Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բորիս Կարապետյանը


Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բորիս Կարապետյանը

  • 13-12-2019 15:40:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սույն թվականի դեկտեմբերի12-ին 95 տարեկան հասակում կյանքից հեռացավ բազմավաստակ գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Կարապետյանը:
 
Բորիս Կարապետյանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են 1949թ. Բյուրականի, 1968թ. Քաջարանի և 1988թ. Սպիտակի երկրաշարժերի ազդեցությունները քաղացիական և արդյունաբերական կառույցների վրա:  Նա հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, այդ թվում` «Բազմաճոճանակ սեյսմոմետրերը և նրանց կիրառումը ինժեներային սեյսմոլոգիայում», «Հայաստանում կառուցված շենքերի տատանումները» և «Ինժեներային սեյսմոլոգիայի և շինարարական կոնստրուկցիաների մատենագիտական տեղեկատու» մենագրությունների և բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատությունների, որոնք մինչ օրս մնում են արդիական:
 
Բորիս Կարապետյանը ակադեմիկոս Արմենակ Նազարովի հետ համատեղ Լենինականում հիմնադրել է Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը: 1961-1971թթ. ղեկավարել է ինստիտուտի ինժեներային սեյսմաբանության բաժինը: 1966-1971թթ. Սեմիպալատինսկում ղեկավարել է միջուկային պայթյունների ժամանակ շենքերի և կառուցվածքների վարքագծի ուսումնասիրման աշխատանքները: 1974-1980թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ Պետշինի շինանյութերի և շինարարական կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը: 1994-2001թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Երկրի մասին գիտություններ պրոբլեմային գիտական խորհրդի նախագահը, «Գիտություններ Երկրի մասին» տեղեկագրի գլխավոր խմբագիրը:
 
Բորիս Կարապետյանը 1964թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, իսկ 1970 թ. ստացել պրոֆեսորի կոչում: 1990թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1996թ-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
 
1987թ-ից Բորիս Կարապետյանն ընդամակցել է  ԱՄՆ Սեյսմաբանական ընկերությանը,   1993թ-ից եղել է Ֆրանսիայի «Արարատ» Միգազգային ակադեմիայի թղթակից անդամը:
 
Մեծ է Բորիս Կարապետյանի դերը սերունդների կրթության և կադրերի պատրաստման գործում: 1971-1974թթ. նա դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1981–1994թթ. եղել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Երկաթբետոնե, քարե կոնստրուկցիաների և կառուցվածքների սեյսմակայունություն» ամբիոնի վարիչը: Նա ղեկավարել է 16 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսական աշխատանք:
 
Ակադեմիկոս Կարապետյանն իր բազմաբեղուն գիտական, գիտակազմակերպչական և մանկավարժական գործունեության համար պարգևատրվել է մի շարք կառավարական պարգևներով, մրցանակներով և դիպլոմներով: 1974թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ Պետական մրցանակ գիտության և տեխնիկայի ասպարեզում ունեցած նվաճումների համար: Նա նաև ԱՄՆ հայկական գիտական և ճարտարագիտական ընկերության Վ. Համբարձումյանի անվան մրցանակի դափնեկիր է:
 
      ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում ակադեմիկոս Բորիս Կարապետյանի հարազատներին և գործընկերներին:
 
Ակադեմիկոս Բորիս Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ից, «Մեմորիալ» սգո սրահում (հասցե՝ Այվազովսկու փողոց 14/4 (նախկին թաղման բյուրո)), հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):
 
13.12.2019թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play