվական կայքի վերլուծաբանները Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի սահմանների հատման վայրի արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունից հետո:
 
Լուսանկարներում տեսանելի է, որ ադրբեջանցի սահմանապահների հենակետերից մեկը տեղակայված է Պապաքար բարձունքի վրա: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է «նոր ռազմավարական դիրքերի գրավման մասին», եւ Վրաստանում նկատել են, որ բարձունքն իրականում է Վրաստանինն է:
 
Ադրբեջանը դիրքեր է տեղակայել նաեւ մինչեւ «Կարմիր կամուրջ» մաքսակետը, եւ Պապաքար բարձունքից վերահսկվում է վրացական, այլ ոչ թե հայկական տարածքը:
 
 
Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովն ադրբեջանական է համարում ոչ միայն Դավիթ Գարեջին՝ այն Քեշիքչիդաղ անվանելով: Նրա կարծիքով, արեւելյան Վրաստանը պատմական ադրբեջանական հող է, իսկ Թբիլիսին՝ հնագույն ադրբեջանական քաղաք:
 
Այս ֆոնին Բաքվի վարժանքներին վրացական զորքի մասնակցությունը նման է համաձայնության Ադրբեջանի քաղաքականությանը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play