Մոլդավիայի խորհրդարանը մտադիր է մեկ անգամ եւս անցկացնել<br /> նախագահի ընտրություններ<br />


Մոլդավիայի խորհրդարանը մտադիր է մեկ անգամ եւս անցկացնել
նախագահի ընտրություններ

  • 03-06-2009 15:45:00   | Մոլդովա  |  Միջազգային
ՔԻՇՆԵՎ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոլդավիայի խորհրդարանը չորեքշաբթի երկրորդ անգամ երկրի նախագահ ընտրելու փորձ կձեռնարկի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Առաջին ընտրությունների ընթացքում, որ կայացան մայիսի 20-ին, կառավարող Կոմունիստների կուսակցության առաջադրած երկու թեկնածուներից ոչ մեկը չստացավ անհրաժեշտ 61 ձայն: Հիմնական թեկնածուն` գործող վարչապետ Զինաիդա Գրեչաննայան, ստացավ Կոմունիստների կուսակցությունից ընտրված 60 պատգամավորների քվեն, իսկ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել ընտրություններին: Ինչպես հաղորդվել է, կրկնական ընտրություններում նախագահի պաշտոնի համար առաջադրվել են գործող վարչապետ Գրեչաննայան եւ Ռուսաստանում Մոլդավիայի դեսպան Անդրեյ Նեգուցան: Ընտրությունները նշանակված էին մայիսի 28-ին, սակայն նիստը հետաձգվեց Կոմունիստների կուսակցության նախաձեռնությամբ: Կոմունիստներն իրենց որոշումը պատճառաբանում էին նրանով, որ այդ օրը Մոլդավիայում նշվում է Տիրոջ համբարձման օրը: Ընտրությունները մեկ շաբաթով հետաձգվեցին, միաժամանակ կոմունիստները առաջարկեցին երկխոսություն սկսել ընդդիմության հետ նախագահի ընտրության համար անհրաժեշտ աջակցություն (ընդամենը մեկ ձայն) ստանալու եւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կանխելու նպատակով: Սակայն, ընդդիմադիր երեք կուսակցություններից ոչ մեկը ոչ միայն չհամաձայնեց ձայն տալ նախագահի ընտրության համար, այլեւ երկխոսություն չսկսեց անգամ այդ թեմայով իշխանության հետ: Չորեքշաբթի ընդդիմությունը մտադրվել է լքել նիստերի դահլիճը եւ չմասնակցել նախագահի ընտրության գաղտնի քվեարկությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play