Հայաստանի գազային ճեղքումը. ավելի լայն խողովակ


Հայաստանի գազային ճեղքումը. ավելի լայն խողովակ

  • 22-01-2020 18:20:28   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում գազի գնի շուրջ քննարկումները աշխուժացել են այն տեղեկության ֆոնին, որ Գազպրոմ Արմենիան հնարավոր է ապրիլի 1-ից հետո ներկայացնի գազի ներքին գինը բարձրացնելու հայտ: Ինչպես հայտնի է, 2020 թվականին գազի գինը սահմանին չի բարձրանա:
 
Դատելով Հայաստանի կառավարության եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանի հայտարարություններից, Երեւանը այդ հարցում դնում է ավելի մեծ խնդիր՝ ԵՏՄ միասնական էներգետիկ շուկա, ինչը պետք է ձեւավորի գնագոյացման միասնական մեխանիզմ, որը կվերացնի անհավասար մրցակցությունը, երբ Ռուսաստանի տնտեսվարողի համար գազը զգալի ավելի էժան է, քան Հայաստանի: Ռուսաստանը դիմադրում է ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ստեղծման գաղափարին, թեեւ այժմ խոսվում է, որ անցումը կլինի 2025 թվականին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առանց այդ միասնական տարածության վերանում է ԵՏՄ իմաստը:
 
 
Գազի գնի հարցը Հայաստանում լայնորեն փորձում է օգտագործել նախկին վարչակարգը իշխանությանը թիրախավորելու համար: Այնպես, ինչպես նախկինում այդ իշխանությանը թիրախավորում էր նախկին ընդդիմությունը: Մոտիվն այստեղ միանգամայն հասկանալի է:
 
Միեւնույն ժամանակ, Հայաստանի գազային «գարշապարը» խոցվել է հենց այդ իշխանության շրջանում, երբ գազի գնի հարց լուծելու անվան տակ քայլ առ քայլ հանձնվել է Հայաստանի դիմադրունակությունը: Մինչդեռ, անցնող մոտ երեք տասնամյակների ընթացքում հենց այդ հարցում դիմադրունակության ամրանդմանն ուղղված քայլերը թերեւս պետք է լինեին Հայաստանի պետականության ռազմավարական ուղղություններից եւ առաջնահերթություններից մեկը, ինչպես օրինակ բանակի կայացումը:
 
Այդուհանդերձ, իրավիճակն ունի մեկ այլ կողմ: Չնայած այդ պատկերին, մյուս կողմում հայ-իրանական կառուցված գազամուղն է, որն իր բոլոր խնդրահարույց կողմերով հանդերձ, այդուհանդերձ ֆիզիկապես կա եւ Հայաստանում է: Ընդ որում, օրինակ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում այդ մի գազամուղի ծրագրի իրականացումը շատ ավելի մեծ ու իրական ձեռքբերում է, քան մի քանի տարի շարունակ երկնիշ տնտեսական աճի թվերը, որոնք հաճախ է հիշատակում երկրորդ նախագահն ու նրա շրջապատը: Որովհետեւ այդ աճն իր զգալի մասով ուներ սպեկուլյատիվ բնույթ, ու նաեւ այդ աճը Ռոբերտ Քոչարյանը հավուր պատշաճի չօգտագործեց ներքին ռեֆորմներ գեներացնելու համար:
 
Բայց դա այլ հարց է: Վերադառնալով գազին, հայ-իրանական գազամուղն այդուհանդերձ կա, եւ դա եղել է նշանակալի ճեղքում՝ նախկին համակարգի բնույթի եւ դրանից բխող հնարավորությունների ու մոտիվների պայմաններում:
 
Նոր Հայաստանն ունի ավելիի կարիք ու նաեւ հնարավորություն: Հայաստանը երկարաժամկետ դիմադրունակության ձեւավորումը պետք է դիտարկի ռազմավարական առաջնահերթություն, ինչը նշանակում է այլընտրանքների հնարավորինս արագ ու բազմազան ձեւավորում: Տվյալ դեպքում ավելի լայն, տարանցիկ հնարավորությամբ գազամուղը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play