«Ճանաչիր Չինաստանը» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողներն արժանացել են տարբեր պարգևների


«Ճանաչիր Չինաստանը» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողներն արժանացել են տարբեր պարգևների

  • 14-11-2019 16:39:59   | Հայաստան  |  Հասարակություն

Այս տարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ) նշում է կազմավորման 70-ամյակը, որի կապակցությամբ Հայաստանում անցկացվել է մրցույթ-վիկտորինա: 
 
«Ճանաչիր Չինաստանը» խորագրով մրցույթը կազմակերպվել էր ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության, «Արմենպրես» լրատվական գործակալության և Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ: 
 
Մրցույթի շրջանակներում մասնակիցները պատասխանել են Չինաստանի մշակույթի, տնտեսության, քաղաքականության, պատմության և այլ ոլորտներին առնչվող հարցերի: 
 
Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել է 5 հազար 317 մարդ, բոլոր հարցերին ճիշտ պատասխանել է 413-ը: Մրցանակային տեղերը զբաղեցրել են բոլոր հարցերին անսխալ և ամենաարագ պատասխանած մասնակիցները:
 
Վերջիններս պարգևատրվել են Հայ-չինական բարեկամության դպրոցում նոյեմբերի 12-ին կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում: 
 
Գլխավոր մրցանակը՝ ուղևորությունը Չինաստան, շահել է 38-ամյա Գառնիկ Հովակիմյանը: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցներն են Վահագն Աթաբեկյանը, Բագրատ Սիմոնյանը, որոնք ստացել են համակարգիչներ: Հայկ Խաչատրյանը, Տաթև Ալթունյանը, Արմեն Խաչատրյանը, Արամ Մխիթարյանը, Նելլի Պիպոյանը զբաղեցրել են երկրորդ տեղը՝ ստանալով բջջային հեռախոսներ: Երրորդ տեղը զբաղեցրել են Գևորգ Մելոյանը, Անդրանիկ Մխիթարյանը, Արուսյակ Թովմասյանը, Մարինե Սեմերջյանը, Տաթևիկ Դավթյանը, Լիլիթ Հակոբյանը, Սոնա Մանվելյանը, Լևոն Երիցյանը, Կիմա Աբազյանը, Անի Ավետիսյանը: Վերջիններս ստացել են լիցքավորման սարքեր:
 
ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել մրցույթի բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: 
 
«Մասնակիցների ցանկում մենք տեսանք ինչպես պատանիների, երիտասարդների, այնպես էլ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների: Ասեմ, որ հաճելիորեն զարմացրել է հայ բարեկամների հետաքրքրությունը Չինաստանի մշակույթի և պատմության հանդեպ: Ինչպես գիտեք, նշվում է Չինաստանի կազմավորման 70-ամյակը, և ահա այս մրցույթը հնարավորություն տվեց էլ ավելի ծանոթանալու մեր երկրի պատմությանը»,- նշել է դեսպանը: 
 
Նրա խոսքերով՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում հայ-չինական հարաբերությունները մուտք են գործել նոր փուլ, ըստ այդմ երկու ժողովուրդների բարեկամության խորացմանը նպաստելու է նաև առանց վիզայի ռեժիմի հաստատումը: 
 
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, շնորհավորելով մասնակիցներին ու կազմակերպչական խմբին, նշել է, որ մրցույթի գաղափարի հիմքում փնտրտուքն է, և այդ ճանապարհով ընկերներով, ընտանիքներով անցնելն է:
 
«20 տարի առաջ ես նույնպես մասնակցել եմ Չինաստանը ճանաչելու մասին մի մրցույթի, գրավել եմ երրորդ տեղը: Հիշում եմ, թե ինչպես էինք ընկերներով հաստափոր հարցաշարերը լրացնում՝ մեզ համար նոր քաղաքակրթություն բացահայտելով: Մի քաղաքակրթություն, որն ունի հարուստ պատմություն, մշակույթ՝ հիմնված արժեքների վրա, այն տվել է մեծ փիլիսոփաներ, մեծ մտածողներ, պատմական հզոր դեմքեր: Այսօր այն 21-րդ դարում աշխարհի ամենաարագ զարգացող պետություններից մեկն է, մեր ժողովրդի, մեր պետության բարեկամը: Մեծ պատիվ է նման հարուստ պատմություն, մշակույթ ունեցող բարեկամին ուսումնասիրելը: Գաղափարը մրցույթի հենց փնտրտուքն էր, և ահա այդ ճանապարհով անցան մեր մասնակիցները: Ես շնորհավորում եմ բոլորիս, հաղթել ենք մենք բոլորս»,- նշել է Արամ Անանյանը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն