Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է Իրանի էներգետիկայի, նավթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարների հետ


Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է Իրանի էներգետիկայի, նավթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարների հետ

  • 04-11-2019 16:39:26   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 1-3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, աշխատանքային այցով Թեհրանում էր՝ ԻԻՀ գործընկերներին հանդիպելու և իրանական էներգետիկայի 19-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
 
Նոյեմբերի 2-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական օրակարգի մի շարք կարևոր հարցեր։
 
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախարար Սուրեն Պապիկյանին հրավերն ընդունելու համար՝ Ռ․ Արդաքանեանը նշել է, որ նախարարի մասնակցությունը իրանական էներգետիկայի ցուցահանդեսին և այցի ընթացքում նախատեսվող հանդիպումները հիանալի առիթ են հանդիսանում՝ բանակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասների շուրջ և քննարկելու դրանց ուղղությամբ գործնական քայլերի հաջորդականությունը։
 
Նախարար Պապիկյանը իր և պատվիրակության անունից երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-իրանական համագործակցությունը Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի Երևան կատարած այցից, ինչպես նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո ռազմավարական նոր ուղղություններ բացահայտելու հայտ է ներկայացնում։
 
Խոսելով էներգետիկ ցուցահանդեսից իր տպավորությունների մասին՝ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրության մեջ նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները և հույս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը ևս հնարավորություն կունենա մասնակցել նմանատիպ ցուցահանդեսների:
 
Ի թիվս օրակարգային հարցերի կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան 400կվտ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ընթացիկ տեմպերին, որի շինարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին։ 
 
«Էներգետիկ բնագավառում հայ-իրանական համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել, որին զուգընթաց ընդլայնվել է նաև առաջիկա համատեղ անելիքների օրակարգը։ Մենք շարունակում ենք մեր հարաբերություններում առաջնորդվել փոխշահավետ համագործակցության սկզբունքով»,- նշել է Սուրեն Պապիկյանը: Նախարարը խոսել է նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացիկ փուլի և էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկայի ձևավորման հեռանկարների մասին՝ հատկապես ընդգծելով Հայաստանի՝ որպես էներգետիկի միջանցքի տարանցիկ դերակատարությունը ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի և Իրանի էներգահամակարգերի միջև։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցման, ներդրումների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ։
Նոյեմբերի 3-ին Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի և ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ։
 
Զանգանեի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման ծրագրի հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ճանապարհաշինության համար անհրաժեշտ շինանյութի՝ նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների շուրջ։ Սուրեն Պապիկյանը Զանգանեին է ներկայացրել առկա փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները։
 
Ճանապարհատրանսպորտային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկվել Ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ, որոնք մասնավորապես վերաբերել են դեպի հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցմանը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրացմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանը: Նշված հարցերը առավել մանրամասնեցնելու նպատակով Էսլամիի ու Պապիկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ենթակառուցվածքային համատեղ հայ-իրանական հանձնաժողով:
 
Հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները կարգավորելու և մատնանշված ոլորտներում գործնական քայլեր իրականացնելու նպատակով ձեռք են բերվել մի շարք հեռանկարային պայմանավորվածություններ։ Երկկուստեք կարևոր շեշտադրումներ են արվել Հայաստանի և Իրանի տարացման հնարավորությունները ընդլայնելու և առևտրաշրջանառության առկա մակարդակը բարձրացնելու վերաբերյալ: Կարևորվել է Հյուսիս-հարավ միջանցքի ճանապարհատրանսպորտային և էներգետիկ  բաղադրիչների իրականացումը։
 
«Հայաստանը կարող է կամուրջի դեր խաղալ Իրանի համար դեպի Վրաստան և ԵԱՏՄ շուկա՝ իր աշխարհագրական դիրքով ապահովելով ամենակարճ և հուսալի ուղին ԵԱՏՄ-Իրան առևտրի գոտու մասին համաձայնագրով նախատեսվող մաքսային արտոնություններից օգտվելու համար։ Իրանը, իր հերթին, վստահելի գործընկերոջ կարգավիճակով Հայաստանի համար կարող է նոր առևտրատնտեսական հնարավորությունների պատուհան բացել դեպի Իրաք և Մերձավոր Արևելքի մյուս երկրներ»,-նկատել է նախարար Սուրեն Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանը հայ-իրանական նոր որակի հարաբերություններն ու առկա համագործակցությունն ամրապնդելու ու խորացնելու նպատակով գործընկերներին փոխադարձ այցով հրավիրել է Հայաստան։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play