Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը. ինչու նա շտապեց


Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը. ինչու նա շտապեց

  • 22-10-2019 15:16:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի բավական հետաքրքիր մի նրբերանգ, որը գրեթե դուրս է մնացել լայն ուշադրությունից:
 
Թովմասյանի կամ ՍԴ «ճգնաժամը» գնահատելիս արձանագրվել է այն, որ նա ժամանակից մի փոքր շուտ է ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ «ժամանակին» ստանձնելու դեպքում կհայտնվեր նոր Սահմանադրությամբ կարգավորումների տիրույթում, եւ ըստ այդմ ՍԴ նախագահի պաշտոնում կմնար 6 տարի ժամկետով, ոչ թե մինչեւ թոշակառության տարիք՝ այսինքն մոտ մեկուկես տասնամյակ:
 
Նշվում է, որ Թովմասյանին հենց այդ երկար պահպանության տիրույթում, այսինքն 2005-ի Սահմանադրության ազդեցության գոտում պահելու համար ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ավելի շուտ, եւ ՀՀԿ-ական պատգամավոր Թովմասյանը ընտրվել է ՍԴ նախագահ, ապահովագրվելով պաշտոնավարման կարճ՝ վեցամյա ժամկետից:
 
Դա տեղի է ունեցել 2018 թվականի մարտին: Առաջանում է հարց. ինչու՞ է իշխանությունը, կամ Սերժ Սարգսյանը գնացել այդ քայլին եւ Հրայր Թովմասյանի համար ապահովել ՍԴ նախագահի մոտ մեկուկես տասնամյակի պաշտոն:
 
Ներկայում բացատրվում է, որ դա արվել է ՍԴ-ն նախկին իշխանության բաստիոն ապահովելու համար: Բայց չէ՞ որ 2018-ի մարտին Հայաստանում չկար նախանշան, որ ընդամենը մեկ-երկու ամիս անց Սերժ Սարգսյանը եւ համակարգը լինելու են նախկին իշխանություն: Նիկոլ Փաշինյանը Գյումրուց քայլել սկսել է մարտի 31-ին միայն, ընդ որում անգամ Երեւանում առաջին հանրահավաքները չէին տալիս հեղափոխության եւ իշխանափոխության մասին մտածելու հիմք:
 
Ուրեմն ինչու՞ պետք է Սերժ Սարգսյանը ձգտեր ժամանակից շուտ Հրայր Թովմասյանին օժտել ՍԴ երկարաժամկետ պաշտոնավարման իրավունքով: Չէ՞ր կարող Սերժ Սարգսյանը համբերել, մինչեւ կգար ՍԴ նախագահի փոփոխության «ժամանակը»: Ի վերջո, Սերժ Սարգսյանը լինելու էր վարչապետ,  շարունակվելու էր ամբողջատիրական իշխանությունը, ըստ այդմ ՍԴ նախագահի հարցն էլ լինելու էր տեխնիկական հարց՝ այդ ամբողջատիրական իշխանության շրջանակում:
 
Սարգսյանը սպասու՞մ էր հեղափոխություն եւ իշխանափոխություն, այն ժամանակ, երբ դեռեւս որեւէ մեկը չէր պատկերացնում, որ ընդամենը մեկ ամիս անց դա հնարավոր է:
 
Դա էլ իհարկե զարմանալի չէ, որովհետեւ չնայած տարածված կարծիքին, թե Սարգսյանը կտրված էր երկրում իրականությունից, այդուհանդերձ թերեւս Սարգսյանն ամենից լավ էր տեղեկացված իրական վիճակի մասին եւ ամենից լավ գիտեր, ինչն է հնարավոր, իսկ ինչը՝ ոչ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play