ՍԴ խնդրի լուծումները կարող են լինել ոչ ստանդարտ և ոչ կանխատեսելի


ՍԴ խնդրի լուծումները կարող են լինել ոչ ստանդարտ և ոչ կանխատեսելի

  • 22-10-2019 11:19:28   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը
 
 
Հրապարակվել է ՍԴ աշխատակարգային որոշումը, որով ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Հրայր Թովմսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայացված հիմքերը։
 
Ավելի շատ ակնկալում էի, որ վարույթ կընդունեն և վարույթի ընթացքում ՍԴ 6 անդամ չեն քվեարկի կողմ, բայց վարույթ չընդունելն անձամբ ես չէի սպասում, որովհետև վստահ եմ, որ չկար հիմնավոր պատճառ դիմումը վարույթ չընդունելու համար։ Իրենց պատճառաբանությունները շատ ավելի հարցեր են առաջացնում։ Պատճառներից մեկը նշված է, որ ժամկետների խախտում կա, ինչի պատասխանը տրվել էր հենց ԱԺ քննարկումների ժամանակ, քանի որ այդ նույն հարցը նաև ԲՀԿ-ից էին բարձրացնում։ Վստահաբար, այստեղ որևէ ժամկետի խախտում չկա։ Այստեղից էլ մոտեցումն է տարբեր կամ  ձևակերպումն այնպիսին է, որ տարընթերցման տեղիք է տալիս, թե երբվանից են սկսում հաշվել ժամկետները։ Ըստ էության, ժամկետները հաշվարկում են այդ որոշումը հրապարակելու օրվանից, մինչդեռ իրենց ժամկետի հիմք են համարել աշխատակարգային որոշումը, ինչը, կարծում եմ՝ ճիշտ մեկնաբանությունը չէ նորմի։
 
Այստեղ հարցը  գալիս է նրան, որ մենք ունենք իրավական որոշակիության խնդիր։ Նշանակում է՝ հստակ չեն ձևակերպված իրավական այն նորմերը, որոնք տալիս են տարընթերցման հնարավորություն։ Հիմնավորումներից մեկն էլ ՍԴ անդամ-դատավոր հասկացությունների շփոթն էր, այն դեպքում, երբ մենք ասում էինք, որ անդամը դատավորն է, թե ոչ։ Ըստ էության, ՍԴ նախագահը Սահմանադրական դատարան գնացել է որպես անդամ, մինչդեռ գործող օրենքով արդեն որպես դատավոր, հատևաբար ԱԺ դիմումը ներկայացված էր այնպես, որպեսզի նախկին և ներկա իրավակարգավորումների բառապաշարին համապատասխանեցվի։ Իրենք կառչել էին այդ երկու տերմինի շփոթից։
 
Վլադիմիր Վարդանյանն ասում է, որ ՍԴ այս որոշումով սահմանադրական անվտանգության խաթարման հետ գործ ունենք։ Նման դեպքում ի՞նչ է մնում անելու, հիմա պետք է խնդրին լուծում տալ սահմանադրական փոփոխություններո՞վ։
 
Սա, իհարկե, մի մեխանիզմ է, որ մենք կիրառեցինք, ինչը նշանակում է, որ դիմում ներկայացնելու տարբերակը, առնվազն այս հիմքով, արդեն փակվել է։ Բայց նաև այլ հնարավորություններ կան, որոնց մասին այս պահին չենք բարձրաձայնում, որովհետև քննարկումների փուլում է։ Ասենք, որ ոչինչ անհնար չէ, որևէ խնդիր չունի անելանելի վիճակներ։ Եթե մենք ասում ենք, որ կա ճգնաժամ, նշանակում է, որ հարցը պետք է լուծել մի փոքր ստանդարտներից դուրս գործելով։
 
ՍԴ դիմելը ամբողջությամբ իրավական մեխանիզմ էր, կան նաև այլ տարբերակներ։ Դա կարող է լինել և սահմանադրական փոփոխություններով, և օրենսդրական փոփոխությունների տարբերակով։ Ճիշտ է մոտեցումն այն բանի, որ եթե կա իրավիճակային լուծում, այն պահանջում է ոչ թե ստանդարտ և կանխատեսելի լուծումներ, այլ երբեմն լուծումները կարող են լինել ոչ ստանդարտ և ոչ կանխատեսելի։ Այս պահին դրանք չենք հրապարակում, որովհետև խմբակցությունում և նաև իրավաբանների թիմով քննարկումներ են ընթանում։ Գուցե սա այսօրվա կամ մեկ շաբաթվա գործողություն չէ, այլ առաջիկա տեսլականի գործողություն է։
 
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների որոշ պատգամավորներ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին մեղադրում են անգործության մեջ, որ մինչև հիմա ամեն ամիս պետությունից գումարներ է ստանում, բայց ոչինչ չի անում, և իշխանությունը պետք է այս մասով իր գնահատականը հայտնի։ Ինչպե՞ս եք գնահատում նման քննադատությունը։
 
Այդ մասին հայտարարել է նաև Վահե Գրիգորյանը ԱԺ ամբիոնից՝ ընտրվելու ժամանակ։ Սա նաև օրենքի պահանջ է, որ անձը, որն ունի որևէ շահագրգռվածություն որևէ գործով, կամ ՍԴ դատավորի կողմից գործին չմասնակցելու հիմքերի մեջ հստակ նշված են այդ գործով նրա առնչությունը։ Այս դեպքում Վահե Գրիգորյանը ՍԴ մասին օրենքով առաջնորդվելով իրավաչափորեն չի մասնակցում այն բոլոր նիստերին, որոնք առնչվում են «Մարտի 1»-ի գործով այս կամ այն դիմումին։
 
Շատ ավելի քննադատելի կլիներ, եթե նա այդ նիստերին մասնակցեր։ Հետևաբար, ոչ թե նրա կողմից անգործություն է դրսևորվում, այլ բոլոր այն նիստերը, որոնք վերաբերում են իր կողմից որպես ներկայացուցիչ հանդես եկած գործերին, նա դրանց չի մասնակցում։ Այստեղ մենք չենք կարող ասել, որ Վահե Գրիգորյանի կողմից կա անգործություն։ Ի վերջո, ՍԴ դատավորի գործունեությունը միայն կոնկրետ նիստին մասնակցելը չէ։ Գուցե նաև այլ գործերով մասնակցում է, նյութեր է նախապատրաստում, կամ զեկուցող է և այլն։ Թյուր կարծիք է կամ մանիպուլացվում է, որ Վահե Գրիգորյանը բյուջեից փող է ստանում և նիստերին չի մասնակցում։ Նա չուներ իրավունք մասնակցելու այն բոլոր նիստերին, որտեղ ինքը եղել է այդ գործերով կողմի ներկայացուցիչ։
 
Վահե Գրիգորյանը իր հարցազրույցներում հայտարարում է, որ Սահմանադրական դատարան Հայաստանում գոյություն չունի։ Իր հերթին վարչապետը հայտարարել է, որ 2019-ին Հայաստանը պետք է ունենա 2019-ին համապատասխան ՍԴ։ Ի՞նչն է խանգարում դա կյանքի կոչելուն։
 
Ոչինչ չի խանգարում։ Մենք կարող ենք արձանագրել, որ կա ապօրինի ձևավորված կառույց, բայց մենք չենք կարող ապօրինի ձևավորված կառույցի գործունեությունը դադարեցնել ապօրինի ճանապարհներով։ Ընդամենը իշխանությունը գնում է այդ մարմինները օրենսդրությանը համապատասխանեցնելու համար օրենսդրական ճանապարհով։ Դրանցից մեկը ԱԺ դիմումն էր, որը ՍԴ-ն չընդունեց, ինչը նշանակում է, որ պետք է գնալ հաջորդ իրավական ճանապարհով։ Ի՞նչ հնարավորություն է տալիս այսօրվա Սահմանադրությունն ու օրենսդրությունը, դրանով էլ կառաջնորդվի իշխանությունը։ Առաջին հերթին, այս ամենի մեջ, բնականաբար, իշխանության դերակատարումը պետք է լինի, և գործողություններ չանելու դեպքում իշխանության անգործությունը պետք է քննադատել։ Բայց ոչինչ չի արվելու օրենքից դուրս, ի հակադրություն օրենքի, միայն նրա համար, որովհետև մենք  արձանագրեցինք, որ ՍԴ-ն որպես այդպիսին գոյություն չունի։
 
Վահե Գրիգորյանը նաև հայտարարել է, որ ԱԺ-ն մազաչափ անգամ չի մոտեցել ՍԴ-ում առկա խնդրի լուծմանը։
 
ԱԺ-ի դիմումը փորձ էր մոտենալ այդ լուծմանը։ Դա կլինի մազաչափ, թե ոտնաչափ, չեմ կարող ասել։ Վահե Գրիգորյանինը սուբյեկտիվ կարծիք է, չեմ ուզում քննադատել։ Այո, ակնհայտ արդյունք չի գրանցվել, այդ առումով գնահատականը մոտ է իրականությանը։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play