Հետաքրքիր ժամանակագրություն. Վերջին ամիսը


Հետաքրքիր ժամանակագրություն. Վերջին ամիսը

  • 11-09-2019 10:16:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Օգոստոսի 13-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Աշխատանքից ազատվել են Նիկոլ Փաշինյանի երկու գլխավոր խորհրդականներն ու օգնականը, որոնք զբաղվում էին արտաքին տնտեսական կապերով:
 
Օգոստոսի 15-ին Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է ԷԼԱՐԴ միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, ըստ որի Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկեր չկան, իսկ հնարավոր ռիսկերը կարելի է վերահսկել:
 
Օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկուկես ժամանոց ելույթ է ունեցել եւ կոչ արել թույլ տալ Ամուլսարի շահագործումը: Նա նշել է, որ ըստ փորձաքննության՝ հանքավայրի շահագործումը ճակատագրական չի լինելու էկոլոգիայի համար:
 
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստեր կան այն մասին, որ Ամուլսարի դեմ ցույցերի մասնակիցներին աջակցում են այլ հանքերի սեփականատերերը: Փաշինյանը կարծում է, որ վաղ թե ուշ այդ սեփականատերերը ստիպված են լինելու Լիդիան Արմենիայի օրինակով հետեւել բարձր բնապահպանական չափանիշներին: Դա թանկ արժե, փոխարենն այդ ընկերությունները շատ ավելի քիչ միջոցներ են ծախսում Ամուլսարի դեմ տարբեր ակցիաների աջակցելու համար:
 
Օգոստոսի 21-ին ՀՀ կառավարության աշխատակազմը ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը փոխանցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը՝ պարզելու՝ արդյոք դրանում կան տվյալներ, որոնք պահանջում են շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնել:
 
Օգոստոսի 23-ին Փաշինյանը մեկնել է Ջերմուկ՝ փորձելով բնակիչներին պարզաբանել հարցի էությունը: Բնակիչները Փաշինյանին դիմավորել են Ամուլսարի շահագործման դեմ ակցիայով:
 
Օգոստոսի 24-ին Երեւանում Ամուլսարի շահագործման դեմ ակցիա է տեղի ունեցել, որ «Ամուլսարը սար մնա»:
 
Ամուլսարի շահագործումն անվտանգ կլինի, եթե Լիդիան Արմենիա ընկերությունը հետեւանքների մեղմման 16 միջոցառումներ իրականացնի: Այդ դեպքում բնապահպանական ռիսկերը լիովին վերահսկելի կլինեն, օգոստոսի 26-ին ասել է Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Իվանյանը նշել է, որ փորձագետները եկել են եզրակացության, որ ազգային ու միջազգային նորմերի խախտում չկա:
 
Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել օգոստոսի 27-ին, բայց դրա հաջորդ օրը պարադիգմը փոխվել է:
 
Օգոստոսի 28-ին Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ԷԼԱՐԴ-ի ներկայացուցիչների հետ եւ դրանից հետո հայտարարել է, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք ուսումնասիրություն ու գնահատական են պահանջում: ԷԼԱՐԴ-ի փորձագետ Ռիկարդո Խուրին հայտարարել է նոր հետազոտության անհրաժեշտության մասին՝ հիմնվելով լրացուցիչ տվյալների վրա, ինչպես նաեւ նշել, որ Լիդիանի առաջարկած մեղմման միջոցառումները լիարժեք չեն, եւ անհրաժեշտ է վերանայել ՇՄԱԳ-ը:
 
Օգոստոսի 29-ին Լիդիան ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորապես հիասթափված է ԷԼԱՐԴ ընկերության մոլորեցնող մեկնաբանություններից: Ընկերությունը Հայաստանի կառավարությանը կոչ է արել բացահայտել, թե որ հանքարդյունաբերող ընկերություններն են ֆինանսավորել Ամուլսարի դեմ արշավը:
 
Օգոստոսի 30-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեսպանատան կայքում հրապարակել է Ջերմուկում ընտանեկան հանգստի լուսանկարներ՝ նշելով, որ առողջարանային Ջերմուկից լավ տպավորություններ է ստացել: Դա ընկալվել է որպես Ռուսաստանի դեսպանի աջակցություն Ամուլսարի դեմ պայքարին:
 
Սեպտեմբերի 2-ին Հայաստանում ամերիկյան առեւտրային պալատը հայտարարություն է տարածել, որում հիշեցրել է, որ Լիդիան Արմենիայի նախագիծը հանքարդյունաբերության ոլորտում միակն է, որտեղ արդեն 3 աուդիտ է անցկացվել: Բիզնեսի նկատմամբ արդար ու անկանխակալ վերաբերմունքը պետք է բացառի ընտրողական մոտեցումը, եւ պահանջները պետք է հավասարապես կիրառվեն բոլորի հանդեպ, նշված է հայտարարությունում: Հեղինակները հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի խոսքը, ով ասել է, որ Լիդիանի դեմ արշավը ֆինանսավորում են որոշակի շահագրգիռ կողմեր, որոնք բիզնես շահեր են հետապնդում: Պալատը հույս է հայտնում, որ այդ պնդումները կքննվեն:
 
Ամուլսարի նախագծի ձգձգումը կարող է ազդել գործարար միջավայրի վրա ու վերջնականապես զրոյացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը, զգուշացնում է Պալատը:
 
Դրանից հետո՝ սեպտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ջերմուկցիների ու Լիդիանի ղեկավարության հետ, հետո կառավարությունում քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Լիդիան Ինթերնեյշնլի ու Լիդիան Արմենիայի ղեկավարությունը:
 
Սեպտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում կրկին հայտարարել է, որ այս պահին Ամուլսարի հանքավայրի շահագործման արգելքի իրավական հիմքեր չկան:
 
Միեւնույն ժամանակ, Փաշինյանը նշել է բնակչության շրջանում առկա անհանգստությունը: Նա ընդգծել է, որ եթե իրավիճակը ճիշտ չգնահատվի, կարող է հանգեցնել երկրի միջազգային վարկանիշի անկման, ինչը կազդի վարկերի տոկոսադրույքների վրա: «Եթե մենք ասում ենք, որ ուղղակի Ամուլսարի հանքը չենք թույլ տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում, ինչու՞, բնապահպանական մտավախություններից ելնելո՞վ: Այստեղ ծագում է հաջորդ հարցը, բա եթե այդպես է, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքը շահագործվի, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Թեղուտի հանքը շահագործվի: Արդյոք դրանք համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին: Եվ ահա այստեղ է, որ մենք կարող ենք ունենալ միջազգայնորեն շատ մեծ խնդիր, եթե մեր գործած սխալների արդյունքում պարզվի, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցում», – ասել է Փաշինյանը:
 
Փաշինյանն արձանագրել է, որ Լիդիան ընկերությունն ամենաբարձր մակարդակով հաստատում է ՇՄԱԳ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը և դրանից շեղվելու դեպքում ընկերությանը որոշակի ժամանակ է տրվելու շեղումները շտկելու համար: Փաշինյանն ասել է նաեւ, որ մինչեւ 2020 թվականի ավարտը Հայաստանը մոնիտորինգի սեփական համակարգը կունենա, սակայն համատեղ կօգտագործվի նաեւ Լիդիանի մոնիտորինգային համակարգը:
 
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի բնակիիչներին կոչ է արել ապաշրջափակել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, սակայն բնակիչները հայտարարել են, որ մտադիր են ամրացնել պոստերը:
 
Արդեն 10 տարի Ամուլսարի խնդրով զբաղվող փաստաբան Նազելի Վարդանյանը պնդում է, որ ի հեճուկսի քաղաքի բնակիչների հանքի շահագործման թույլտվությունը միջազգային սկանդալ է դառնալու: Եթե ճնշում կա մի կողմից, ապա կարող է հայտնվել նաեւ մյուս կողմից: Մենք պետք է սուվերեն որոշումներ կայացնենք, կարծում է նա:
 
Սեպտեմբերի 5-ին Սասնա ծռեր կուսակցության առաջնորդները հանդիպել են Նիկոլ Փաշինյանին: Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, ինքը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին, որ շատերն անհամբեր սպասում են, թե երբ է Փաշինյանը թույլ տալու Ամուլսարի շահագործումը, որովհետեւ անմիջապես անկարգություններ ու հուզումներ կսկսվեն, հարկ կլինի ուժ կիրառել, եւ այդ դեպքում Փաշինյանի վարկանիշը կհավասարվի զրոյի: Սեֆիլյանը խոստովանել է, որ Սասնա ծռերը նույնպես կընդվզի, եթե թույլ տրվի Ամուլսարի շահագործումը:
 
Բարգավաճ Հայաստանը նույնպես դեմ է Ամուլսարի շահագործմանը, բայց հայտնի չէ, արդյոք կմասնակցի ակտիվ դիմադրությանը: Գագիկ Ծառուկյանը, մեկնաբանելով հարցը, թե արդյոք Լիդիան ընկերությունը 400 միլիոն դոլար է ներդրել, ասել է. «Դուք պատկերացնո՞ւմ եք 400 մլն դոլարն ինչ է։ Ոչ մեկը չի հարցնում՝ ինչ են արել, երկու պոչամբար են սարքել, 50 հատ տեխնիկա են բերել։ Ոնց կարող ա 400 մլն դոլար լինի, 400 մլն դոլարով կարելի ա մոտավորապես մի 10 հատ գործարան կառուցել, մի 20 հազար էլ աշխատող լինի»։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play